Պուտինն առաջին անգամ խոսել է բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Նավալնիի մասին

article-image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը՝ առաջին անգամ արտաբերելով նրա անունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Պուտինի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մահը տխուր իրադարձություն էր, բայց «նման բաներ պատահում են»:

«Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին, այո՛, նա հեռացել է կյանքից։ Դա միշտ ցավալի իրադարձություն է։ Մեզ մոտ այլ դեպքեր էլ են եղել, երբ մարդիկ հեռացել են կյանքից։ Մի՞թե ԱՄՆ-ում նման բան չի պատահել։ Պատահել է և բազմիցս», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մարտի 17-ին ավարտված ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է ձայների 87,3 %-ը, նաև ասել է, որ Նավալնիի մահվանից առաջ համաձայնել էր նրան փոխանակել Արևմուտքում բանտարկված մարդկանց հետ։

«Ի դեպ, ասեմ ձեզ, անսպասելի կլինի, բայց պարոն Նավալնիի մահից մի քանի օր առաջ որոշ գործընկերներ ինձ ասացին, ոչ վարչակազմի անդամներ, որոշ մարդիկ ասացին, որ մտահղացում կա պարոն Նավալնիին փոխանակել որոշ մարդկանց հետ, որոնք անազատության մեջ են արևմտյան երկրներում: Դուք կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ: Ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել իր նախադասությունը, երբ ես ասացի՝ համաձայն եմ, միայն մի պայմանով՝ մենք նրան կփոխանակենք, բայց նա չպետք է վերադառնա, թող մնա այնտեղ», - ասել է ՌԴ նախագահը։

Այն, որ Պուտինին նման գործարք է առաջարկվել, ավելի վաղ հայտնել էին ընդդիմադիր գործչի համախոհները։ Մասնավորապես, փետրվարի 26-ին հետաքննող լրագրող, Նավալնիի համախոհ Մարիա Պևչիխն ասել էր, որ տեղյակ էր քննարկումների մասին, ըստ որոնց Նավալնին ԱՄՆ երկու քաղաքացիների հետ միասին, իբր, կարող էր փոխանակվել Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովի հետ:

Պևչիխը չի նշել ԱՄՆ այն քաղաքացիների անունները, որոնք կարող էին փոխանակվել Նավալնիի հետ միասին։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը ամերիկացի վետերան Փոլ Ուիլանի և Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի մասին է։ Երկուսն էլ Ռուսաստանում մեղադրվում են լրտեսության մեջ։

Կրասիկովը ցմահ ազատազրկման է դատապարտվել Գերմանիայում 2021 թվականին։ 2019 թվականին նա Բեռլինում կրակել և սպանել է չեչնիացի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիին։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտարարվել է, որ մահը վրա է հասել բնական պատճառներով։ Նավալնիի ընտանիքը և արևմտյան ղեկավարները Նավալնիի մահվան մեջ մեղադրում են ՌԴ նախագահին։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն