Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյին

article-image

Փետրվարի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է բերել արքեպիսկոպոս Ակսիյին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավոր առաքելություն ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր ողջույններն ու շնորհավորանքներն է  փոխանցել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին գահակալության 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և արդյունավոր հովվապետության երկար տարիներ։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած են նաև երկու Եկեղեցիները։ Վեհափառը վստահությամբ արձանագրել է,  որ հավատն այն ամուր հիմքն է, որով ժողովուրդներն արժանապատվորեն կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ վերականգնելով իրենց կյանքում բաղձալի խաղաղությունը։

Նորին Սրբությունն անդրադարձել է հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում Ռուս Եկեղեցու հովվապետի ցուցաբերած աղոթական զորակցությանը և ներդրած ջանքերին ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը։ Հայոց Հայրապետը ցավով արձանագրեց, որ այսօր, երբ հայաթափված է Արցախը Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը  մաղթել է, որ Երկնավոր Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։

Ակսիյ արքեպիսկոպոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը փոխանցել է  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու աղոթքները։ Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչը վստահեցրել է Հայոց Հայրապետին, որ պիտի ամենայն ջանք գործադրի ռուսական համայնքի հոգևոր խնամքի կազմակերպման և երկու ժողովուրդների ու Եկեղեցիների միջև հարաբերությունների առավել սերտացման։

Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքներն է բերել թեմի նորանշանակ ժամանակավոր կառավարչին՝ աղոթելով, որ Աստված զորակից ու օգնական լինի նրան իր առաքելության մեջ։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը  և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն