Կենդանիների ստերջացման անբավարար պայմաններն ու դրա շուրջ քննարկումները

article-image

Վերջին շրջանում թափառող շների խնդիրը դարձել էր շատ  մտահոգիչ։ Խնդրի լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռևս փետրվար ամսին որոշել էր ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որն էլ իր գործունեությունը սկսեց ծավալել մարտ ամսից։ ՀՈԱԿ-ի առջև դրված խնդիրներն են եղել թափառող կենդանիների հավաքումը, տեղափոխումը, նախնական զննումը, պատվաստումը և ստերջացումը։ Ստեղծվող կենտրոնը պետք է ունենար անասնաբուժական կլինիկա և կացարան։ Սակայն մինչ համայնքային կլինիկայի կառուցումը՝ ՀՈԱԿ-ն իր աշխատանքները սկսել էր ծավալել  Երևանի կենդանաբանական այգու կլինիկայում։

ՀՈԱԿ-ի աշխատանքների սկսելուց մի քանի ամիս անց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները կենդանասերների  խնդրանքով որոշել էին այցելել կլինիկա և ծանոթանալ կլինիկայում առկա պայմաններին:

Նրանք կլինիկայից ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել էին կլինիկայի ոչ բավարար պայմանները և ցույց տվել, որ մեկ վանդակում պահվում է մեկից ավելի շուն, վիրահատարանի պայմանները, իրենց բնութագրմամբ, խայտառակ են, սանիտարական նորմերը պահպանված չեն, իսկ վակցինաները, որոնցով պատվաստվում են կենդանիները, պահվում են կլինիկայի աշխատակիցների մթերային սառնարանում, բացի այդ, սանիտարական նորմերը ևս պահպանված չեն։

Ըստ նրանց՝ նման պայմաններ տեսնել չէին սպասում, քանի որ տվյալ խնդրով  նախկինում զբաղվող «Յունիգրաֆ» կազմակերպությունը նման պայմաններում չի աշխատել, և նկատելի են ահռելի տարբերություններ։

Հատկանշական է, որ ուղիղ հեռարձակման տարածումից անմիջապես հետո ՀՈԱԿ-ի տնօրինությունը շտապ մամլո ասուլիս հրավիրեց, որի ընթացքում ներկայացվեց ՀՈԱԿ-ի կատարած աշխատանքը: Ըստ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի՝ «Լույս» խմբակցության քայլը կազմակերպված շանտաժ էր, որը պետք է մրոտեր քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի կատարած աշխատանքը։

Թեմային անդրադարձան նաև Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամները, որոնք ակտիվորեն կիսվում էին իրենց գործընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, «ԴԻՆԳՈ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառմամբ:

Ըստ Հովսեփյանի՝ «Լույս» խմբակցության կողմից բարձրաձայնվող խնդիրները միայն սուր են հնչում հարցից չհասկացող մարդկանց ականջին։ Բացի այդ, ըստ Հովսեփյանի՝ ՀՈԱԿ-ի ժամանակավոր կլինիկան «Յունիգրաֆի» կլինիկայի հետ համեմատելը անտեղին է, քանի որ, «Յունիգրաֆը» իր կլինիկան պահել է իդեալական՝ ընդհանրապես շուն չստերջացնելու հաշվին:

Ստեղծված իրավիճակի շուրջ AntiFake.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ իրենց կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենք խորհրդակցություն են ունեցել ոլորտի մասնագետների և կենդանիներին խնամելու հմտություններ ունեցող կենդանասերների հետ, սակայն կան պարզ սանիտարական նորմեր և չափանիշներ, որոնք պահպանված չեն, և դրանք նկատելու համար մասնագիտական հմտություններ պետք չեն:

AntiFake.am-ի հետ զրույցում Խաժակյանը նաև խոսել է Օվսաննա Հովսեփյանի և Արմեն Բեգոյանի անդրադարձի մասին: Խաժակյանի խոսքերով՝ իրենց մտքին ինչ արդարացում եկել է, ասել են. «Օվսաննա Հովսեփյանը գրել է, որ սնունդ չկա, և դա նորմալ է, բայց դրանից առաջ ՀՈԱԿ-ի տնօրենը իրենց ասել է, որ սնունդ կա, և դա քաղաքապետարանում է: Թող կողմնորոշվեն. սնունդ պետք չի՞ ընդհանրապես, թե՞ պետք է, բայց դա քաղաքապետարանում է»:

Ըստ Խաժակյանի՝ Հովսեփյանը ՀՈԱԿ-ին պաշտպանում է ոչ թե որպես «ԴԻՆԳՈ» թիմի ղեկավար, այլ որպես ավագանու անդամ. «Ինքը եղել է քաղաքային իշխանությունների ամենամեծ քննադատը, հիմա պետք է ամենասրտացավը լիներ: Բայց երբ որ կենդանասերը և նման ՀԿ-ի ղեկավարը դառնում է իշխող ուժի ավագանու անդամ, իր համար արդեն ամեն ինչ բացատրելի է, և ինքը դժգոհություն չունի, և բավարար է ամեն ինչը: Իրեն միշտ պետք է այդ պայմանները չբավարարեին, որովետև դրանք շատ անբավարար էին, բայց հիմա ինչ է թե ինքը դարձել է իշխող թիմի ավագանու անդամ, արդեն ամեն ինչ լավ և նորմալ է»:

Իսկ Հովսեփյանի այն մտքին, թե «Լույս» խմբակցության ավագանու անդամները ՀՈԱԿ-ը համեմատել են «Յունիգրաֆի» հետ, Խաժակյանը պատասխանեց, որ իրենք «Յունիգրաֆին» չեն գովաբանում, և այդ կազմակերպությունը շատ քիչ էր ստերջացնում շներին և հիմնականում ընտրում էր սպանդի միջոցը. «Իրենք համեմատվում են «Յունիգրաֆի» հետ, ասում են՝ մենք լավն ենք, մենք էլ ասում ենք, եթե ձեր վիրահատարանի պայմանները նայենք,  ձեր պահման պայմանները նայենք, համեմատում ենք երկու ծայրահեղ իրարից վատ բաներ»:

Դավիթ Խաժակյանը, անդադառնալով Օֆելյա Հովսեփյանի մյուս դիտարկումներին, ասաց. «Կլինիկայում կառանտինի սենյակ չունեն, բոլորին պահում են ընդհանուր վիրահատարանում և պահման վայրում, ինչը նշանակում է, որ պոտենցիալ վարակ կրող կենդանին կարող է վարակել առողջ կենդանիներին… Իսկ մի վանդակում մի շնից ավել չի կարող պահվել, քանի որ վանդակները փոքր են… Իսկ այն մարդիկ, ովքեր առնչություն են ունեցել ՀՈԱԿ-ի հետ, ասում են, որ իրականում մի օր չեն պահվում, ավելի են պահվում, և բացի այդ, հաշվի առնենք, որ երբ վիրահատում են շանը, անմիջապես չեն կարող բաց թողնել, հետևաբար՝ մի օր չեն պահման պայմանները»:

Անդրադառնալով ՀՈԱԿ-ի տնօրենին՝ Խաժակյանը ասաց, որ ո՛չ տնօրենը, ո՛չ տնօրենի տեղակալը որևէ առնչություն չունեն թափառող կենդանիների հետ. «Ուղղակի այդ պաշտոնը իրեն տվել են, իսկ իր տեղակալը պարզապես ՔՊ-ական ակտիվիստ է»-, ասում է Խաժակյանը:

Խաժակյանը ասաց, որ իրենք շարունակելու են հարցը բարձրաձայնել, որովհետև այդ հարցի հետ փոխկապակցված շատ հարցեր կան:

Հատկանշական է նաև, որ կլինիկայում առկա վատ պայմանների մասին բարձրաձայում են կլինիկայի նախկին աշխատակիցները:  

Մասնավորապես, ՀՈԱԿ-ի նախկին աշխատակից Հայկ Դավոյանի խոսքերով՝ կլինիկայում առկա պայմանները անմխիթար են: Կան վանդակների խնդիրներ, շների դեղորայքի սիստեմա չկա, ջրի ամաններ չկան, կառանտինի սենյակ չունեն …:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը