Ֆլորիդայի նահանգապետ Դեսանտիսը 24 ժամում 8.2 միլիոն դոլար է հանգանակել նախընտրական արշավի համար

article-image

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը 8,2 միլիոն դոլար է հանգանակել 2024 թվականի նախագահական մրցարշավին իր մասնակցության մասին հայտարարելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է The New York Times պարբերականը՝ հղում անելով քաղաքական գործչի նախընտրական շտաբին։

Ըստ պարբերականի՝ այդ մեծ գումարը վկայում է այն մասին, որ Դեսանտիսը կմնա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական հակառակորդը, որը նույնպես ներկայացրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար:

Բացի այդ, ինչպես նշում է պարբերականը, այդ թվերը վկայում են այն մասին, որ Twitter-ում Դեսանտիսի առաջադրումը պաշտոնապես հայտարարելու ժամանակ առաջացած տեխնիկական խափանումները «չեն թուլացրել դոնորների ոգևորությունը»։

Քարոզարշավի ընդամենը մեկ ժամում հաջողվել է հանգանակել 1 միլիոն դոլար։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը 2019 թվականին քարոզարշավի առաջին 24 ժամվա ընթացքում հանգանակել էր 6,3 միլիոն դոլար:

The New York Times-ի տվյալներով՝ այս նվիրատվությունների միջոցով Դեսանտիսն ակտիվորեն կսկսի իր նախընտրական արշավը. նահանգապետը հաջորդ շաբաթ կայցելի 12 քաղաքներ ԱՄՆ-ի երեք նահանգներում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Դեսանտիսը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր փաստաթղթերը ներկայացրել էր մայիսի 24-ին: Նա իր առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել է Twitter-ի իր էջում, ինչպես նաև Twitter Spaces հարթակում սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի և ձեռնարկատեր, ներդրող Դեյվիդ Սաքսի հետ զրույցում: Սակայն միջոցառման ընթացքում մասնակիցների մեծ թվի պատճառով լուրջ տեխնիկական խնդիրներ էին առաջացել:

Ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա նոյեմբերին։ Միացյալ Նահանգների NBC հեռուստաընկերության ապրիլյան հարցման տվյալների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունից ​​ընտրողների առնվազն 31%-ը փրայմերիզում (նախնական ընտրություններ) կպաշտպանի Դեսանտիսին, իսկ 46%-ը՝ Թրամփին։

Ապրիլի վերջին Բայդենը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին մասնակցելու համար:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն