Մարտի 1-ի գործով ազատազրկվածի դուստր իմքայլական պատգամավոր Աննա Կարապետյանը եղել է ՀՀԿ-ական պատգամավորի օգնական

article-image

Հունիսի 26-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը լրագրողի դիտարկմանը, թե նախկին իշխանության ժամանակ ինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ էր և այդ ժամանակ երբեք չի բարձրաձայնել, որ կա Մարտի 1-ի բացահայտման հանրային պահանջ, ի՞նչ փոխվեց հիմա, ասաց, որ նախկինում ինքը պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալել հանձնաժողովում և քաղաքականությամբ չի զբաղվել:

«Ես մեծացել եմ քաղաքական ընտանիքում և ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներում։ Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է հիմա, թույլ տվեք այլևս չշարունակել», - ասաց նա:

Աննա Կարապետյանի հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ։ Նա մեղադրվել է ընտրությունների արդյունքների կեղծման մեջ՝ հօգուտ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի, և դատապարտվել 3 տարի ազատազրկման։

Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված Աննա Կարապետյանի կենսագրականից պարզ է դառնում, որ վերջինս 2015 թվականից մինչև 2018 թվականը եղել է պատգամավորի օգնական։

Աննա Կարապետյանը աշխատել է որպես «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը, ով 2014 թվականից եղել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Հատկանշական է նաև, որ այն ժամանակահատվածում, երբ Աննա Կարապետյանը աշխատում էր ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի մոտ որպես օգնական, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բազմաթիվ զեկույցներ է պատրաստել, քննարկումներ անցկացրել և անգամ ԵԽԽՎ զեկուցողներ ընդունել Մարտի 1-ի առնչությամբ, սակայն ոչ ոք չի հիշում, որ Աննա Կարապետյանն այդ ընթացքում հիշատակած լինի հորը։

Ուստի՝ լրագրողի հնչեցրած հարցի կապակցությամբ Աննա Կարապետյանի պատասխանը և այդ համատեքստում հորը՝ Սամվել Կարապետյանին հիշատակելը նվազագույնը անհասկանալի է։

Աննա Կարապետյանը, ինչպես ներկայիս իշխանության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, ՀՀԿ-ի իշխանության ժամանակահատվածում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, օգտվել է իշխանության «քաղցր պտուղներից», իսկ այժմ, երբ իշխանական լծակները իրենց ձեռքերում են, սկսում են հիշել նախորդ իշխանությունների «հանցագործ» գործունեության մասին և իրենց դնել զոհի կարգավիճակում։

Հոդվածի ռուսերեն  տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն