Ջոնաթան Կացին տված հարցազրույցում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի արած մի շարք հայտարարություններ չեն համապատասխանում քաղաքական իրողություններին

article-image

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց էր տվել Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին։ Հարցազրույցում Զ․ Մնացականյանը նշել էր, որ «Թավշյա հեղափոխությունը» «շատ կարևոր զարգացում էր Հայաստանում՝ հայերի համար՝ ուղղված հանրային կառույցների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը»:

Պետք է արձանագրել, սակայն, որ «հեղափոխությունից» հետո ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը նպաստելու փոխարեն Հայաստանում տարածում են գտել մի շարք հակաժողովրդավարական թեզեր։

Այսպես․ ժողովրդավարական պետություններին բնորոշ իշխանությունների տարանջատման սկզբունքին հակառակ՝ Նիկոլ Փաշինյանը, թեև հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել է որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին և այս պարտավորությունը պահպանել է սրբորեն, միևնույն ժամանակ նշել էր, որ «Ինչի Հայաստանում կա նենց դատավոր, որ կարա իմ ասածին ասի՝ չէ՞»։ Այստեղից հետևում է, որ կան գործադիր ու դատական իշխանությունների միջև տարանջատման խնդիրներ, իսկ օրենքի գերակայությունն ու բոլորի հավասարությունը օրենքի առջև դրվում են կասկածի տակ։

Մեկ այլ խնդիր է ԶԼՄ-ների՝ բազմակարծություն արտահայտելու ազատությունը։ Ժողովրդավարական պետություններում ԶԼՄ-ները ստանձնում են չորրորդ իշխանության դերակատարությունը՝ ապահովելով բազմակարծությունը և առողջ քննադատությունը։ Մինչդեռ Հայաստանում լրատվամիջոցների կողմից տարածված ցանկացած հակաիշխանական գրառում դիտարկվում է, ինչպես Ն․ Փաշինյանն է նշել, «սնվող սերժառոբական հայրենաթալան ավարի» շրջանակներում:

Շարունակելով միտքը՝ Զ․ Մնացականյանը նշել է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված՝ ամրապնդելու ազգային անվտանգության ճարտարապետությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ ներգրավվածությամբ: Ուստի, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգ ստեղծենք՝ նավակը ճոճելով այն աստիճանի, որ խարխլվեին թավշյա հեղափոխության նպատակները, և խաթարվի ժողովրդի անվտանգությունը»:

Սակայն, հաշվի առնելով ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յ․ Խաչատուրովի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով իրեն վերապահած պաշտոնից մեկ տարի շուտ ազատումը և դրան հաջորդած  Բելառուսի նախագահ Ա․ Լուկաշենկոյի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստի մասին տեղեկությունների տրամադրումը և Ղազախստանի նախագահ Ն․ Նազարբաևի ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը, ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների հանդեպ ՀԱՊԿ-ի որոշ անդամների  անվստահությունն ու անլրջությունը:  Անվտանգության հետ կապված, մեկ այլ արկածախնդիր հայտարարություն էր նաև այն, որ Ն․ Փաշինյանը Հայաստանին դիտարկում էր, որպես հակամարտության կողմ, նշելով, որ չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում, որ ինքը չի կարող վերագրել իրեն Ղարաբաղի անունից՝ բանակցելու մանդատ։

Բացի այդ, Մնացականյանը նշել էր, որ «Մենք խիստ հայամետ ենք, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես խիստ հայակենտրոն է»: Սակայն, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը որոշ դեպքերում փաստում է ոչ թե հայամետության, այլև հակահայկական նախագծերի կանխմանն ուղղված ոչ մի քայլեր չձեռնարկելու մասին։ Այսպես, օրինակ, Սոչիում նախատեսվում է Բաքու – Թեհրան - Մոսկվա եռակողմ գագաթնաժողովը էլեկտրաէներգետիկ ոլորտում, որտեղ Հայաստանի շահերից չբխող նախագծեր են քննարկվելու, սակայն կառավարության կողմից ոչ մի պաշտոնական հայտարարություն այս թեմայի վերաբերյալ չի եղել ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարվածության նվազեցման գործում՝  արտգործնախարարը նշել է, որ «Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը»:

Պետք է նշել, սակայն, որ տարածաշրջանում կայունության հասնելու համար Հայաստանը պետք է նախ և առաջ ունենա ներքին քաղաքական կայունություն, ապա՝ հարևան պետությունների վրա ազդեցության որևէ լծակներ, որը Հայաստանի դեպքում դժվար իրագործելի է՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած փակ սահմանները։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա Բոլթոնի հայաստանյան այցից պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում ճիշտ արձագանքել նույնիսկ իր պետության ներսում հնչեցրած այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների այնպիսի հայտարարություններին, ինչպիսին էր, օրինակ, այն, որ «ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, և այդ առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի»։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ Զ. Մնացականյանի հարցազրույցում տեղ գտած մի շարք հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանը հեղափոխությունից հետո շարժվում է ժողովրդավարության, ոչ արկածախնդիր ու հայակենտրոն արտաքին քաղաքականություն վարելու ուղղությամբ, ընդհուպ մինչև նպաստելով կայունությանը տարածաշրջանում, փաստացիորեն չի համապատասխանում քաղաքական իրականությանը, ինչը նաև արտգործնախարարության բացթողումների, թերացումների և առկա ռիսկերը ոչ պատշաճ գնահատելու հետևանք է։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն