Դաղստանի Մախաչկալայի օդանավակայանում ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և քաղաքացիական անձինք։ Ցույցի առիթ է դարձել Թել Ավիվից ժամանող Red Wings ավիաընկերության չվերթը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորներից 10-ը հոսպիտալացվել են, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանում հավաքվել է մի քանի հարյուր մարդ՝ ի նշան բողոքի ընդդեմ պաղեստինաիսրայելական հակամարտության։ Ցուցարարները ճեղքել են ցանկապատն ու մտել թռիչքուղի, ինչպես նաև օդանավակայանի շենք։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Դաղստանի կառավարությունից հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է, տեղում աշխատում են անվտանգության ծառայությունները։ Միջադեպից հետո ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի գլխավորությամբ։ Նա հայտարարել է, որ օդանավակայանում հավաքվածների գործողությունները օրենքի կոպիտ խախտում են և կգնահատվեն իրավապահների կողմից։
Բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից 150-ի ինքնությունը պարզվել է, նրանցից 60-ը ձերբակալվել են, հարուցվել են քրեական գործեր։
Միջադեպից հետո Մախաչկալայի օդանավակայանը փակվել է։ Այն, հնարավոր է, վերաբացվի հոկտեմբերի 31-ին՝ մանրակրկիտ ստուգումներից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանը փակ կլինի մինչև նոյեմբերի 6-ը։