Ինչ ընթացակարգով պետք է տեղի ունենար դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը և արդյո՞ք պահպանվել են այդ ընթացակարգերը. մեկնաբանել է Ռուբեն Մելիքյանը

article-image

Այսօր՝ հուլիսի 17-ին, politica.am կայքը տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ Ռ․ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում կայացրած դատավորի գրասենյակը խուզարկել են: Լրատվական կայքը մասնավորապես գրել էր. «Մեր ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ»։

AntiFake.am-ը կապ հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրական գործի շրջանակներում, սակայն նշեց, որ հավելյալ տեղեկություններ չի կարող փոխանցել՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք։

AntiFake.am-ը դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության իրավական ընթացակարգի վերաբերյալ զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Պարոն Մելիքյանը նշեց, որ կա կարևոր իրավական խնդիր, որը պետք է քննարկել։ «Մենք գործ ունենք երկու  տարբեր իրավական համակարգերի հետ՝ հայաստանյան իրավական համակարգը և Եվրոպական դատարանի կողմից ձևավորված իրավաբանությունը։

Եթե խոսքը վերաբերվում է հայաստանյան իրավական համակարգին, ապա որոշակի երաշխիքներ են նախատեսված։ Ցանկացած խուզարկություն, մասնավորապես` ցանկացած բնակարանի խուզարկություն, իսկ աշխատասենյակի խուզարկությունը հավասարեցված է բնակարանի խուզարկությանը, պետք է տեղի ունենա դատարանի որոշմամբ։ Դա առաջինը։ Երկրորդ, պետք է այդ մասին անպայման իրազեկվի Բարձրագույն դատական խորհուրդը։ Սա մեր ներպետական օրենսդրության պահանջներն են։

Բայց շատ կարևոր է, որպեսզի մենք հաշվի առնենք նաև Եվրոպական դատարանի իրավաբանությունը։ Եվրոպական դատարանը քրեական հետապնդում է համարում ոչ միայն անձի ձերբակալումը, կալանավորումը, այլև նրա բնակարանում, նրա նկատմամբ (այս դեպքում ակնհայտ առկա է «նրա նկատմամբ»-ը) խուզարկություն իրականացնելը։ Դա, կրկնեմ, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով տասնյակ տարիներ առաջ հաստատված է և վաղուց արդեն նախադեպային ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերել։ Խուզարկությունը, կրկնեմ, համարվում է քրեական հետապնդման դրսևորում։

Եթե այս դրույթը համադրենք Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ, ապա կարող ենք հետևյալ հետևությունը անել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դատարանի նկատմամբ ցանկացած քրեական հետապնդման դրսևորում (ընդգծեմ, որ այստեղ խուզարկությունը նշված չէ) պետք է իրականացվի Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ, օրինակ՝ մեղադրանքի առաջադրումը պետք է իրականացվի Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ։ Մենք պետք է հասկականք՝ ինչպես է համադրվում իմ կողմից նշված Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեր օրենսդրության հետ։ Ես առանց պնդելու ուզում եմ այն մոտեցումը առաջ քաշել, որ այս պարագայում ևս պետք է Բարձրագույն դատական խորհուրդը ավելի մեծ մասնակցություն ունենա, և հարցը քննարկման առարկա դարձվի Բարձրագույն դատական խորհրդում, և անպայման ներկայացվեն դրա հիմնավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գործ ունենք Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմաստով քրեական հետապնդման հետ», - մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Մելիքյանը վկայակոչեց ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածը (Դատարանի շենքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը), որի համաձայն՝ քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է անհապաղ իրազեկի Բարձրագույն դատական խորհրդին։

Իսկ 53-րդ հոդվածը վերաբերվում է քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններին, որ դրա անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ պետք է իրազեկի Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին։

«Ինչ վերաբերվում է այս կոնկրետ գործողությանը, ապա  ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը, ըստ էության, որպես առաջնային սուբյեկտ հնարավորություն է տալիս անձին մասնակցելու իր իսկ աշխատասենյակում կատարվող գործողությանը։

Հիմա, պետք է պարզել, թե արդյոք մեկ օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը իրազեկվել է, թե չի իրազեկվել, արդյո՞ք դատավորը իրազեկվել է, թե՞ չի իրազեկվել։

Եվ վերջում, ՀՀ Դատական օրենսգիրքը, ճիշտ է, կանոն է սահմանում, որ քրեական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ գործողությունները պետք է կատարվեն առավելապես ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը, սակայն սա այն դեպքն է, որը բացառիկ է իր նշանակությամբ, քանի որ վերաբերում է մի դատավորի, որի կայացրած որոշումից հետո, մեր գնահատմամբ, մի ամբողջ հակասահմանադրական գործընթաց սկսեց մեր երկրում։ Ուստի՝ այստեղ իսկապես հասարակության տեղեկացված լինելու իրավունքը պետք է գերակայի ցանկացած այլ շահից», - եզրափակեց Մելիքյանը։

AntiFake.am-ը կապ հաստատեց նաև Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ խոսել է ԲԴԽ խորհրդի նախագահի պաշտոնակատարի հետ, ով իրեն հայտնել է, որ խորհուրդը իրազեկվել են։ Խաչատրյանը նշեց, որ այլ մեկնաբանություններ տալու իրավասություն չունի։

AntiFake.am-ին չհաջողվեց կապ հաստատել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, սակայն Politica.am կայքի փոխանցմամբ՝ դատավորը տեղյակ չի եղել նման գործողության մասին։ «Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ», - գրել է լրատվականը։

Թե ինչ քրեական գործի շրջանակներում է տեղի ունեցել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը, ինչու է այն մինչ այս պահը կնիքված, արդյոք դատավորի աշխատասենյակը համարվել է հանցագործության վայր, թե ոչ, կամ արդյոք գործ ունենք դատական իշխանության գործունեությանը և դատավորի անկախությանը միջամտության հերթական դեպքի հետ, առայժմ անորոշ են։

Սակայն հաշվի առնելով քննարկվող հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ու այն հանգամանքը, որ տեղի ունեցածը կարող է դատական իշխանության գործունեությանը միջամտություն լինել՝ հաշվի առնելով, որ Դավիթ Գրիգորյանը հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոցը փոխած դատավոր, որի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը միանշանակ բացասական է, ապա Հատուկ քննչական ծառայությունը և մյուս պատկան մարմինները պետք է հանրությանը տրամադրեն բավարար տեղեկություններ կատարվածի հանգամանքների մասին և ապահովեն թափանցիկության սկզբունքը։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը