Ադրբեջանի տարածքային պահանջներն ու ՀՀ անկարող իշխանությունները․ Տիգրան Աբրահամյան

article-image

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ ելույթով՝ Ադրբեջանական ագրեսիաների և տարածքային հավակնությունների համատեքստում հնարավոր ագրեսիայի և այս իշխանությունների պայմաններում հնարավոր նոր լուրջ կորուստներ ունենալու մասին։ Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես ասաց․ «Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը: Այդ հավակնությունները դրսևորվում են մի քանի մակարդակներում:

Առաջին, Ադրբեջանի առաջնային պահանջը՝ հայտնի 8 գյուղերի, այսպես կոչված, անկլավների հանձնումն է, որը նրա ամենօրյա խոսույթի առանցքային մասն է դարձել: Հայաստանի իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում, Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի շրջանակներում, այլ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում:

Երկրորդ, Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցված օրակարգի պայմաններում, Ադրբեջանը նպատակ ունի սահմանների ճշգրտման թեմայից դուրս բերել ՀՀ այն տարածքները, որոնք օկուպացրել է 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կութական և այլն: Ավելին՝ Ադրբեջանը չտեսնելու-չլսելու է տալիս ՀՀ այն տարածքների հարցը, որը նրա վերահսկողության տակ է անցել առաջին պատերազմի ժամանակ:

Երրորդ, բացի այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի հստակեցնում իր պաշտոնական դիրքորոշումը դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացի հիմքում եղած սկզբունքների վերաբերյալ և անորոշ նշում, որ դրանք պետք է լինեն տարբեր քարտեզների ու պատմական արդարության հիման վրա, հասկանալի է, որ սրա անվան տակ Ադրբեջանը փորձելու է իրացնել իր մյուս տարածքային հավակնությունները:

Կարճ ասած, այն ինչ Հայաստանի իշխանությունը անվանում է խաղաղության պայմանագիր, իրականում  ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի դեմ տրվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է: Հայաստանի իշխանության՝ արտաքին քաղաքական հարցերում տարվող քաղաքականությունը բերել է նրան, որ 2019 թվականին հռչակած՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ թեզը փոխարինվել է՝ նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ կարգախոսով: Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքան շատ է մեր երկիրը մարդկային և տարածքային կորուստներ է արձանագրում. սա, ի դեպ, ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը: Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունի, որովհետև այդ մոտեցումը միջազգային դերակատարների անարգանքին ու լռությանն է բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին՝ գործելու լայն դաշտ բացում»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն