Ինչո՞վ է զբաղվում «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի լրագրողը աշխատանքից դուրս (տեսանյութ)

article-image

Երեկ՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդանշական ակցիա՝ «Պահպանեք Սահմանադրությունը» խորագրով։

Ակցիայի մեկնարկը տրվել է Բաղրամյան 1 հասցեից, որտեղից ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Ակցիան նախատեսված էր նախագահի նստավայրի դիմաց, սակայն ոստիկանները խոչընդոտեցին ակցիայի իրականացումը այդ հատվածում, և ակցիան ընթացավ ոչ թե ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, այլ մի փոքր հեռու։

Ակցիայի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկի ելույթի ժամանակ, ով ներկայացնում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրության դրույթների խախտման դեպքերը, մասնավորապես՝ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված փաստաթղթերը չհրապարակելը, լրագրողների կանգնած հատվածից հարց հնչեց՝ մասնակցի ելույթի ընդհատմամբ. «Ինչի՞ էն ժամանակ չէիք բարձրաձայնում, երբ Սերժ Սարգսյանն էր նախագահականում նստած»։ Ակցիայի մասնակիցը շարունակեց ելույթը, իսկ կազմակերպիչներից Նարեկ Սամսոնյանը նշեց, որ հարցին պատասխան կտրվի ելույթի ավարտից հետո։

Ելույթի ավարտից հետո Նարեկ Սամսոնյանը, տեղեկանալով, որ հարցը հնչեցրել է Նարեկ Կիրակոսյանը, որը աշխատում է «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնում որպես լրագրող, անդրադառնալով հարցին, նշեց. «Ես քո հարցին շատ կարճ պատասխանեմ, մեր ակցիան վերջացնենք և մյուսների հարցերին պատասխանենք։ Ով քեզ ասել է, որ մենք ժամանակին չենք ասել, որ Արմեն Սարգսյանի առաջադրումը խնդրահարույց է այդ կետով, ստել է, նենգաբար ստել է։ Մենք ասել ենք ժամանակին, և այն մարդիկ, ովքեր չեն հիշում, իրենց խնդիրն է, ու կարծում եմ՝ նաև այն լրագրողների խնդիրն է, ովքեր պարտավոր են ինչ-որ մի բան անելուց առաջ լավ «research» անեն, նոր հարց տան։ Հետևաբար՝ մի ասեք։ Մենք ասել ենք դրա մասին, անգամ ես ունեմ հարցազրույց, որը տեսաձայնագրված է և կա։ Դրա համար նայեք…»։

Նարեկ Կիրակոսյանը, կրկին ընդհատելով, հարց տվեց. «Այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն էր այստեղ նստած, դուք այստեղ ցույցեր անու՞մ էիք»։

Նարեկ Սամսոնյանը պատասխանեց. «Ահա, նորից, ցավոք սրտի, հարգելի Նարեկ Կիրակոսյանի լրագրողական իրազեկվածության պակասի հետ գործ ունենք։ Նարեկ ջան, երևի դու այդ ժամանակ ուսանող էիր կամ դպրոցում էիր սովորում, երբ ես 2008-ից սկսած, 2007-ից սկսած այս նստավայրի դիմաց…»։

Նարեկ Կիրակոսյանը Նարեկ Սամսոնյանի պատասխանին զուգահեռ նորից հարց ուղղեց՝ ընդհատելով իր տված հարցի պատասխանը. «2018 թվականի մայիսին, երբ Արմեն Սարգսյանը առաջադրվում էր նախագահ, ցույցեր արե՞լ եք»։

Նարեկ Սամսոնյանը պատասխանեց. «Նարեկ ջան, հարց ես տվել, թող պատասխանենք, ասում ես՝ արե՞լ եք, ասում եմ՝ արել ենք, և որ դու չգիտես, դա քո խնդիրն է, ոչ թե մեր։ Մի՛ խառնեք մեզ նախկին իշխանությունների հետ, մի՛ խառնեք մեզ հանրապետականների հետ։ Դա ձեզ շատ է դուր գալիս, բայց իրականության հետ աղերս չունի։ Ես այնքան եմ արել, Նարեկ, վստահ եղիր՝ դու այդքան նախագահականի դիմաց ակցիա չես լուսաբանել, ինչքան ես արել եմ ակցիա նախագահականի առաջ՝ շատ կոշտ ու շատ կոպիտ բաներով։ Ի դեպ, դրա պատճառով բուհից եմ հեռացվել մի անգամ, Նարեկ, որը դու էլի չգիտես, եթե ուզում ես, ես կարող եմ իմ աշխատասենյակում քեզ ընդունել ու շատ երկար պատմություն պատմել դրա մասին։ Ու եթե մի բանը չգիտեք, կամ եթե մի բանը ձեզ ասում են, որ ասեք, ասում եք, բայց մի տարածեք դա բոլորի վրա։ Բոլորը չեն, որ ձեր պատկերացումների մեջ են մտնում։ Լրագրող եք, խնդրում եմ, մի վիրավորեք լրագրողական այն տրամաբանությունը, որը ենթադրում է, որ լրագրողը մեկին հարց տալուց առաջ պետք է իմանա բազմաթիվ բաներ»։

Նարեկ Կիրակոսյանը շարունակեց. «Ես հիմա աշխատանքի մեջ չեմ, ու իմ հարցը հետևյալն է…»։

Նարեկ Սամսոնյանը կոչ արեց շարունակել ակցիան, սակայն Նարեկ Կիրակոսյանը՝ նորից ընդհատելով ակցիայի բնականոն ընթացքը, լրագրողների կանգնած հատվածից տեղից շարունակեց. «Ես ասում եմ իմ հարցը հստակ հետևյալն է, մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը…»։

Նարեկ Սամսոնյանը տեղեկանալով, որ Նարեկ Կիրակոսյանը հայտարարել է, որ աշխատանքի մեջ չէ, ասաց, որ հետո կպատասխանի հարցերին, սակայն Նարեկ Կիրակոսյանը շարունակում էր զուգահեռաբար խոսել։

Նարեկ Սամսոնյանի այն հարցին, թե որտեղ է աշխատում, Կիրակոսյանը պատասխանում էր, որ ինքը աշխատանքի մեջ չէ։ Սամսոնյանի ճշտող հարցադրմանը, թե այժմ աշխատում է «Ֆակտոր»-ում, Կիրակոսյանը պատասխանեց. «Այո, բայց ես այս պահին ախատանքի մեջ չեմ»։ Նարեկ Սամսոնյանը ողջույններ փոխանցեց Սորոսին և Լարիսա Մինասյանին, ով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարն է, որից ֆինանսավորվում է «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը։ Նարեկ Սամսոնյանը նշեց, որ Նարեկ Կիրակոսյանը խանգարում է, և խնդրեց, որ ոչ աշխատանքային ժամին գնա և ճշտի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդքան շատ ուտում։ Ավելի հետաքրքիր կլինի ոչ աշխատանքային ժամին ու մի խանգարիր»։

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը, ով ինչպես ինքը նշեց, իր ոչ աշխատանքային ժամին լրագրողների շարքերից հարցեր էր տալիս և ելույթ ունեցողների հետ զուգահեռաբար խոսում, Նարեկ Սամսոնյանի՝ չխանգարելու կոչից հետո ևս շարունակում էր խոսել և խանգարել ակցիայի բնականոն ընթացքին։

Այդ ամենը հաշվի առնելով՝ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց. «Ժողովու՛րդ, խնդրում եմ, եկեք ֆիքսենք, որ այս մարդը եկել է այստեղ խանգարելու, արդեն Լարիսա Մինասյանի աշխատողները «պռովոկատոր» են աշխատում աշխատանքից դուրս։ Նարեկ Կիրակոսյանը խանգարում է մեր ակցիան՝ չլինելով աշխատանքի մեջ՝ Լարիսա Մինասյանի աշխատող Նարեկ Կիրակոսյանը։ Խնդրում եմ, Նարեկ ջան, մի՛ խանգարիր։ Եթե ես իմանայի՝ աշխատանքի մեջ չես, չէի էլ պատասխանի»։

Սրանից հետո ակցիան շարունակվել է իր բնականոն հունով։

Ակցիայի ավարտից հետո Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել այս դեպքի առնչությամբ.

« Factor.am-ի լրագրողն աշխատանքից դուրս պռովոկատոր է աշխատում

Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանն այսօր մեր ակցիայի ժամանակ ելույթ ունեցող մարդուն ընդհատելով հարց էր ուզում տալ ես կանխեցի հարցը, որին ելույթից հետո պատասխանեցի: Վերջում պարզվեց, որ Նարեկ Կիրակոսյանը ոչ միայն սադրիչ հարց էր տալիս, որն իրականությունից շատ հեռու է, այլև Նարեկ Կիրակոսյանն անգամ «աշխատանքի մեջ չէր»: Այսօր կամ վաղը երեկոյան ուղիղ եթերով կխոսեմ սույն պռովոկատոր-«լրագրողի» և իր աշխատավայրի աշխատաոճի մասին»:

Իսկ Նարեկ Կիրակոսյանը, անդրադառնալով այս գրառմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
« Այսօր Բաղրամյան պողոտայով անցնելիս՝ նախագահի նստավայրի մոտ, հանդիպել եմ մի խումբ անձանց ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում:

Այդ ընթացքում աշխատանքի մեջ չեմ եղել, սակայն ակցիան հետաքրքրել է եւ փորձել եմ որպես քաղաքացի հասկանալ, թե ինչ է կատարվում: Պարզվեց, որ մի քանի հոգի նախագահ Արմեն Սարգսյանին մեղադրում են ՀՀ քաղաքացիության հետ կապված խնդիր ունենալու համար:

Իմ մոտ տրամաբանական հարց է առաջացել եւ այդ ելույթ ունեցողից հետաքրքրվել եմ, թե ինչու՞ նախկինում, երբ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանն էր նստած այդ խնդիրը չէին բարձրաձայնում, նախագահական նստավայրի մոտ ակցիաներ չէին իրականացնում: Կարճ ասած՝ Ba Serji vaxt ur eiq?

Իմ հարցն անսպասելի էր, այդ անձիք որեւէ հիմնավոր պատասխան չտվեցին: Փոխարենը հիմա սկսել են ֆեյսբուքում ստատուսներ գրել, ինձ համարում են սադրիչ: Պարզապես՝ :)»։

Նարեկ Կիրակոսյանի այս գրառմանն արձագանքել են մի քանի լրագրողներ՝ Կիրակոսյանի գրառումն ընդունելով որպես բացարձակ իրողություն։

AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում, ինչպես է ստացվել, որ լինելով աշխատանքից դուրս՝ Նարեկ Կիրակոսյանը լրագրողների շարքերից հարցեր է ուղղել ակցիայի մասնակիցներին, արդյո՞ք վերջինս իսկապես անցնելիս է եղել Բաղրամյանով և պատահաբար է իմացել ակցիայի մասին ու միացել լրագրողներին։ Ի վերջո, ո՞րն է եղել Նարեկ Կիրակոսյանի մոտիվացիան։ Ուսումնասիրության արդյունքում բացահայտվեցին շատ հետաքրքիր դրվագներ, որոնք ցուցադրված են տեսանյութում։

Ուսումնասիրելով ակցիայի տեսաձայնագրությունները՝ բացահայտեցինք, որ Նարեկ Կիրակոսյանը ակցիայի ընթացքին մասնակցել է այն պահից, երբ ոստիկանները խոչընդում էին «Պահպանեք Սահմանադրությունը» ակցիայի մասնակիցների խաղաղ հավաքի իրականացումը ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց։ Այսինքն՝ նախատեսված ակցիայի ամենասկզբից (00:15 ր-ից) Նարեկ Կիրակոսյանը հեռախոսով ինչ-որ գործողություն անելով մոտենում է ոստիկանների շարքին և ուշադիր հետևում խոսակցությանը։ Դրանից հետո Նարեկ Կիրակոսյանը տեղափոխվում է լրագրողների և օպերատորների կանգնած հատվածը և շարունակում է ընթացքին հետևելը (00:53 ր-ից) Դրանից հետո Նարեկ Կիրակոսյանը հեռանում է ակցիայի վայրից դեպի նախագահական նստավայրի աջակողմյան հատվածը, որտեղ հեռախոսով կրկին ինչ-որ գործողություններ է անում (01:19 ր-ից), կրկին վերադառնում է ակցիայի վայր՝ լրագրողների մոտ (01:36 ր-ից), կրկին քայլում է դեպի նախագահի նստավայրի աջակողմյան հատված՝ հեռախոսով զրուցելով (01:48 ր-ից), դրանից հետո կրկին քայլելով վերադառնում է հավաքի մասնակիցների մոտ` հեռախոսով զրուցելով (02:20 ր-ից)։ Դրանից հետո վերադարձել է օպերատորների և լրագրողների կանգնած հատվածը և լրագրողների շարքերից հարց ուղղել՝ ընդհատելով  ակցիայի՝ ելույթ ունեցող մասնակցին (03:11 ր-ից)։

Նարեկ Կիրակոսյանի՝ ակցիայի մեկնարկից (առաջին անգամ տեսանյութում հայտնվելուց) մինչև իր հարցն ուղղելու ժամանակահատվածը մոտավորապես 15 րոպե է (ամբողջական տեսանյութը՝ այստեղ), որի ընթացքում նա մի քանի անգամ հեռացել է ակցիայի վայրից և վերադարձել՝ ամբողջ ընթացքում տարբեր գործողություններ անելով հեռախոսով։ Ուստի՝ Նարեկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ արված այն պնդումը, թե նա պատահական անցնելիս է եղել, լսել է ելույթը, որից հետո իր մոտ հարց է առաջացել, ինչը ցանկացել է բարձրաձայնել, չեն համապատասպանում իրականությանը, ինչը հիմնավորվում է նրա՝ ակցիայի սկզբից առնվազն 15 րոպե ակցիային ներկա լինելով, անընդհատ հեռանալով և վերադառնալով։

Հաջորդը, Նարեկ Կիրակոսյանը թե՛ ակցիայի ընթացքում և թե՛ իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ այդ պահին նա աշխատանքի մեջ չի եղել։ Եթե հավատանք վերջինիս, ապա ստացվում է, որ ակցիայի մեկնարկից մինչև այն պահը, երբ վերջինս հայտարարել է, որ աշխատանքի մեջ չէ, դրսևորել է այնպիսի վարքագիծ, որպեսզի տպավորություն ստեղծի, թե իրականացնում է իր լրագրողական աշխատանքը, քանի որ ակցիայի սկզբում նա ակցիայի ընթացքին հետևել է ոստիկանական շարքի հետևից, մինչդեռ ոստիկանները թույլ չէին տալիս ակցիայի սովորական մասնակիցներին անցնել այդ հատվածը, դրանից հետո Նարեկ Կիրակոսյանը տեղավորվել է լրագրողների և օպերատորների հատվածում, դրանից հետո ազատ տեղաշարժվել է ոստիկանական պատնեշից այս կողմ և այն կողմ։ Իր հարցն էլ հնչեցրել է լրագրողների հատվածից՝ տպավորություն ստեղծելով, թե իրականացնում է իր լրագրողական գործունեությունը։ Իսկ իր՝ աշխատանքի մեջ չգտնվելու մասին հայտնել է մի քանի անգամ իր ցանկալի հարցը հնչեցնելուց և Նարեկ Սամսոնյանի կողմից մի քանի րոպե պատասխան լսելուց հետո, մասնավորապես այն բանից հետո, երբ Նարեկ Սամսոնյանը պատասխանում նշեց. «Լրագրող եք, խնդրում եմ, մի վիրավորեք լրագրողական այն տրամաբանությունը, որը ենթադրում է, որ լրագրողը մեկին հարց տալուց առաջ պետք է իմանա բազմաթիվ բաներ»։

Ուշադրության է արժանի նաև այն, որ Նարեկ Կիրակոսյանը, սկզբումմի քանի անգամ ընդհատելով  ելույթ ունեցողին, ապա իր հարցին պատասխանող Նարեկ Սամսոնյանին պարբերաբար կրկնել է նույն հարցը՝ փորձելով սադրել, չնայած հանգամանալից պատասխանին։

Հետաքրքիր է նաև, որ Նարեկ Սամսոնյանի խնդրանքից հետո, որ Նարեկ Կիրակոսյանը չխանգարի ակցիայի ընթացքին, վերջինս շարունակել է պնդել իր հարցը և խոսել Նարեկ Սամսոնյանի ելույթին զուգահեռ։

Նարեկ Կիրակոսյանը ավելի ուշ ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է, որ իր հարցը անսպասելի է եղել, և որ այդ անձինք որևէ հիմնավոր պատասխան չեն տվել։

Մինչդեռ, ակցիայի կազմակերպիչ Նարեկ Սամսոնյանը հանգամանալի պատասխան է տվել նրա հարցին, որի սղագրությունը ներկայացված է վերևում, ինչպես նաև առկա է տեսանյութում։

Այսինքն՝ վերը նշված իրավիճակից կարելի է հետևություն անել, որ Նարեկ Կիրակոսյանը ակցիայի ընթացքում և հարցը հնչեցնելիս չի եղել «պատահական և հետաքրքրված անցորդի» կարգավիճակում, ունեցել է ակցիայի բնականոն ընթացքը խոչընդոտելով, ելույթ ունեցողներին ընդհատելով, լրագրողական աշխատանքի մեջ չգտնվելով,  լրագրողների շարքերից իր հարցը ամեն գնով հնչեցնելու, ինչպես նաև հետագայում իր հարցին հանգամանալից պատասխան չստանալու մասին հայտարարելու մտադրություն։

Նարեկ Կիրակոսյանի ներկայացրածին տուրք են տվել լրագրող գործընկերները՝ չիմանալով ամբողջ եղելությունը։

Հիշեցնենք, որ Նարեկ Կիրակոսյանն աշխատում է «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնում որպես լրագրող։ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից, որը Հայաստանում ունի ոչ միանշանակ վարկ։ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, ունենալով ահռելի ֆինանսավորում և բավականին բարձր տեխնիկական հագեցվածություն, երբևէ չի լուսաբանել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացրած ակցիաները։

Իսկ «Ֆակտոր»-ի լրագրողը աշխատանքային ժամից դուրս դրսևորում է այնպիսի վարքագիծ՝ որը պատիվ չի բերում իրեն և լրագրողի մասնագիտությանը։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն