Իշխանությունների հերթական սխալը. Արդյո՞ք Հայաստանի վրա «էժան» կնստի ՌԴ դեսպանին անտեղի քննադատության ենթարկելը

article-image

Հունիսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրել էր, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի և անցել է տետ-ա-տետ ձևաչափով։

ՌԴ դեսպանի այս քայլը որոշ շրջանակներում միանշանակ չընդունվեց` հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ վերջին մեկ տարվա իրադարձությունները: Այդ պատճառով ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր. «Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ»:

Հանդիպման իրողությունը բացասաբար էր ընդունվել իմքայլական պատգամավորների և մերձիշխանական շրջանակների կողմից:

Հանդիպմանը արձագանքել է նաև ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան ասել է. «Չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը»:

Դեսպանի այս հանդիպման հարցը քննարկվել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հատարարել է, որ այդ հանդիպումը իր համար տարակուսելի է և ողջունելի չէ: Իսկ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանն էլ, ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչու դեսպանը չի հրավիրվել ԱԳՆ, պատասխանել է, որ «դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևիցե կտրուկ առարկություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»:

Ավելի ուշ, Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում է. «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն:»:

Ստացվում է, որ արտգործնախարարությունը, ի դեմս փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի, գտել է, որ դեսպանի հանդիպման մեջ որևէ խնդրահարույց բան չկա: Բայց, հաշվի առնելով ներկայիս իշխանությունների վերաբերմունքը և տրամադրությունները Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ`այնուամենայնիվ, դեսպանը կանչվել է գերատեսչություն` ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

«Դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի 1961թ. Կոնվենցիայի 3-րդ կետում ամրագրվում է դեսպանի` հյուրընկալ պետությունում համապատասխան գործունեություն ծավալելու իրավունքը. «Բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադարձությունները եւ դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը»:

Ըստ այդմ, հանդիպումը համապատասխանում է Կոնվենցիայի վերոնշյալ դրույթին, և ակնհայտորեն հակասում է ԱԳՆ-ում դեսպանի հետ զրույցի թեմային:

Հատկանշական է, որ նմանատիպ հանդիպումներ եղել են նաև նախկինում, (օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԱՄՆ դեսպաններ Մարի Իվանովիչի, Ջոն Հեֆերնի հետ և այլն) ինչը չի հարուցել նմանատիպ դժգոհություն իշխող վերնախավի մոտ ընդդիմության նկատմամբ:

Շատերը կարծում են նաև, որ այդ հանդիպմամբ դեսպանը նվազեցրել է ՌԴ դեսպանության վարկանիշը Հայաստանում: Սակայն իշխանությունների այս հերթական «հիստերիայի» հետևանքները իրենց զգացնել կտան երկկողմ միջպետական հարաբերություններում, երբ Հայաստանի իշխանական վերնախավը հերթական անգամ անուշադրության մատնվի գլխավոր դաշնակից պետության կողմից:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն