.jpg)
Վաղ առավոտյան Կրասնոդարում պայթյուն է որոտացել. դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններն ու իրավապահ մարմինները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости»-ից, այս մասին հայտնել է Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
Մայիսի 26-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդել է Մորսկայա փողոցում 54/2 շենքի մոտ պայթյունի մասին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Վնասվել են շենքի տանիքն ու պատուհանները։
«Միջադեպի պատճառները պարզվում են։ Զոհեր և տուժածներ չկան։ Իմ հանձնարարությամբ տեղում գտնվում է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը», - գրել է Կոնդրատևը Telegram-ում։
Տարածաշրջանի ղեկավարը բոլոր բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել և վստահել միայն տեղեկատվության ստուգված աղբյուրներին։
Կրասնոդարի կառավարման մունիցիպալ կենտրոնի Telegram ալիքում հերքել են Մորսկայա փողոցից բնակիչներին տարհանելու մասին լուրերը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը, պայթյունից վնասվել են գրասենյակային և բնակելի շենքերը։