Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ խախտել է Սահմանադրությունը. վարչապետը իրավունք չունի բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու մասին որոշում կայացնել

article-image

Այսօր՝ հուլիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում է կայացրել զինվորական կոչումներ շնորհել։ Գրառման մեջ մասնավորապես նշվում է.

«ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
- Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»:

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին որոշումներ կայացնելը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ բարձրագույն սպայական կազմի մեջ ներառված են «գեներալ-մայոր», «գեներալ-լեյտենանտ», «գեներալ-գնդապետ», «բանակի գեներալ» զինվորական կոչումները։

Նույն օրենքի 16-րդ հոդվածի (Զինվորական կոչում շնորհող մարմինները) համաձայն.

1. Զինվորական կոչում շնորհում են`

1) Հայաստանի Հանրապետության նախագահը` բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ։  (…)

2. Բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը և պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:

3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:

6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` տվյալ զինծառայողին բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

Այսպիսով՝ սույն հոդվածների համալիր վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ «գեներալ-լեյտենանտ» և «գեներալ-մայոր» զինվորական կոչումները բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ են, որոնք շնորհելու ընթացակարգը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ առավել մանրամասն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով։

Ընթացակարգը հետևյալն է՝ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Ընդ որում, վարչապետի ներկայացրած առաջարկությունը նախագահը կարող է.

  • կամ եռօրյա ժամկետում ստորագրել,
  • կամ առարկություններով վերադարձնել վարչապետին։

Նիկոլ Փաշինյանի գրառումից պարզ է դառնում, որ նա բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությունների փոխարեն կայացրել է որոշումներ, որոնք ներկայացրել է Հանրապետության նախագահին ստորագրման։ Նրա գրառումից ակնհայտ է դառնում նաև, որ Հանրապետության Նախագահը միանշանակորեն ստորագրելու է արդեն իսկ կայացված «որոշումները»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ որոշումներ կայացնել Օնիկ Գասպարյանին գեներալ-լեյտենանտի, Թեմուր Շահնազարյանին գեներալ-մայորի, Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի, Վալերի Օսիպյանին գեներալ-մայորի, Գրիգորի Հայրապետովին գեներալ-մայորի զինվորական կոչումներ շնորհելու մասին։

Նա իրավունք չուներ նաև հայտարարել, որ զինվորական կոչումներ շնորհելու մասին իր կայացրած որոշումներն ուժի մեջ են մտնելու նախագահի կողմից համապատասխան հրամանագրեր ստորագրելու պահից, քանի որ զինվորական կոչումներ շնորհելու համար կան մի շարք ընթացակարգեր և նախագահի կողմից եռօրյա ժամկետում ստորագրելը տարբերակներից մեկն է միայն։

Վերոգրյալից կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, իր իրավասության շրջանակներին և Սահմանադրության օրվա նախօրեին ակնհայտ կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ դուրս գալով իր իրավասության շրջանակներից և ստանձնելով հանրապետության նախագահի գործառույթները։

Ցավալիորեն ՀՀ Սահմանադրությանը չեն տիրապետում նաև որոշ պաշտոնյաներ։ Օրինակ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ոգևորվելով իր վերադասին բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում շնորհելու հանգամանքից, Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը