Fip.am-ը մանիպուլացնում է. ինչպես է պատահել, որ Վահե Գրիգորյանը պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է դատախազի օգնականի պաշտոնում, ապա ընդգրկվել դատախազների պիտանիության ցուցակում

article-image

Երեկ՝ հունիսի 18-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցը՝ ուղղված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին, միակ հարցն էր, որին Գրիգորյանը պատասխանեց ակնհայտ վարանմունքով: Պարզ դարձավ, որ Գրիգորյանի մոտ իր զինվորական ծառայության հետ կապված ժամանակաշրջանն իր կենսագրության, թերևս, մութ կետերից է:

Պատգամավոր Գորգիսյանի հարցի էությունն այն էր, թե արդյո՞ք Գրիգորյանի՝ զինվորական ծառայության զորակոչվելուց մեկ ամիս անց Արցախի զինվորական դատախազությունում դատախազի օգնական նշանակվելու գործընթացում կոռուպցիոն ու հովանավորչական երևույթներ առկա չեն: Գորգիսյանը հայտնեց նաև, որ առկա է Ռոբերտ Քոչարյանի կողմից 1999 թ. ստորագրված պիտանելիության հրամանագիր, որում հաստատված ցուցակում 103-րդ տեղը զբաղեցնում է Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը հայտնեց, որ ինքը հրաման է կատարել։ Փաստորեն իրեն հրամայել են, որ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն ինքը պետք է տաքուկ աշխատասենյակում, առանց տեղաշարժման իրավունքի սահմանափակման ծառայություն անցնի։

Այս ամենը հետին պլան մղելու համար իշխանական մի շարք լրատվամիջոցներ և fip.am հարթակը, սկսեցին մանիպուլյացիոն մեթոդներով մեծ հնչեղություն ստեղծել պատգամավոր Գորգիսյանի հարցի միայն մի մասի շուրջ, այն էլ՝ ընդամենը մեջբերված փաստաթղթի առումով: Տեղեկատվական հարթակները սկսեցին մեկը մյուսի հետևից դաշտ սպրդել միտք, թե Գևորգ Գորգիսյանը խեղաթյուրել է փաստերը՝ իբր պնդելով, թե նույն ցուցակում առկա Միշա Գրիգորյանը հենց Վահե Գրիգորյանի հայրն է, և պիտանելիության ցուցակը նույնացրել է առաջխաղացման ցուցակի հետ:

Իսկ ի՞նչ էր իրականում ասում Գևորգ Գորգիսյանը. ոչ հաստատված փաստի տեսքով, և ճշտող հարցադրմամբ հետաքրքրվում էր, թե արդյո՞ք ցանկի 101-րդ համարը Գրիգորյանի հայրն է, և եթե այո, ապա արդյո՞ք հայրը, լինելով դատախազ, չի միջամտել որդու՝ պարտադիր զինվորական ծառայությունը բարենպաստ միջավայրում և դատախազական աշխատասենյակում կազմակերպելու և դատախազական լիազորություններով նրան օժտելու համար:

Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մարդն իր հայրը չէ, իր հայրը բանվոր էր, իսկ մայրը՝ հաշվապահ: Այսինքն՝ Գրիգորյանը պատասխանեց հարցի միայն մի՝ հոր հետ կապված հատվածին, իսկ թե ինչպես է պատահել, որ ՍԴ դատավորի թեկնածուն պարտադիր զինվորական ծառայությունը անցկացրել է դատախազական աշխատասենյակում, պատասխանը սահմանափակվեց նրանով, որ հրաման է կատարել։

Ինչ վերաբերվում է քննարկվող ցուցակին, ապա անհրաժեշտ է նշել, որ Գորգիսյանի փոխանցմամբ ինքը հետաքրքրվել է, և իրեն հայտնել են, որ պիտանելիության ցուցակը, ըստ էության, հենց առաջխաղացման ցուցակն է: Գորգիսյանը չի խեղաթյուրել փաստերը, ինչպես պնդում է fip.am-ը, քանի որ նշել է, որ իրեն այդպես են ներկայացրել։

Հիմնական ուշադրությունը բևեռելով այս «խեղաթյուրման» վրա՝ փաստերը ստուգող հարթակը հատուկ հմտությամբ անուշադրության մատնեց հարցի գլխավոր հատվածը, այն է՝ ինչպես է իր պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել Վահե Գրիգորյանը:

Ինչ վերաբերվում է պիտանիության և առաջխաղացման ցուցակներին և դրանց նշանակությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ պիտանիության ցուցակը կատարում է հենց առաջխաղացման ցուցակի դեր, քանի որ դատախազների պիտանիության ամենամյա ցուցակում ընդգրկվում են բոլոր այն անձինք, ովքեր տվյալ տարում իրավունք են ստանում աշխատել դատախազությունում, հետևաբար՝ հայտնվել առաջխաղացման ցուցակում:

Վահե Գրիգորյանն իր կենսագրականում գրել է, որ դատախազությունում աշխատանքից ազատվել է 1998 թվականի դեկտեմբերին: Հստակ ամսաթիվը Գրիգորյանը չի հիշում, քանի որ նրա անձնական արխիվում դատախազի պաշտոնից ազատման հրամանը չի պահպանվել: Գրիգորյանը միաժամանակ նշել է, որ իր ազատման հրամանը արձակվել է ավելի ուշ, քան իր՝ ինքնակամ պաշտոնից ազատվելը, իսկ ավելի ստույգ՝ հենց այն ամսաթիվն է, երբ ավարտվել է նրա պարտադիր զինվորական ծառայությունը:

Ստացվում է, որ առանց իր իմացության՝ Վահե Գրիգորյանը (որը պնդում էր, թե չգիտի ինչ ցուցակի մասին է խոսքը) ընդգրկվել է դատախազների պիտանելիության ցուցակում 1999թ. համար, հետևաբար՝ իրավունք է ստացել դատախազի պաշտոնում աշխատել նաև 1999թ.-ին: Այս դեպքում հարց է առաջանում. եթե Գրիգորյանը 1998-ին արդեն զեկուցագիր էր ներկայացրել դատախազական պաշտոնից ազատման մասին, ապա ինչպե՞ս է ստացվել, որ նրան ընդգրկել են հաջորդ տարվա հաստատված ցանկում:

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի կողմից 1999 թ. ստորագրված պիտանիության ցուցակը Վահե Գրիգորյանի համար ունեցել է հենց առաջխաղացման ցուցակի դեր, քանի որ Գրիգորյանը իր զինվորական ծառայությունն ավարտել է 1998 թ. դեկտեմբերին, իսկ պիտանիության ցուցակում հայտնվել է 1999 թ. հունվարին։

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ պատգամավոր Գորգիսյանի ճշտող հարցադրումները ներկայացնելով որպես փաստերի խեղաթյուրում և մանիպուլյացիա` fip.am-ը հենց ինքն է մանիպուլացրել՝ փորձելով հետին պլան մղել Գորգիսյանի հարցադրումների հիմնական նպատակը, այն է՝ Վահե Գրիգորյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունը դատախազական սենյակում անցկացնելու հանգամանքը, ինչպես նաև պիտանիության ցուցակի՝ Վահե Գրիգորյանի համար ունեցած դերը։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն