Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը համաձայնեցրել են զինադադարի և պատանդների փոխանակման շուրջ նոր համաձայնագրի հիմնական կետերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մարտի 5-ին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան և եգիպտական աղբյուրների:
«Ներկայում երկու կողմերը պայմանավորվածության են հասել, որի համաձայն զինադադարը կտևի 40 օր, որի ընթացքում իսրայելցի 40 պատանդներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ ու 60-ից բարձր տարիքի տղամարդիկ, ազատ կարձակվեն իսրայելական բանտերում գտնվող 404 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց», - EFE-ի հրապարակումից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Նշվում է, որ Կահիրեում գործարքի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ, որոնցից 99, ենթադրաբար, ողջ են։
Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 30 500-ը, վիրավորների թիվը շուրջ 72 000 է։