Հունիսի 21-ին Հանրային Ռադիոյի պաշտոնական կայքի՝ armradio.am-ի «Ռադիոլուր» բաժնում հրապարակվել է Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում ընտրությանը, ՍԴ-ի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցին, ՍԴ անդամների՝ Վահե Գրիգորյանի ընտրության և ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու հայտարարության հետ կապված մեկնաբանություններին, հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անդրադարձներին, ԲԴԽ նոր անդամների ընտրությանը վերաբերող ռադիոհաղորդում, որը վերնագրվել է «Վերջնագիր Հրայր Թովմասյանին՝ ՍԴ շենքից դուրս» անվանումով։ Չնայած ռադիոհաղորդման բովանդակության մեջ ներառված բազմաթիվ թեմաներին՝ նյութի համար ընտրվել է այնպիսի վերնագիր, որը ներկայացնում է նյութում ներառված թեմաներից միայն մեկը՝ բողոքի ցույցը ՍԴ-ի դիմաց և դրա ընթացքում հնչած կոչը։
Նույն օրը այդ նյութը հրապարակվել է նաև Հայաստանի Հանրային Ռադիոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նույն՝ «Վերջնագիր Հրայր Թովմասյանին՝ ՍԴ շենքից դուրս» վերնագրով և գրառմամբ։
Այսօր՝ հունիսի 23-ին, ֆեյսբուքյան օգտատերերը նկարներ հրապարակեցին, որոնցից պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրային Ռադիոյի ֆեյսբուքյան էջում վերը նշված նյութը տեղադրվել է գովազդով։
Դա առաջացրել էր ֆեյսբուքյան օգտատերերի զայրույթը։ Վերջիններիս համոզմամբ՝ Հայաստանի Հանրային Ռադիոն հարկատուների վճարած հարկերի հաշվին իրավունք չունի գովազդի միջոցով տարածել քաղաքական կողմնապահություն ունեցող, ոչ իրավաչափ, անօրինական և սահմանադրությանը հակասող նյութ-կոչեր։
Թեմային անդրադարձել է նաև «Մեդիա պաշտպան»-ը՝ նշելով, որ Հայաստանի Հանրային Ռադիոն պարտավոր է զերծ մնալ քաղաքական նախասիրություններից և պահանջել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից ու Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից պատշաճ բացատրություն ներկայացնել խնդրի առնչությամբ և քայլեր ձեռնարկել օրենքի տառն ու էթիկայի նորմերը պահպանելու ուղղությամբ:
Այս պահի դրությամբ Հանրային Ռադիոյի էջում նյութի գովազդը դադարեցվել է, և էջում ակտիվ են թվով 4 այլ նյութերի գովազդներ։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ «Վերջնագիր Հրայր Թովմասյանին՝ ՍԴ շենքից դուրս» վերնագրով և գրառմամբ նյութի և՛ վերնագիրը, և՛ ֆեյսբուքում նյութի համար գովազդի տեղադրումը խախտում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Եվ այսպես, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը պարտավոր են` (…) hեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են (…) հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը, hեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության բարձրացմանը (…)»:
Ինչպես արդեն նշեցինք, «Վերջնագիր Հրայր Թովմասյանին՝ ՍԴ շենքից դուրս» վերնագիրը ստացած ռադիոհաղորման մեջ ներառված են մի շարք թեմաներ՝ Վահե Գրիգորյանի ՍԴ դատավորի պաշտոնում ընտրությունը, ՍԴ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցը, Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու հայտարարության հետ կապված ՍԴ անդամների մեկնաբանությունները, հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անդրադարձները և անգամ ԲԴԽ նոր անդամների ընտրությունը։ Սակայն նյութի համար ընտրվել է այնպիսի վերնագիր, որը ներկայացնում է նյութում ներառված թեմաներից միայն մեկը՝ բողոքի ցույցը ՍԴ-ի դիմաց, որի ժամանակ հնչում էին քաղաքական բնույթի և անօրինական կոչեր։ Որպես նյութի վերնագիր ընտրված նախադասությունը ՍԴ դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ներկայացված քաղաքական ուղղվածություն ունեցող և անօրինական պահանջն է։ Ուստի՝ Հանրային Ռադիոյի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութի վերնագիրը կողմնակալ է, ոչ օբյեկտիվ, պարունակում է անօրինական կոչ և ունի շփոթեցնող բնույթ։
Ինչ վերաբերվում է Հանրային Ռադիոյի կողմից ֆեյսբուքում տեղադրված գովազդին, ապա անհրաժեշտ է նշել, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը (…) յուրաքանչյուր տարի կազմում և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ առանձին նշելով Խորհրդին, հանրային հեռուստաընկերությանը և հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար: Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը հաստատում է Խորհուրդը՝ հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ:
Այսպիսով՝ Հանրային Ռադիոն որպես ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կառույց օգտագործել է հանրային միջոցները ակնհայտ կողմնակալ, ոչ օբյեկտիվ, քաղաքական ուղղվածություն ունեցող, անօրինական կոչ պարունակող վերնագիր ունեցող նյութը Հանրային Ռադիոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գովազդի միջոցով տարածելու համար։
Ուստի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պարտավոր է վերանայել հանրային միջոցների տնօրինման քաղաքականությունը, քաղաքացիների հարկերի միջոցով գործող Հանրային Ռադիոյի հրապարակումներն իրականացնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան