Նիկոլ Փաշինյանի անունից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակը կեղծ է, իսկ «նոր հեղափոխություն» Հայաստանին չի սպառնում. gosnews.ru կայքը ապատեղեկատվություն է տարածում

article-image

Հուլիսի 1-ին gosnews.ru կայքում հրապարկվել է «Նոր հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է» (НОВАЯ РЕВОЛЮЦИЯ В АРМЕНИИ НЕИЗБЕЖНА) վերնագրով հոդված, որում արված վերլուծությունները ոչ միայն մակերեսային են և սիրողական մակարդակի, այլ ներկայացված պնդումների մեծ մասը աբսուրդի ժանրից են, ակնհայտ սուտ, իսկ կից նամակը, որը ներկայացվում է որպես ամբողջ հոդվածում առաջ քաշած թեզերը հիմնավորող ապացույց, կեղծ է։

Հոդվածում գրվել են մի շարք պնդումներ Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական, տնտեսական իրավիճակի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական էլիտաների միջև եղած հարաբերությունների մասին, որոնց հիման վրա հոդվածագիրը առաջ է քաշել երկու թեզ. առաջինը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար Արցախի Հանրապետության քաղաքական էլիտան դավադրություն է մշակում, և երկրորդը, համաձայն որի՝ որպես ստեղծված «անելանելի դրությունից դուրս գալու տարբերակ» Նիկոլ Փաշինյանը որոշել է հանձնել Արցախը՝ նոր հեղափոխությունը կանխելու համար։ Իսկ որպես այս ամենի ապացույց ներկայացվում է մի նամակ, որն իբրև Նիկոլ Փաշինյանը գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Առաջին, Արցախի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար ծրագրվող դավադրության մասով անհրաժեշտ է նշել, որ սա պարզամիտ սուտ է, քանի որ Արցախի իշխանությունները որևէ լծակ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ Բակո Սահակյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու համար ներկայացրած երաշխավորության մասով անհրաժեշտ է նշել, որ սա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավական գործընթաց է և չի նշանակում միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Երկրորդ, որպես «նոր հեղախությունը» կանխելու միջոց հոդվածագիրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հանձնել Արցախը, որպեսզի Արցախի իշխանությունները անգամ չփորձեն մտածել իր իշխանությունը տապալելու մասին։ Այս պնդումը ևս սուտ է, քանի որ Հայաստանում «նոր հեղափոխության» ծիլեր դեռևս նկատելի չեն։

Եվ այս ամենը Ստոլտենբերգին հասցեագրված նամակով հիմնավորելը անհեթեթ է դարձնում ամբողջ հոդվածը, երբ պարզ է դառնում, որ նամակը կեղծ է։

Նամակի կեղծ լինելու մասին մեզ հայտնեցին Ազգային անվտնագության ծառայությունից և Արտաքին գործերի նախարարությունից, սակայն այլ տեղեկություններ, մասնավորապես, թե ում կողմից կարող է գրված լինել նամակը, արդյոք քրեական գործ հարուցվել է նամակի հիման վրա, թե ոչ, չհաջողվեց պարզել։ Իսկ վարչապետի մամլո խոսնակի հետ չհաջողվեց կապ հաստատել։

Նամակում մասնավորապես նշված է.«…Հայաստանի և ՆԱՏՕ–ի մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ վիճահարույց տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է։ Այդ խոչընդոտը կվերացվի մեկ տարվա ընթացքում։ Հակամարտության գոտուց ՀՀ ԶՈւ–ն դուրս բերելու և տարածքների վերահսկողությունն ադրբեջանական կողմին հանձնելու վերաբերյալ մշակված ծրագրի շրջանակում կառաջարկվի համաժողովրդական հանրաքվեի դնել Երևանի կողմից Արցախին հետագայում աջակցելու նպատակահարմարության հարցը։ Անկասկած նման նախաձեռնությունը Հայաստանի հասարակության մեծամասնության բացասական վերաբերմունքին կարժանանա, և մեր կողմից վերահսկվող հատուկ խմբերը բողոքի ցույցեր կնախաձեռնեն ներքին անկայունության պատրանք ստեղծելու համար և համոզիչ նախադրյալներ կստեղծեն Լեռնային Ղարաբաղից զորքերը դուրս բերելու համար։

Իմ հերթին, խնդրում եմ Ձեր աջակցությունը Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորություններն ապահովելու մասով, համաձայն որի՝ իր կողմից վերահսկողությունը պետք է վերականգնվի միայն Լեռնային Ղարաբաղի տարածքի 50%-ի վրա։ Միևնույն ժամանակ վերահաստատում եմ Հայաստանի կառավարության համաձայնությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածը դառնա չեզոք բուֆերային գոտի՝ ինքնավարության կարգավիճակ ստանալու հնարավորությամբ։ Բացի դա, հույս եմ հայտնում, որ Դուք կվերահսկեք Ադրբեջանի գործողությունները ձեռք բերված համաձայնությունների խախտումները թույլ չտալու նպատակով։»։

Նամակի կեղծ լինելուն անդրադարձել էր նաև տեղեկատվության անվտանգության ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ով իր ֆեյբուքյան էջում գրել էր. «Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։ Թե բա ուզում ենք Նատոյի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։ …»։

Այս ամենով հանդերձ, վերջում հոդվածագիրը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանում ամեն դեպքում նոր հեղափոխությունն անխուսափելի է։

Այսպիսով՝gosnews.ru կայքում հրապարակված «Նոր հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է» վերնագրով հոդվածը գրվել է անհեթեթ և մտացածին թեզերի և այդ թեզերը հիմնավորող կեղծ նամակի վրա, որը հետապնդում է հստակ քարոզչական նպատակ։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն