Ովքեր են «փոթորիկ բարձրացրել» Մարիա Զախարովայի գրառման ներքո. Վլադիմիր Կարապետյանը կրկին մանիպուլացնում է (Մաս 2)

article-image

Հունիսի 10-ին Factor TV-ի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողի՝ Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից ՌԴ արտգործնախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի կատարած՝ «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն» գրառմանը հետևած արձագանքների մասին հարցին, պատասխանել է.

«Այդ հակասական գնահատականների մի մասը հնչեցվել է նախկին հանցավոր իշխանության բեկորների կողմից։ Իսկ Մարիա Զախարովան հաստատեց իր խորին հարգանքը մեր իշխանությունների նկատմամբ, այն մտքերի նկատմամբ, որ վարչապետ Փաշինյանն էր արտահայտել»:

Մինչդեռ փաստերը խոսում են Վլադիմիր Կարապետյանի դեմ, քանի որ Մարիա Զախարովայի գրառման ներքո «փոթորիկ են բարձրացրել» հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ու կողմնակիցները, ինչպես նաև իշխանության տարբեր օղակներում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք։

Օրինակ՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի օգնական Ռուբեն Բանուչյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Լևոն Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակիցներ Լևոն Լևոնյանը և Վահե Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը, ՀՊՏՀ նորանշանակ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը, Նիկոլ Փաշինյանի աջակիցներ «Ռեստարտ» ՀԿ անդամ  Գարիկ Միսկարյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը,  «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ Գարեգին Միսկարյանը և Վահե Գևորգյանը։

Դեռ ավելին՝ Մարիա Զախարովայի գրառումից հետո ֆեյսբուքում «Զախարո՛վա, ներողությու՛ն խնդրիր» (#ЗахароваИзвинись) hashtag-ով ֆլեշմոբ-պահանջ նախաձեռնեց  Առողջապանության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականը՝ Աշոտ Սարգսյանը։

Հիշեցնենք նաև, որ Զախարովայի գրառման ներքո ակտիվ մեկնաբանություններ էին անում Ֆեյսբուք սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանին աջակցող և նրա «հակառակորդներին» հայհոյող կեղծ օգտահաշիվները։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Կարապետյանն իր պատասխանով հերթական անգամ փորձ է կատարել Նիկոլ Փաշինյանի և ներկայիս իշխանության աջակիցների, ինչպես նաև ներկայիս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնող անձանց խայտառակ և չմտածված վարքագիծը բարդել «նախկինների բեկորների» վրա՝ հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածության ալիքի բարձրացումը կանխելու համար։

Ստորև ներկայացնում ենքՆիկոլ Փաշինյանի աջակիցների և իշխանության տարբեր օղակներում պաշտոն զբաղեցնող անձանց ֆեյսբուքյան գրառումներն իրենց անձնական էջերում, ինչպես նաև Մարիա Զախարովայի գրառման ներքո արված մեկնաբանությունները.

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն