Շղթայական գերեզմանապղծություն. Եռաբլուրում պղծել են Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրմաքարերը (լուսանկարներ, տեսանյութ)

article-image

Այսօր «անհայտ անձանց» կողմից  Եռաբլուրում պղծվել են Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի շիրմաքարերը. վնասված շիրմաքարեր և տապանաքարեր, հալեցված մոմեր ու սև հեղուկ։ Տեսանյութում երևում է, որ պղծվել են Ապրիլյանի հերոսներ Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ադամ Սահակյանի և մյուս հերոսների շիրմաքարերը։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարել է, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն կատարվածը։ ՀՀ Ռազմական ոստիկանությունը ևս զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի պղծողներին բացահայտելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սա «սրբապղծության» առաջին դեպքը չէ: Դեռևս ամիսներ առաջ Եռաբլուրում գողություն էին կատարել Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի եղբոր մեքենայից, իսկ գողություն կատարողը/ները դեռևս բացահայտված և պատժված չեն:

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակումներ էին լինում այն մասին, որ հանրապետության այս կամ այն շրջանում «անհայտ անձինք» գերեզմաններ են պղծում։

Նման դեպքեր գրանցվել էին Նուբարաշենի և Չարենցավանի գերեզմաններում, Զովունի գյուղի գերեզմաններում։ Մասնավորապես, Զովունի գյուղի գերեզմանատանը պղծվել էր 60-ից ավելի գերեզման։

Բոլոր դեպքում «գերեզման պղծելու» ձեռագիրը նույնն է. գրեթե բոլոր շիրմաքարերն ու տապանաքարերը վնասված են, դրանց վրա լցված են մոմեր և սև գույնի նյութ։

Զովունիի պղծված գերեզմանաքարերը՝

Նուբարաշենում գրանցված գերեզմանապղծության վերաբերյալ խոսելիս Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը չէր բացառել, որ գերեզմանաքարի վրա մոմ լցնելուց բացի հնարավոր է հոգի կանչած լինեն և չարի հետ ինչ-որ կոնտակտ եղած լինի։  Ըստ նրա՝ այդ «ծեսերը» եղել են սատանայապաշտական, իսկ այլ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ծեսերը իրականացվել են էմոների կողմից։

Այս ամենի առնչությամբ կարող ենք ասել, որ պատկան մարմինների կատարած աշխատանքը կամ բացակայում է, կամ ոչ բավարար է։

Գրանցված դեպքերից հետո պատկան մարմինները պետք է խիստ վերահսկողություն սահմանեին ոչ միայն արդեն «պղծված» գերեզմաններում և հետաքննություն իրականացնեին «պղծողներին» բացահայտելու ուղղությամբ, այլ նաև վերահսկեին հանրապետության մյուս գերեզմանների շրջակայքում՝ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով, այդ դեպքում Եռաբլուրում վստահաբար չէինք ունենա նույն պատկերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն