Նիկոլ Փաշինյանի կառավարության հակառուսականության նոր երանգները

article-image

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 23-29-ը Ստրասբուրգ (Ֆրանսիա) էր գործուղվել ՀՀ Աժ պատվիրակությունը, որի կազմում էին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ՝  4 հիմնական և 4 փոխարինող, և քվեարկելու 4 մանդատ։

Հունիսի 24-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի առաջին օրը խորհրդարանականները ավելի քան 8 ժամ քննարկեցին ու ընդունեցին բելգիացի պատգամավոր  Պետրա Դե Սուտերի զեկույցի հիման վրա բանաձև՝ հաստատելով ԵԽԽՎ անդամների քվեարկելու, խոսելու իրավունքը ԵԽԽՎ-ում ու նրա մարմիններում, որը չպետք է կասեցվի կամ դադարեցվի։

Ընդունված բանաձևի նպատակն էր Ռուսաստանին վերադարձնել ԵԽԽՎ, որի աշխատանքներին նրանք չեն մասնակցում 2014թ․-ից, երբ ԵԽԽՎ-ն  Ղրիմի «անեքսիայի» պատճառով զրկեցին նրանց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից։ Ռուսաստանը վերջին 2 տարիներին նաև չէր վճարում իր անդամավճարը, որը կազմում է տարեկան մոտ 30մլն եվրո, ինչը ֆինանսական ճգնաժամ էր առաջացրել կազմակերպությունում։

Հետաքրքիր էր ՀՀ պատվիրակության քվեարկությունը՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց բանաձևին։ Քվեարկության իրավունք ունեցող մյուս իշխանական  պատգամավորը չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը։ Ավելին, վեհաժողովի այս նիստը աննախադեպ էր նաև ելույթ ունեցող պատգամավորների թվով. ավելի քան 60 պատգամավոր հերթագրվել էր ելույթի համար, որոնց կազմում էր նաև իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, սակայն իր ելույթի պահին Իգիթյանը դահիլիճում չի եղել:

Մեկ օր անց` արդեն այսօր, Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ տեխնիկական սխալ է եղել. իրականում ցանկացել է կողմ քվեարկել, սակայն բանաձևին դեմ քվեարկություն է ստացվել:

Իրականում, Ռուբեն Ռուբինյանը  հենց դեմ է քվեարկել: ԵԽԽՎ նիստի ընթացքում քվեարկության ժամանակ սխալ քվեարկելուց հետո պատգամավորին հնարավորություն է տրվում ուղղել իր սխալը 10  վայրկյանի ընթացքում, ինչից չի օգտվել Ռուբինյանը: Եթե իր խոսքով սխալ է քվեարկել, ապա կարող էր ուղղել սխալը 10  վայրկյանի ընթացքում: Արդեն իսկ հաջորդ օրը, հերթական նիստի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավարը փորձել է մեղմել իրադրությունը` հայտարարելով իր «սխալի» մասին, սակայն վեհաժողովի աշխատանքներում նման ընթացակարգ չի նախատեսվում:

Պատվիրակության մյուս ներկայացուցիչը` դարձյալ իմքայլական Հովհաննես Իգիթյանը ,չի մասնակցել քվեարկությանը:

Պատվիրակության կազմում եղել են նաև փոխարինող 4 պատգամավորները: Եթե Հովհաննես Իգիթյանը չէր կարող մասնակցել նիստի աշխատանքներին, ապա ի՞նչ պատճառով 4 պատգամավորներից որևէ մեկը չի փոխարինել նրան: Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ Իգիթյանի՝ քվեարկությանը չմասնակցելը, ըստ էության, իշխանության դիրքորոշումն է այդ հարցի շուրջ։

Հարկ է նշել, որ հայկական պատվիրակության իշխանական թևի գործողությունները հակասում են իրենց իսկ հռչակած սկզբունքներին: Եթե պատվիրակությունը մեկնում է ամբողջական կազմով և լիարժեքորեն չի մասնակցում վեհաժողովի աշխատանքներին, ապա ի՞նչ անհրաժեշտություն կա պետական բյուջեի հաշվին մեկնել արտերկիր:

Այս զարգացումները տեղավորվում են վերջին շրջանում իշխանությունների ակնհայտ հակառուսական հայտարարությունների ու քայլերի տրամաբանության մեջ:

Դեռևս հունիսի սկզբին  ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում բանաձև էր ընդունվել «Աբխազիայից և Ցխինվալի շրջանից հարկադրյալ տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ` 15: 57 պետություններ, այդ թվում` Հայաստանը,  ձեռնպահ են մնացել։ Նախկինում Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել, և սա աննախադեպ քվեարկություն էր:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր հերթին Ազատության եթերում հայտարարել էր. «Այնպես չէ, որ նրանք չգիտեին, որ Աբխազիան զավթվել է իրենց ներկայությամբ, կամ Օսիան զավթվել է։ Արհեստականորեն քաղաքական օրակարգ ձևավորվեց, և ես չեմ կարծում, որ Վրաստանը սրանից շահեկան վիճակում դուրս կգա»: Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը իր հայտարարությունը պարզաբանեց` ասելով, որ ներկայացրել է վրացիների տեսակետը:

Այս ամենի համատեքստում ուշադրության է արժանի նաև Հայաստանում ՌԴ դեսպանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման շուրջ ծավալված հիստերիան իշխանական շրջանակներում:

Արտաքին քաղաքականության ոլորտում հակառուսականությունը պետական մակարդակով արդեն իսկ բացահայտ դրսևորումների նոր երանգներ է ստանում, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն