Ռումինիայում կառուցվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը

article-image

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է բացվել մինչև 2040 թվականը՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռումինական հեռուստատեսությունը:

Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրում (երկրի հարավ-արևելքի Կոնստանցայի գավառ) սկսվել են արդեն այստեղ գոյություն ունեցող ռազմական համալիրի ընդլայնման աշխատանքները, որը կտարածվի մի քանի հազար հեկտարի վրա, նշում է հեռուստաալիքը։ Այստեղ կգտնվեն հազարավոր ամերիկացի զինվորականներ՝ ընտանիքներով։ Ռումինիան նախագծում կներդնի 2,5 մլրդ դոլար։

Հսկայական ռազմական համալիրը, որը կհայտնվի «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանի ընդլայնման արդյունքում, կունենա 2800 հեկտար տարածություն և կներառի նոր օբյեկտներ։ Նախագիծը նախատեսում է օդանավակայանի ենթակառուցվածքի ընդլայնում, ներառյալ՝ թռիչքավայրէջքային գոտիներ, նոր կարգավարական աշտարակ, ռադիոփարոսի և ռադիոնավիգավիայի համակարգ, սիմուլյատոր և հանգարներ: Բացի այդ, այնտեղ կլինեն վարչական և սոցիալական շենքեր, դպրոցներ և մանկապարտեզներ, խանութներ, ռեստորաններ, կինոթատրոն և հիվանդանոց։ Քաղաքում կբնակվեն ՆԱՏՕ-ի 10 հազար զինվորներ՝ ընտանիքներով, և ռազմակայանի օժանդակ անձնակազմը։

Ըստ հեռուստաընկերության՝ աշխատանքներն արդեն սկսվել են համալիրի հարավային մասում, որտեղ կառուցվում են ճանապարհները և էլեկտրական ցանցը։ Ռազմակայանն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2040 թվականին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ արդյունքում Կոգելնիչանուի համալիրը կդառնա ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմակայանը Եվրոպայում։

Հեռուստաընկերությունը հավելում է, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ռազմակայանի  ընդլայնման որոշումը կայացվել է զինված հակամարտության ֆոնին, որը վերջին երկու տարիներին շարունակվում է Ռումինիայի սահմանների մոտ։

ԱՄՆ զինված ուժերը «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանն օգտագործում են սկսած 1999 թվականից:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն