Ովքեր են Երևանի քաղաքապետի՝ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքային թեկնածուները

article-image

Նախօրեին պարզ դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երեւանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման: Հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: Իշխանական պատգամավորների նպատակը եղել է Հայկ Մարությանից ստանալը այն հարցերի պատասխանները, որոնք մտահոգում են երևանցիներին։ Հայկ Մարությանը չի ընդունել հանդիպման ընթացքում հնչած քննադատություններն ու դժգոհությունները՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանն անում է այն ամենը, ինչ հնարավոր է անել։

Շուրջ մեկ ամիս առաջ էլ «ՔՊ» կուսակցական վերնախավը նման հանդիպում է ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, սակայն առանց Հայկ Մարությանի։ Հանդիպման արդյունքում վերջիններիս համար պարզ է դարձել, որ Հայկ Մարությանը քաղաքի հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար պիտանի չէ և Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրներ ավելի են խորանալու՝ վտանգ դառնալով ոչ միայն երևանցիների, այլև  հենց «ՔՊ»-ի և Նիկոլ Փաշինյանի  հեղինակության համար, քանի որ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր ռեյտինգի շնորհիվ։ Հետևաբար՝ Մարությանի յուրաքանչյուր ձախողում կապվում է Փաշինյանի անվան հետ։

Հայկ Մարությանը շուրջ մեկ տարվա ընթացքում չի կարողացել ճանապարհներ գտնել իր նախընտրական քարոզարշավում տեղ գտած խոստումները կյանքի կոչելու հիմքեր գցելու համար։ Սակայն սա դեռ ամենը չէ, Հայկ Մարությանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում էլ է «պրոբլեմներ կուտակել» իր գլխին։ Դա պայմանավորված է քաղաքապետարանում Հայկ Մարությանի վարած  քաղաքականությամբ,  ինչը առաջացնում է իմքայլական ֆրակցիայի ներկայացուցիչների դժգոհությունը։

Մեր տեղեկություններով մեկ ամսվա ընթացքում «ՔՊ» վերնախավի և ԱԺ-ի ֆրակցիայի կողմից երկու հանդիպում կազմակերպելու նպատակը եղել է նաև այս հարցերի պարզաբանումները ստանալը։

Այս հանդիպումների արդյունքում ՔՊ-ական գործիչները հանգել են կոնկրետ հետևության, այն է՝ Հայկ Մարությանը այսպես, թե այնպես չի կարող երկար մնալ այդ պաշտոնում։ Նրան անհապաղ պետք է փոխարինել՝ հաշվի առնելով առկա վտանգներն ու քաղաքական թիմի և Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը։

Տարբերակներից մեկն է, որ Հայկ Մարությանին փոխարինի ավագանու մեկ այլ անդամ։ Սակայն Երևանին անհրաժեշտ է լուրջ ղեկավար, որը կոմպետենտ կլինի երկրի բնակչության շուրջ կեսով բնակեցված քաղաքը կառավարելու համար, իսկ նման մարդ ավագանու առկա կազմում գոյություն չունի։

Մեր տեղեկություններով Փաշինյանը մտորում է Երևանի քաղաքապետի երկու թեկնածուի անունների շուրջ՝ Տիգրան Ավինյան կամ Սուրեն Պապիկյան, ովքեր կոմպետենտ են և Փաշինյանի պատկերացմամբ կկարողանան քաղաքը դուրս բերել ճգնաժամից և փրկել քաղաքական թիմի հեղինակությունը։

Այս ամենն էլ հնարավոր է կյանքի կոչել նոր ընտրությունների միջոցով, սակայն Փաշինյանը հասկանում է, որ Երևանում ընտրությունների գնալը լինելու է մեծ ձախողում, քանի որ երևանցիները ձայն չեն տա իրենց քաղաքը աղբակույտի վերածած, տրանսպորտի, վերելակների խնդրին լուծում չտված, իրենց աշխատատեղերից զրկած քաղաքական ուժին։

Ամռան այս ժամանակահատվածում, երբ քաղաքական իրադարձություններ գրեթե տեղի չեն ունենում, քաղաքացիների քննարկման թիվ մեկ թեման Երևանի աղբահանության և մյուս անլուծելի խնդիրներն են, որոնց հիմնական պատասխանատուն Հայկ Մարությանն է, որի պատճառով էլ քննադատության սլաքներն ուղղվում են դեպի նրա քաղաքական թիմը։ Ուստի՝ Նիկոլ Փաշինյանը կանգնել է դիլլեմայի առաջ։ Թե ինչ հանգուցալուծում կստանա այս թնջուկը, պարզ կդառնա ժամանակի ընթացքում։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը