37-ամյա տղամարդը 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով՝ կատարել է 40 մլնի հափշտակություն

article-image

Ավարտվել է Երևանի 37–ամյա բնակչի կողմից շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 37–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․ հունիսից մինչև 2022թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում, հասանելիություն ստանալով շուրջ 5 տասնյակ քաղաքացու «Իդրամ» դրամապանակներին, կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն։

Մասնավորապես, նա «Viber», «WatsApp» հավելվածներով զանգահարել է տարբեր անձանց և տարբեր պատրվակներով, այդ թվում՝ հայտնելով, թե իբր սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին, խնդրել է տրամադրել իրենց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը։ Քաղաքացիների կողմից այդ տվյալներն իրեն տրամադրվելուց հետո նա հասանելիություն է ստացել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին և դրանց միջոցով համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելով, վերջիններիս անվամբ առցանց եղանակով կնքել է վարկային պայմանագրեր։

Դրանցով հաստատված և իր կողմից փաստացի կառավարվող էլեկտրոնային դրամապանակներ մուտքագրված, Իդրամ դրամապանակներին կցված բանկային քարտերին և դրամապանակներում առկա գումարից տղամարդը կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն՝ գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննության փուլում քաղաքացիներին պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 15 մլն դրամը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ հանցագործությունների զոհ չդառնալու համար որևէ դեպքում անձնական, բանկային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն