Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերի մասով․ «ԼՈՒՅՍ»

article-image

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպիսով՝

Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների շնորհիվ նախորդ տարի և այս տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական աճն աստիճանաբար դանդաղում է։ Այս հանգամանքը  պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը, քանի որ, նկատի ունենալով ներկայիս շեշտակիորեն փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումները, չպետք է բացառել արտաքին իրավիճակի փոփոխության այնպիսի սցենարների հնարավորությունը, որոնք կարող են չեզոքացնել կամ էապես թուլացնել ՀՀ տնտեսության համար այդ նպաստավոր արտածին գործոնների ազդեցությունը։ Այս պայմաններում կառավարությունից ակնկալվում են առկա դրական զարգացումները պահպանելուն և փաստացի ու հնարավոր բացասական հետևանքները մեղմելուն ուղղված գործուն քայլեր։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2024թ. պետական բյուջեի նախագծով 2024թ. համար կառավարությունը թիրախավորել է բավական բարձր՝ առնվազն 7% տնտեսական աճի ապահովումը։

2023թ. ինն ամիսների կտրվածքով բյուջեի կատարումը ճշտված պլանից շեղվել է 323.0 մլրդ դրամով։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեն փաստացի ունեցել է 74.6 մլրդ դրամ հավելուրդ, այնինչ ճշտված պլանով ծրագրված էր ունենալ 248.4 մլրդ դրամ պակասուրդ: Քանի որ կառավարությունը մի կողմից տնտեսությունից հավաքագրել է հարկերը, մյուս կողմից, սակայն, պլանավորված չափով ծախսերը չի կատարել` զսպվել է տնտեսական ակտիվությունը:

Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերի մասով։ Թերակատարումն անհամեմատ ավելի զգալի է եղել կապիտալ ծախսերի մասով. այսպես, եթե ճշտված պլանի համեմատ ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8.8%-ով, ապա կապիտալ ծախսերի թերակատարումը 42.6% է։ Կապիտալ ծախսերի թերակատարումը մտահոգիչ է. կատարելով դրանք՝ պետությունն անուղղակիորեն նպաստում է տնտեսական ներուժի աճին, իսկ դրանց թերակատարումը (կամ թեկուզ ուշացումը) չեզոքացնում է կամ լավագույն դեպքում՝ հետաձգում, երբեմն նույնիսկ ժամանակավրեպ դարձնում դրանց կատարումից ակնկալվող դրական արդյունքների ստացումը։

Թերակատարումները հասել են մտահոգիչ ծավալների: Պետական բյուջեի կատարման հաշվետվության աղյուսակներում առանձին տողով ներկայացված են այն պատասխանատու մարմինների ծրագրերը, որոնք ծախսերի բացարձակ մեծության առումով առավել էական են։ Այդ բոլոր պատասխանատու մարմինների ծրագրերը թերակատարվել են: Փաստորեն, ստացվում է, որ չնայած տվյալ ուղղության համար բյուջեով գումար է նախատեսված և հատկացված, սակայն, միևնույն է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում։

Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով՝ 116.1 մլրդ դրամ։ Նկատի ունենալով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները՝ այս հանգամանքը հատկապես մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ բյուջեով պաշտպանության նպատակով համեմատաբար մեծ գումար է նախատեսվել, սակայն նախատեսված աշխատանքները չեն կատարվել։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեն ներկայացնելիս, որպես նախորդ տարիների բյուջեների նկատմամբ դրա կարևոր առավելություն, գործող իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ

Պետական կառավարման համակարգում առկա են լուրջ խնդիրներ ծախսերի պլանավորման և ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Շատ հաճախ բյուջեի թերակատարման պատճառը պարզապես այն է, որ դրանում պլանավորվում են ակնհայտորեն անիրատեսական ցուցանիշներ: Բացի այդ, կապիտալ ծախսերի տարիներ շարունակ արձանագրվող «քրոնիկ» թերակատարումը վկայում է այն մասին, որ պետական կառավարման մարմինները չեն կարողանում ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Իսկ դա խոսում է պետական կառավարման ոչ բավարար մակարդակի և պետական մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/ovGLU  :  

Աղբյուր՝ «ԼՈՒՅՍ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն