Այսօր՝ հուլիսի 10-ին, ողջ հանրապետությունում 13:00-ից սկսած՝ հոսանքազրկումներ են: Խափանումներով են աշխատում նաև հեռախոսակապը, ինտերնետը և գազը: Հոսանքազրկումների հետևանքով խափանվել է նաև մետրոպոլիտենի աշխատանքը, և շուրջ 12 հազար քաղաքացի տարհանվել է:
Ստեղծված իրավիճակում որոշ պաշտոնյաներ կատարել են գրառումներ, և քաղաքացիներին կոչ արել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան: Նման գրառումներ են արել ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը և ՀՀ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը:
Հրապարակումներից կարճ ժամանակ անց Կառավարությունում հրավիրվեց հրատապ մամուլի ասուլիս՝ ստեղծված իրավիճակի համար պարզաբանումներ տալու նպատակով:
Ասուլիսի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը լրագրողի` «մարդիկ ինչ պիտի անեն այս իրավիճակում… անջատեն սարքերը» հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Այս պահին հաճախականության խնդիր չկա, հաճախականությունը չի տատանվում, ամբողջությամբ կարգավորված է, եթե իրենց մոտ տրված է հոսանք, նորմալ կարող են օգտագործել այդ հոսանքը: Օպերատորը մի տեղ անջատում է, մյուս տեղը տալիս է: Այսինքն, այնպես չէ, որ ամբողջ հանրապետությունում միացված է, լարման անկում ունենք, ասենք, սարքավորումները անջատեք, որպեսզի լարման խնդիրներ չունենանք»:
Մեկ այլ լրագրողի հարցին՝ «իսկ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ այս պահին առկա՞ է, որովհետև Առողջապահության նախարարը գրառում է արել, ասել է լուրջ դեֆիցիտ կա, և խնդրում է էլեկտրաէներգիան հնարավորինս խնայողաբար օգտագործել, կրթության նախարարն էլ էր արձագանքել, կա՞ դեֆիցիտ, թե՞ ոչ», հարցին Հակոբ Վարդանյանը պատասխանել է՝ ասելով, որ նման անհրաժեշտություն չկա, իսկ եթե լինի, նախարարությունն անմիջապես հայտարարություն կտարածի։
«Էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա, բայց այն ռեգիոնները, որոնք պահանջարկ ունեն, այս պահին անջատված են, իսկ որը միացված է, հոսանքը լրիվ բավարարում է միացված տարածաշրջանների համար: Այս պահին /անհրաժեշտություն- խմբ․/ չեմ գտնում, որ ասեմ՝ այնտեղ, որտեղ հոսանք կա, անցնեն խնայողական ռեժիմների։ Եթե լինի այդպիսի կարիք, անմիջապես նախարարության կողմից հայտարարություն կտարածվի:
Եթե մենք ուզում ենք ամբողջ էներգամատակարարման համակարգի աշխատանքը վերականգնել, օպերատորը չի կարող բոլորի հետ կապի մեջ լինել, միգուցե ասենք՝ խնայողություն արեք, որպեսզի բոլորի մոտ հոսանք լինի, բայց դա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, որովհետև սպառիչների անկանխատեսելի միանալով՝ կարող է նորից վտանգ լինել։ Դրա համար մենք մաքսիմում պահում ենք համակարգում այնքան տարածաշրջան, որ այդ պահին միջին սպառման կամ միջինից բարձր սպառման համար գեներացիա ունենք։ Այսինքն հնարավորություն կա, օրինակի համար, ամբողջ Հանրապետությունում հոսանք ապահովել, բայց ասել, որ միայն անհրաժեշտ բաները միացնեն։ Բայց դա ևս վտանգավոր է, քանի որ մեկը կլսի այդ կոչը, մյուսը չի լսի, ու անկանխատեսելի քանակով սպառիչներ կմիանան, նորից անջատումներ կլինեն։ (…) Դրա համար օպերատորը կարգավորել է․ մի մասն անջատել է, մյուս մասում թողել է այնքան, ինչքան կարելի է միացնել, որպեսզի այդ կարգավորումը հայտարարությունների մակարդակով չլինի», - մեկնաբանել է Հակոբ Վարդանյանը։
Ուստի, ստեղծված իրավիճակում նախարարները, չտիրապետելով հոսանքազրկման մանրամասներին, ապատեղեկատվություն են տարածել՝ հասարակությանը կոչ անելով խնայողաբար օգտագործել Էլեկտրաներգիան, ինչը իր հերթին, ոլորտի փոխնախարարի խոսքերով, մեծ վտանգ է պարունակում և կարող է խնդիրներ առաջացնել:
Հեղինակ՝ Մարի Ավագյան