Որտեղի՞ց է փչում «բռնությունների» քամին, ինչ կապ կա դրանց և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման միջև. իշխանականները իրարամերժ կարծիքներ են հայտնում

article-image

Վերջին օրերին համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը սեռական բռնությունն էր ու դրա հնարավոր կապը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ:

AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե որտեղից է փչում «բռնությունների» քամին, ինչ կապ կա դրանց հանրայնացման և Ստամբուլյան կոնվենցիայի միջև, արդյո՞ք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը իշխանությունների օրակարգում է, թե ոչ, ինչ են ասում մասնագետները և ինչ դիրքորոշումներ ունեն «իմքայլականները» այս հարցերի շուրջ։

Սեռական բռնությունների թեման ակտիվորեն սկսվեց քննարկվել, երբ լրագրող Լյուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում սկսեց բռնության ձայնը հեշթեգով անանուն պատմություններ հրապարակել:

Ըստ Լյուսի Քոչարյանի՝ նա, զգայուն լինելով բռնությունների հանդեպ, անտարբեր չէր կարողացել անցնել ազգությամբ չեխ Էվայի պատմության նկատմամբ, ում Վանաձորում փորձել էին սեռական բռնության ենթարկել, ուստի Լյուսին դեպքին անդրադարձել էր իր գրառմամբ: Տվյալ գրառմանը հաջորդել էին սեռական բռնության ենթարկված անձանց բազմաթիվ նամակները՝ 200-ից ավելի, որոնք օգտատերերը ուղարկում էին Լ. Քոչարյանին անանուն հրապարակելու նպատակով (օրինակներ՝ 1, 2, 3, 4, 5): Լ. Քոչարյանի նախաձեռնությամբ այսօր արդեն գործում է ֆեյսբուքյան էջ, որում տեղ են գտնում նմանատիպ պատմությունները:

Լ. Քոչարյանի կողմից հրապարակվող պատմությունները և դրանց կապը իրականության հետ միանշանակ չընդունվեցին հասարակության կողմից, և ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք պատմությունները որակեցին կեղծ, ոմանք էլ այդ հրապարակումները համարեցին ուղղորդված քայլ, որը հիմք է հանդիսանալու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար:

Հարկ է նշել, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկումները տարբեր շրջանակների կողմից սկսեցին հենց սեռական բռնությունների մասին պատմություններից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարին Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության կանխման և դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան, սակայն այն դեռ չի վավերացրել:

Ըստ մասնագետների՝ Ստամբուլյան կոնվենցիայում առկա որոշ կետեր հակասում են ՀՀ սահմանադրությանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքերով՝ Կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելն է, և դրա վավերացումը ԼԳԲՏ անձանց թույլ կտա երեխաներ որդեգրել:

Իրավաբանների մասնագիտական կարծիքները իշխանության որոշ ներկայացուցիչների «սրտով չէին»։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, ով կողմ է կոնվենցիայի ընդունմանը, իր հարցազրույցում ասել է, որ երբ տեսնում է, թե ինչպես են որոշ փաստաբաններ մեկնաբանում կոնվենցիան, ակամայից վեթթինգի ցանկություն է առաջանում: Ըստ Ղազարյանի՝ որոշ քաղաքական ուժեր և որոշ փաստաբաններ  կոնվենցիայի ընդունումը քաղաքական մանիպուլացիայի թեմա են դարձրել, սակայն կոնվենցիայի ընդունումը միայն նպաստելու է ընտանիքում կանանց հանդեպ բռնության նվազմանը և բռնության դեպքերի նվազեցմանը։

Սեռական բռնություններին և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը անդրադարձ է կատարվել նաև իշխանության տարբեր թևերի այլ ներկայացուցիչների կողմից, որոնց տեսակետները տվյալ թեմաների վերաբերյալ խիստ իրարամերժ են:

Թեման այնքան քննարկվեց, որ դրան անդրադարձավ անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Թեմային անդրադարձավ նաև ոստիկանությունը՝ կոչ անելով, որ մեղավորներին պատժելու համար սեռական բռնության ենթարկվածները պետք է տեղեկատվություն տրամադրեն իրավապահ մարմիններին: Տվյալ պարագայում ոչ միայն մեղավորները կպատժվեն, այլ նաև դա կհանդիսանա որպես օրինակ և հետագայում կդառնա հիմք ահազանգերի ստացման, իրավապահ մարմինների հանդեպ վստահության բարձրացման համար, ինչը նաև կնպաստի ցանկացած բռնության նվազեցմանը:

Իշխանության ներկայացուցիչներից թեմային անդրադարձել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով իր գրառումներում և հարցազրույցներում դատապարտել է սեռական բռնությունների հրապարակման «ֆլեշմոբը»՝ դա համարելով հանուն որևէ գաղափարի համար տարածվող գործողություն, և դեմ արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

Տվյալ հրապարակման մեկնաբանություններում Հովսեփյանին հակադարձել էր իշխանական «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը՝ նշելով, որ Հովսեփյանի տեսակետը չի արտահայտում «Իմ Քայլը» դաշինքի մյուս անդամների կամ նվազագույնը իր տեսակետը, որից հետո Հովսեփյանը իր հարցազրույցում նշել էր, որ Երիցյանի տեսակետն էլ չի կարող արտահայտել խմբակցության տեսակետը, և խմբակցությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, իսկ Երիցյանն էլ իր հարցազրույցում էր վերահաստատել իր մեկնաբանությունը:

Հովսեփյանի գրառումից հետո ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները սկսել էին պահանջել, որ Հովսեփյանը մանդատը վայր դնի։ Նրանց շարքում էր նաև ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, ով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը համարում է ՀՀ-ում իրավունքների և ազատությունների հաստատման հիմք, ինչը թույլ կտա իր տրանսգենդեր ընկերներին Հայաստան վերադառնալու։

Մանդատը վայր դնելու կոչին ի պատասխան՝ Հովսեփյանը ևս մեկ գրառում էր կատարել՝«#ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ» հեշթեգով:

Սոֆյա Հովսեփյանի գրառմանը անդրադարձել և հակադարձել էր նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ըստ Հրապարակի ունեցած տեղեկությունների ասել էր, որ Հայաստանում բռնաբարության ծեսեր են կազմակերպվել:

Թեմային նաև անդրադարձել էր ԱՆ Արսեն Թորոսյանը, ով իր հրապարակումներում և հարցազրույցներում խոսել էր բռնությունների մասին և դրանք մակագրել #բռնության_ձայնը հեշթեգով՝ ինչն էլ կարող ենք աջակցություն համարել տարածվող «ֆլեշմոբին»: Իսկ ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում «Սեռական բռնություն» հանրային քննարկման շրջանակում խոսել էր ընտանիքում բռնության օրենքի գոյության և ոստիկանությունում առկա ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն մասին, և նշել, որ դրանք բավարար չեն առկա խնդիրների լուծման համար, և առաջարկել մտածել նոր իրավական կարգավորումների նախաձեռնության մասին: Բացի այդ, ըստ պատգամավորի՝ կան որոշ խմբավորումներ որոնք ձգտում են նմանատիպ թեմաները փաթեթավորել և օգտագործել իշխանությունների դեմ:

Թեմային անդրադարձել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Արևիկ Անափիոսյանը իր աջակցությունն է հայտնել Լ. Քոչարյանին և առաջարկել է կրթական ռեֆորմներ սեռերի հավասարության վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակը առիթ է հանդիսացել մի շարք հանրային քննարկումների համար, որոնցում խոսվում էր սեռական բռնության պատմությունների հանկարծակի տարածման և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման և դրանում առկա վտանգների մասին:

Մասնավորապես, ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշել էր, որ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը կարևոր փոփոխություն կբերի հատկապես բռնության ենթարկված անձանց ոստիկանություն դիմելու գործընթացում:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ բռնության կանխարգելման հարցում միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա վերանայելու օրենսդրությունը և ժամանակին աջակցելու բռնության զոհերին: Բացի այդ, դեռևս մայիսին Բաթոյանը հայտարարել էր, որ Ստամբուլյան կոնվենցիայի շուտափույթ վավերացումը իրենց օրակարգում է:

Կոնվենցիայի վավերացման մասին խոսել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով կողմ է արտահայտվել Կոնվենցիայի ընդունմանը, և կարևորել կանանց համար բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովումը և դա համարել որպես Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն:

Այնինչ իշխանության մյուս ներկայացուցիչների պնդմամբ՝ Ստամբուլյան կոնվենցիան իրենց օրակարգում ներառված չէ, և դա կեղծ տեղեկություն է: Նման տեսակետ էր հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բոշյանը, իսկ Սոֆյա Հովսեփյանը, ասում էր որ իրենք չեն քննարկել Ստամբուլյան կոնվենցիան Ազգային Ժողով բերելու հարցը:

Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ իշխանության ներկայացուցիչները, տվյալ խնդրի վերաբերյալ ունենալով տարբեր տեսակետներ, իրենց հարցազրույցներում տալիս են իրարամերժ պատասխաններ, ինչը չի տալիս այն հարցի պատասխանը, թե Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ստամբուլյան կոնվեցիան, թե ոչ: Իսկ նման անհասկանալի իրավիճակում բնական են տարբեր ոլորտի մասնագետների մտահոգությունները և Կոնվենցիայի ընդունման դեպքում հնարավոր խնդիրների մասին բարձրաձայնումը: Իսկ այդ ամենը համարել քայլ իշխանության դեմ և մասնագետների արտահայտած կարծիքներին և մտահոգություններին իշխանության ներկայացուցիչների կողմից այլ որակումներ տալը անընդունելի է:

Հրապարակված պատմություններն ինչքան էլ ցավալի լինեն, և որքան էլ Լյուսի Քոչարյանը հերքի իր հրապարակումների կապը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ, չենք կարող չնկատել, որ սեռական բռնության մասին հրապարակումները, դրանց անանուն բնույթը և հանկարծակի տարածումը խիստ կասկածելի է, և թույլ է տալիս մտածելու, որ տարածվող «ֆլեշմոբը» կարող է  սպասարկել որոշ շրջանակների շահերը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն