Իշխանական ողջ քարոզչամեքենան կրկին գործի է դրվել. այս անգամ «թիրախում» գեներալ Օգանովսկին է

article-image

Օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայության կայքում հրապարկվեց «Ո՞վ է կրակել ցուցարարների վրա Երևանում 2008 թվականին. քննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատին» (Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха) վերնագրով հոդված և դրան կից՝ «Ցույցեր Հայաստանի մայրաքաղաքում. BBC-ին տեղեկացել է, թե ով է հրաման արձակել կրակել ցուցարարների վրա» (Протесты в столице Армении: Би-би-си узнала, кто руководил расстрелом демонстрантов) վերնագրով ռեպորտաժ։ Հոդվածի և ռեպորտաժի հեղինակը հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանն է։

Հոդվածը միանգամից տարածվեց հայկական լրատվամիջոցներում և քննարկումների առարկա դարձավ։ Որոշ լրատվականներ անմիջապես կազմակերպեցին հոդվածի մասնակի թարգմանությունը, սկսեցին վերլուծական հոդվածներ հրապարակել BBC-ի նյութի հիման վրա և դրանք տարածել իրենց բոլոր հարթակներով։ Ամենակողմնակալ թարգմանություններն ու մանիպուլացնող վերնագրերը հայտնվեցին իշխանական քարոզչամեքենա հանդիսացող լրատվականներում, որտեղ թմբկահարվող հիմնական միտքը հետևյալն էր. «BBC-ի տրամադրության տակ են հայտնվել նախաքննական նյութեր, որոնցից պարզ է դառնում, որ Օգանովսկին է հրամայել կրակել Մարտի 1-ի տասը զոհերի վրա»։

BBC-ի հոդվածի բովանդակության, տարածման ինտենսիվության, տարածման շրջանակների, թարգմանությունների բովանդակությունների և վերնագրերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ BBC-ին նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրումն ու հրապարակումը և ներհայաստանյան շրջանակների արձագանքները ի սկզբանե կազմակերպված են և ուղղորդվում են, ինչի համար գործի է դրվել իշխանական ողջ քարոզչամեքենան, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանությունն անմիջական կապ ունի նաև տեղեկությունների արտահոսքի հետ։

BBC-ի հոդվածը. «Ո՞վ է կրակել ցուցարարների վրա Երևանում 2008 թվականին. քննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատին»

BBC-ի հոդվածի թե՛ վերնագիրը և թե՛ բովանդակությունն ի սկզբանե մանիպուլացնող են։

Եվ այսպես, ինչպես տեղեկանում ենք հոդվածից, BBC-ի տրամադրության տակ են հայտնվել Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններ, մասնավորապես, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի՝ նախորդ տարվա օգոստոսի 15-ի ցուցմունքների արձանագրությունների կրկնօրինակները։

Քննարկվող հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը, իր ձեռքի տակ ունենալով ցուցմունքների արձանագրությունները, հանրության համար հասանելի է դարձրել այն հարցադրումները (կամ ինչպես ինքն է նշում՝ «պնդումները»), որոնք արել է նախաքննության մարմինը Սամվել Կարապետյանի հարցաքննության ժամանակ։ Հեղինակը, չնայած նրան, որ անընդհատ հղում է անում նախաքննության մարմինների «պնդումներին», այնուամենայնիվ, նյութը կառուցել է այնպես, որ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվի, որ նախաքննության մարմինների հարցաքննության ընթացքում արված «պնդումներն» ու հարցադրումները բացարձակ ճշմարտություններ են և արդեն իսկ հաստատված փաստեր։

Մինչդեռ, նախաքննության մարմինները ցուցմունքներ վերցնելու համար կարող են անել հարցադրումներ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու համար, որոնք կարող են հերքվել ցուցմունք տվող անձի կողմից։ Այս դեպքում, ի դեպ, այդպես էլ եղել է։ Մարտի 1-ի տասը զոհերի վրա կրակելու հրաման արձակելու մասին հարցադրումը հերքվել է Կարապետյանի կողմից, որը BBC-ի նյութում տեղ է գտել ընդամենը մեկ նախադասությամբ։

Էլ չենք խոսում այն մասին, որ փաստերը հաստատվում են բացառապես դատարանի կողմից՝ գործում առկա բոլոր նյութերի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության հիման վրա։

Ուստի՝ հեղինակի մոտեցումը և Սամվել Կարապետյանին ընթերցողի աչքում տասը զոհերի վրա կրակելու կազմակերպիչ դարձնելը ոչ այլ ինչ է, քան ձեռքի տակ հայտնված նյութերի հիման վրա մանիպուլյացիաներ անելու ակնհայտ դիտավորություն և անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարում։

Բացի այդ, քանի որ հեղինակը նշում է, որ իր ձեռքում է հայտնվել Սամվել Կարապետյանի ցուցմունքների արձանագրության կրկնօրինակը, հարցաքննության և կազմվող արձանագրության մասին թեկուզ մի փոքր պատկերացում կամ տրամաբանություն ունեցողի համար ակնհայտ է, որ ցուցմունքների արձանագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն նախաքննության մարմինների հարցադրումները, այլ նաև ցուցմունք տվողի պատասխաններն այդ հարցադրումների վերաբերյալ։ Մինչդեռ Գրիգոր Աթանեսյանը հանրությանն է ներկայացրել միայն նախաքննական մարմինների հարցադրումները (կամ ինչպես ինքն է ասում՝ պնդումները), իսկ Սամվել Կարապետյանի ցուցմունքները «վրիպել են» հեղինակի աչքից։ Այսինքն, թե նախաքննության մարմինների հարցադրումներին Սամվել Կարապետյանի կողմից ինչ պատասխաններ են հնչել (հերքում, հաստատում, պարզաբանում և այլն), «խնամքով թաքցվել է» ընթերցողից և ամբողջացվել մեկ՝ «Սամվել Կարապետյանը հերքել է այդ ամենը» նախադասությամբ։ Սա ևս վկայում է հեղինակի կողմից հոդվածը դիտավորյալ կերպով միակողմանի ներկայացնելու և Սամվել Կարապետյանին տասը զոհերի մահվան մեջ մեղադրելու ակնհայտ դիտավորության մասին։

BBC-ի հոդվածում տեղ գտած մանիպուլյացիաներին առավել մանրամասն անդրադարձ է կատարված մեր հոդվածի վերջում։

Գեներալ Սամվել Կարապետյանի անդրադարձը

«Tert.am»-ի հետ զրույցում գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) նշել է.

«Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումներ» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն»:

«Aravot.am»-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանը նշել է.

«Ղալաթ են անում իրենք, որ նման բան են հրապարակում: Ոչ մի կրակոց չկա։ Հրամանի համաձայն, մի հատ փամփուշտ չի կրակվել: Հազար ու մի բան կարող են ասել, նստեմ սաղին պատասխա՞ն տամ: Մեր կողմից հրամանի համաձայն մի հատ փամփուշտ չի կրակվել: Մենք եղել ենք կառավարության շենքում, որտեղ ոչ մի կրակոց չի եղել: Մենք կառավարության շենքից դուրս չենք եկել»։

Իսկ «ArmLur.am»-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանը նշել է.

«Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ՝ Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ»:

Այսպիսով՝ Սամվել Կարապետյանը լրատվականների հետ զրույցում հերքել է BBC-ի հոդվածում տեղ գտած, այնուհետև հայկական լրատվամիջոցներում տարածված այն պնդումը, թե Մարտի 1-ի զոհերին կրակելու հրամանն արձակվել է Սամվել Կարապետյանի կողմից։

Իրավապահ մարմինների արձագանքները

Հոդվածի հրապարակումը և հայաստանյան շրջանակներում տարածվելը քննարկումներ առաջացրեց տարբեր սոցիալական ցանցերում։ Օգտատերերը մեղադրում էին իրավապահ մարմիններին ոչ միայն նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահպանել չկարողանալու, այլ նաև անձամբ այդ տեղեկությունները փոխանցելու մեջ, այն հիմնավորմամբ, որ այդ տեղեկությունները հասանելի են սահմանափակ թվով շրջանակների։ Նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերի տարածման մեղադրանքներ հնչեցին նաև Մարտի 1-ի գործով ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի, Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի նկատմամբ։

Հատուկ քննչական ծառայության արձագանքը

Հատուկ քննչական ծառայությունից BBC-ի ռուսական ծառայությանը «Մարտի 1»-ի գործով որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել էր ՀՔԾ լրատվական բաժնից։

Այսպիսով՝ ՀՔԾ-ն հերքել է իր կողմից տեղեկատվության տրամադրումը BBC-ին։

Դատախազության արձագանքը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակմանն անդրադարձել էր ֆեյսբուքյան իր էջում.

Այսպիսով՝ գլխավոր դատախազի խորհրդականի գրառումից ակնհայտ է դառնում, որ դատախազությունը BBC-ի հոդվածում տեղ գտած տեղեկությունները ապացույցների մասով ոչ բավարար է համարում, հակառակ դեպքում՝ արդեն իսկ հարուցված կլիներ քրեական հետապնդում։ Իսկ գաղտնի տեղեկությունների արտահոսքի մասով Գոռ Աբրահամյանը նշել է, որ այդպիսի փորձի մասին հայտնի դառնալու դեպքում միջոցներ կձեռնարկվեն…։

Ազգային անվտանգության ծառայության արձագանքը

«168.am»-ը մեկնաբանություն է խնդրել Ազգային անվտանգության ծառայությունից, թե արդյո՞ք ունեն որևէ արձագանք BBC-ի ռուսական ծառայության հրապարակման առնչությամբ, ծառայությունից պատասխանել են՝ «Չունենք արձագանք»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի անդրադարձը

«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է», - օգոստոսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին՝ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Այսպիսով՝ եթե դատախազությունը հնարավոր է համարում, որ BBC-ի ձեռքում հայտված տեղեկությունները գուցե նաև նախաքննական գաղտնիք չեն կազմում, ապա ԱԽՔ-ը չի հերքում, որ BBC-ի ձեռքում հայտնվել են նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններ։

Համադրելով իրավապահ մարմինների արձագանքները՝ կարելի է եզրակացնել, որ հարցին քիչ թե շատ բովանդակային անդրադարձ է կատարել դատախազությունը՝ հերքելով BBC-ի հոդվածում տեղ գտած տեղեկությունները Սամվել Կարապետյանի՝ Մարտի 1-ի տասը զոհերի սպանությունների հրամանը արձակած լինելու մասով, ինչը, ըստ էության, BBC-ի մանիպուլացնող հոդվածի հիմնական «մեխն» էր և հայկական քարոզչամեքենա հանդիսացող լրատվամիջոցներում գլխագրերով շրջանառվող օրվա թոփ թեման։

Վահե Գրիգորյանի անդրադարձը

Անդրադառնալով «Politik.am»-ի այն տեղեկություններին, որ BBC-ին նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանցվել են Մարտի 1-ի գործով նախկինում ներկայացուցիչ, ներկայումս ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից՝ վերջինս ֆեյսբուքյան իր էջում հերքել է իր առնչությունը։

Սեդա Սաֆարյանի հարցազրույցները

Սեդա Սաֆարյանը հանդիսանում է Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ և այդ գործով թվով տուժողների ներկայացուցիչը։

BBC-ի նյութի հրապարակումից կարճ ժամանակ անց Սեդա Սաֆարյանը մի շարք հարցազրույցներ է տվել։ Բացի այդ, արդեն նշել ենք նաև, որ Սեդա Սաֆարյանին ևս մեղադրել են նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններով փաստաթղթերի արտահոսքի համար։ Սակայն այս մեղադրանքներին վերջինս չի անդրադարձել։

Իր հարցազրույցներում Սեդա Սաֆարյանը հիմնավորել է BBC-ում հայտնված տեղեկությունների իսկությունը մի շարք դրվագներով, այդ թվում՝ Ղարաբաղից զինված ուժեր բերելու, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսյանյանի առնչության մասով։ Մինչդեռ վերջին 2-ը հերքել են իրենց առնչությունը դեպքերին։

Ներկայացնում ենք Սեդա Սաֆարյանի հարցազրույցներից մի քանիսը.

  • «Factor.am». «Մարտի 1-ին Օգանովսկու կրակելու հրամանի հետ կապված ցուցմունքներ կան. Սեդա Սաֆարյանը սկանդալային մանրամասներ է ներկայացնում»
  • «Civilnet.am». «Օգանովսկու խմբում եղել են նախկին զինվորականներ. Սեդա Սաֆարյան»
  • «Azatutyun.am». «Գործում նման ցուցմունքներ կան և այն ինչ հրապարակվել է BBC-ի հոդվածում նորություն չէր. Սեդա Սաֆարյան»
  • «Armdaily.am». «Օգանովսկին կցկտուր ցուցմունքներ է տվել, բայց դրանք ոչինչ չեն նշանակում. Սեդա Սաֆարյան»
  • «A1plus.am». «BBC.com-ի անդրադարձը Մարտի մեկի գործին բավականին հիմնավոր է․փաստաբան»

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների անդրադարձը

BBC-ի հոդվածում հեղինակը նշել էր. «2008-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ նոր քննությունը արդեն իսկ դրվել է նախկին նախագահ Քոչարյանի դատավարության հիմքում»:

Մինչդեռ օգոստոսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հերքել է Գրիգոր Աթանեսյանի այդ պնդումը և նշել. «Մեզ ներկայացված գործի նյութերում չկա գոնե 1 ցուցմունք, որը կհաստատի BBC-ի հրապարակած պնդումները։ Ասեմ ավելին, եթե մեկ ցուցմունք թեկուզ լիներ, որ այդ հանգամանքը հաստատվեր, հիմա վաղուց արդեն աղմուկը լսել էիք, վաղուց արդեն դա տեղավորվել էր մեղադրական եզրակացության մեջ, վաղուց դա արդեն հրապարակվել էր բազմաթիվ հնարավոր եղանակներով»։

Այսպիսով՝ BBC-ի հոդվածում տեղ գտած այդ հատվածը ապատեղեկատվություն է՝ ընթերցողին համոզելու համար, որ այն, ինչ գրված է BBC-ի հոդվածում ոչ միայն ճշմարտություն է, այլ անգամ տեղ է գտել Քոչարյանի գործի հիմքում։

Լրատվամիջոցների անդրադարձը

Ինչպես արդեն նշեցինք, BBC-ի հոդվածի հրապարակումից կարճ ժամանակ անց այն մասամբ թարգմանվեց և որպես բացարձակ ճշմարտություն «Clickbait» վերնագրերով տարածվեց հատկապես այն լրատվամիջոցների կողմից, որոնք հանրային ընկալումներում համարվում են «իշխանությունների քարոզչամեքենաներ»։ Որո՞նք են այդ լրատվամիջոցները, և ի՞նչ մանիպուլյացիաներ են արել դրանք։

«1in.am»-ի հրապարակումը՝ «BBC-ն բացահայտել է Մարտի 1-ի սպանությունների հեղինակին դա եղել է Արցախից բերված ջոկատը» վերնագրով։

Այն, որ «1in.am»-ը վերջին 1 տարում հանրային ընկալումներում դարձել է իշխանությունների անձնական քարոզչամեքենան, ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Մասնավորապես, Մարտի 1-ի գործով «1in.am»-ի «ցավագին» անդրադարձները գուցե պայմանավորված են նրանով, որ լրատվականի սեփականատեր Արման Բաբաջանյանը, ում ներկայացրած քաղաքական ուժը հասարակության շրջանում արդեն իսկ ընկալվում է որպես մեր ժամանակների «Օրինաց երկիր», Մարտի 1-ի գործի շարունակության հարցում ունի անձնական շահագրգռվածություն և ինչու ոչ, նաև վրեժխնդրության զգացում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Սակայն «1in.am»-ի անդրադարձը BBC-ի քննարկվող հոդվածին մանիպուլացնող և պրոպագանդիստական անվանելն անգամ մեղմ է հնչում։ «1in.am»-ի հրապարակման ոչ միայն վերնագիրն է մանիպուլացնող, այլ նաև ամբողջ նյութի բովանդակությունը։

Հոդվածում նշվում է. «Պարզվում է՝ 2008-ի դրամատիկ իրադարձություննների օրերին Հայաստանում է գտնվել Արցախից բերված 20 հոգանոց խումբ՝ ՊԲ հրամանատարի այդ ժամանակվա տեղակալ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, որը հայտնի է նաև Օգանովսկի անունով, որն էլ իրականացրել է տասը սպանությունները»։

Հարկ է նշել, որ անգամ BBC-ի կողմնակալ հոդվածում նման պնդումներն արվում են ոչ թե BBC-ի անունից, այլ` հղում անելով նախաքննական մարմինների «պնդումներին»։ Մինչդեռ «1in.am» լրատվականը սպանությունները վերագրում է Օգանովսկուն և դրանք ներկայացնում որպես բացարձակ իրողություն՝ BBC-ի անունից։

Մեկ այլ հատվածում նշված է. «Հեղինակավոր կայքը, սակայն, իրեղեն ապացույցների հիման վրա, պնդում է, որ Օգանովսկու զինված ջոկատը ոչ միայն Հայաստանում է եղել, այլև տեղակայվել է Բաղրամյան 26-ում՝ նախագահի աշխատակազմի շենքում»։

«Իրեղեն ապացույց» ասելով` «1in.am»-ն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել արձանագրության կրկնօրինակները։ Դա, բնականաբար, իրեղեն ապացույց չէ, դեռ ավելին, արձանագրության մեջ տեղ են գտնում նախաքննական մարմնի «հարցադրումները» և ոչ թե «պնդումները», որոնք կարող են հերքվել։

Բացի այդ, «1in.am»-ի հրապարակման մեջ տեղ գտած «10 սպանություններ իրականացրած», «վարձկաններ», «իրեղեն ապացույցներ», «զինված ուժերը արշավել են Երևան», «օլիգարխացած զինվորական» արտահայտությունները «1in.am»-ի հրապարակման հեղինակի «մտքի թռիչքի» հետևանքն են, և չնայած ներկայացվում են BBC-ի նյութի անվան տակ, սակայն բուն BBC-ի նյութում նման արտահայտություններ չկան։

Հարկ է նշել նաև, որ «1in.am»-ի այս հրապարակման հեղինակը ջանք չի խնայել մի քանի անգամ նշելու, որ BBC-ին հեղինակավոր է, և այդ լրատվականում տեղ գտած ինֆորմացիան որևէ պարագայում չի կարող ապատեղեկատվություն լինել` այդպիսով փորձ անելով ընթերցողին համոզել, որ այն, ինչ ներկայացված է BBC-ի և «1in.am»-ի հոդվածներում, բացարձակ ճշմարտություն է։

«1in.am»-ը, ինքն էլ հավատալով, որ BBC-ի հրապարակածը բացարձակ իրողություն է, մի քանի մանիպուլյատիվ և կողմնակալ վերլուծական հոդվածներ է հրապարակել BBC-ի նյութի հիման վրա։ Օրինակ՝ «Ի՞նչ էր անում Օգանովսկին Քոչարյանի «պադվալում»», «Այդպես շարունակվել չի կարող. ի՞նչ էր Մարտի 1-ը», «Ռումբ Մարտի 1-ի գործում. նոր անուններ ու նոր հանգամանքներ»։

«Civilnet.am»-ի հոդվածը՝ «Ո՞վ է Մարտի 1-ին հրաման տվել կրակելու ցուցարարների վրա BBC-ի անդրադարձը»

«Civilnet.am»-ը վերջին 1 տարվա ընթացքում ևս հանրային ընկալումներում ձեռք է բերել իշխանություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին «չքննադատելու երդում տված» և նրանց քարոզչությունն իրականացնող լրատվամիջոցի համբավ։ «Civilnet.am»-ի լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը պարբերաբար հիմնավորում է վերոգրյալը տարբեր հարցազրույցների, գրառումների և այլ հրապարակային միջոցներով։

Հարկ է նշել, որ BBC-ի հոդվածի հայերեն թարգմանության «Civilnet.am»-ի տարբերակը ամենաառաջիններից է հայտնվել համացանցում։ Հետաքրքիր է, որ հայերեն թարգմանության մեջ տեղ են գտել BBC-ի հոդվածի միայն այն հատվածները, որոնք վերաբերվում են Սամվել Կարապետյանին։ Մի քանի նախադասությամբ թարգմանվել են նաև այլ հատվածներ, որոնք վերաբերվում են Մարտի 1-ի քրեական գործի այլ դրվագներին։ Սակայն BBC-ի նյութում տեղ գտած այնպիսի հատվածներ, որոնցում, օրինակ, Մարտի 1-ի գործի մասին խոսվում է որպես «ընտրովի արդարադատության դեպք», «վրիպել են» «Civilnet.am»-ի թարգմանության հեղինակի աչքից։ Ինչից էլ կարելի է եզրակացնել, որ լրատվականի նպատակն է եղել ընթերցողի ամբողջ ուշադրությունը հրավիրել հենց Սամվել Կարապետյանի վերաբերյալ տեղեկատվության վրա։

Թաթուլ Հակոբյանին պատկանող մեկ այլ հարթակում՝ «Aniarc.am»-ում ևս տեղ է գտել «Civilnet.am»-ի թարգմանությունը՝ «Ո՞վ է 2008-ի Մարտի 1-ին հրաման տվել կրակելու ցուցարարների վրա․ BBC-ն անուններ է նշում» վերնագրով։

«Azatutyun.am»-ի հոդվածը և ռեպորտաժը՝ «BBC-ն՝ Մարտի 1-ի մասին «Գործողությունը, ըստ քննության, ղեկավարել է Օգանովսկի»»

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում ևս հայտի է իր հակասական գործունեությամբ և կողմնակալ լրատվությամբ։ «Ազատությանը» ևս հաճախ մեղադրում են իշխանությունների քարոզչությամբ զբաղվելու համար։ Դա է վկայում նաև այն, որ «Ազատությունը» նույնպես անմիջապես ձեռնամուխ եղավ BBC-ի հոդվածի թարգմանությանն ու այն հրապարակեց՝ վերնագրում նշելով Օգանովսկու անունը, չնայած նրան, որ BBC-ի նյութի վերնագրում Օգանովսկու անունը նշված չէ։ Այդ նույն վերտառությամբ նյութը հրապարակվել է նաև ֆեյսբուքյան էջում։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը՝ «BBC-ի հոդվածը մարտի 1-ի մասին» վերնագրով։

Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել BBC-ի հոդվածի վերաբերյալ։ Այնուհետև ռեպորտաժը տեղադրվել է Հանրային հեռուստաընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջում «BBC-ի ռուսական ծառայությունը պնդում է՝ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու գործողությունը ղեկավարել է Սամվել Կարապետյանը» վերտառությամբ՝ հետևորդների ուշադրությունը հրավիրելով BBC-ի մանիպուլյացիայի վրա։ Մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր առաջնորդվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով և ապահովեր անկողմնակալության ու օբյեկտիվության, ինչպես նաև անձի անմեղության կանխավարկածի սկզբունքները։

«Factor.am»-ի հոդվածը՝ «Մարտի 1-ին Արցախից ժամանած ուժայիններին ղեկավարել է գերենալ-մայոր Օգանովսկին. BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը»

«Factor.am»-ը ևս հանրային ընկալումներում ունի կողմնակալ լրատվություն մատուցողի համբավ, ինչը ևս մեկ անգամ ապացուցվում է BBC-ի հոդվածին անդրադարձով։ «Factor.am»-ը ևս վերնագրում շեշտել է Օգանովսկու անունը։ Իսկ արդեն հոդվածի բովանդակության մեջ նշել է. «Հրապարակման համաձայն՝ ցուցարարների ուղղությամբ կրակողներին ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), որը գործով որպես վկա է անցնում»՝ մոռանալով նշել, որ դա ընդամենը նախաքննության մարմնի վարկածներից է եղել, ոչ թե հաստատված փաստ։

Այլ կառույցների և անձանձ անդրադարձը

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» հիմնադրամը, որը, ինչպես նշված է հիմնադրամի պաշտոնական կայքում, անկախ հետազոտական ինստիտուտ է և հետապնդում է մարդու իրավունքների, քաղաքական ազատության և ազատ շուկայի վրա խարսխված Հայաստանի արտաքին ու ներքին ինքնիշխան քաղաքականությունների վերլուծության նպատակ, ևս ակտիվորեն զբաղվել է BBC-ի հրապարակման և դրա միակողմանի մեկնաբանությունների տարածմամբ։ Թե որքանով է դա համապատասխանում հիմնադրամի գործունեությանը, այս դեպքում այդքան էլ էական չէ, քանի որ այս հարթակի ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյանը, ակտիվորեն  զբաղվում է իշխանությունների առաջ քաշած թեզերի քարոզչությամբ, իսկ նրա քույրը՝ Սեդա Սաֆարյանը, հանդիսանում է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ և Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ։ Ուստի՝ սրանով է պայմանավորված, որ անկախ հետազոտական ինստիտուտը իր էջում տեղադրում է իր գործառույթների հետ առնչություն չունեցող հրապարակումներ, մասնավորապես՝ Սեդա Սաֆարյանի հարցազրույցները։ Ներկայացնում ենք ՄԱՀԻԻ էջում տեղադրված նյութերից մի քանիսը (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17).

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի անդրադարձը

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը BBC-ի հոդվածը կիսել է իր պաշտոնական թվիթերյան էջում և խորհուրդ տվել այն ընթերցել հատկապես նրանց, ովքեր խորշում են ռեպորտաժներ պատրաստել կամ հրապարակային դատողություններ հնչեցնել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։

«Մաեստրո/Maestro» ֆեյսբուքյան էջի անդրադարձը

«Մաեստրո» ֆեյսբուքյան էջը, որը, օդում կախված և չհերքված տեղեկությունների համաձայն, համարվում է ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի ֆեյսբուքյան էջը, ևս կիսել է BBC-ի հոդվածը։

Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանական ողջ քարոզչամեքենան լծված է եղել BBC-ի միակողմանի նյութի հիման վրա գեներալ Սամվել Կարապետյանին Մարտի 1-ի տասը զոհերի մահվան մեջ մեղադրելու «գործին»։

Սամվել Կարապետյանի ցուցմունքն ամբողջությամբ. ինչ է ասել նախաքննական մարմիններին գեներալ Օգանովսկին

BBC-ի հոդվածից բարձրացած աղմուկից 2 օր անց «ArmLur.am» լրատվականը հրապարակեց Սամվել Օգանովսկու՝ Մարտի 1-ի գործով ցուցմունքն ամբողջությամբ։

Ցուցմունքի բովանդակության ուսումնասիրությունը հաստատում է մեր այն պնդումները, որ BBC-ի հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը դիտավորությամբ միակողմանի է ներկայացրել իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերում առկա տեղեկությունները։ Հոդվածում չի ներառել նախաքննական մարմնի հարցադրումների կապակցությամբ Կարապետյանի հնչեցրած պարզաբանումները, պատասխանները, որոնք կարող էին հոդվածին օբյեկտիվ բնույթ հաղորդել։

  • Ի՞նչ է գրել BBC-ն.

​«Քննությունը համարում է, որ ցուցարարների վրա կրակելը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։ Խմբի բոլոր անդամները պատրաստակամություն են հայտնել կրակել ժողովրդի վրա հրամանի առկայության դեպքում, և հենց այդ խումբն է կրակել մարտի 1-ի ցուցարարներին»։

  • Ի՞նչ է հարցրել նախաքննության մարմինը, և ի՞նչ է պատասխանել Օգանովսկին.

  • Ի՞նչ է գրել BBC-ն.

«Նրա (Օգանովսկու) զորքը տեղակայվել է նախագահի նստավայրի նկուղում»։

  • Ի՞նչ է ասել Օգանովսկին։

  • Ի՞նչ է գրել BBC-ն.

«Քննությունը նաև ստուգում է երկու խոշոր գործարարներ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերակատարումը, որոնք կարող էին ֆինանսավորել ցույցերի օրերին Երևանում գտնվող ղարաբաղյան ուժայինների կացությունը»։

«Գործողությունների ընթացքում ՀՔԾ-ի աշխատողները պնդել են, որ Ծառուկյանն ու Ալեքսյանյանն 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին Երևան ուղարկված ղարաբաղյան զինվորականներին ապահովել են գումարով և սնունդով»։

«Ծառուկյանի ներկայացուցիչն այցելել է նախագահական նստավայրի նկուղում տեղակայված Կարապետյանի ենթակայության տակ գտնվող զինվորականներին և գումար է բաժանել նրանց»։

  • Ի՞նչ է հարցրել նախաքննության մարմինը, և ի՞նչ է պատասխանել Օգանովսկին.

  • Ի՞նչ է գրել BBC-ն.

«Քննության վարկածով Կարապետյանը ձևավորել է իր ենթականերից 20 հոգուց բաղկացած հատուկ խումբ, որը տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող նախագահական նստավայրում։

  • Ի՞նչ է հարցրել նախաքննության մարմինը, և ի՞նչ է պատասխանել Օգանովսկին.

  • Ի՞նչ է գրել BBC-ն.

«Այնտեղ (նախագահական նստավայրի նկուղում) խմբի անդամներին մի քանի անգամ այցելել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ (ընտրված նախագահ) Սերժ Սարգսյանը։

  • Ի՞նչ է հարցրել նախաքննության մարմինը, և ի՞նչ է պատասխանել Օգանովսկին.

Այսպիսով՝ Սամվել Կարապետյանի ցուցմունքի ամբողջական տարբերակի հրապարակումը «ArmLur.am»-ում փաստում է, որ BBC-ի հոդվածի հեղինակը, իր ձեռքի տակ ունենալով ցուցմունքի արձանագրության ամբողջական տարբերակը, հոդվածում հրապարակել է միայն նախաքննության մարմնի՝ Կարապետյանին ուղղված հարցադրումները (որոնք հեղինակն անվանում է «պնդումներ»), իսկ Կարապետյանի պատասխանները, որոնցով հերքվում է ցուցարարների վրա կրակելու հրամանի արձակումը վերջինիս կողմից և Մարտի 1-ի տասը զոհերի մահվան մեջ նրա մեղավորությունը, չեն հրապարակվել հոդվածում։

Իսկ դրան հաջորդած լրատվականների մանիպուլացնող վերնագրերը, թարգմանությունները և վերլուծությունները, ինչպես նաև իշխանական քարոզչամեքենա հանդիսացող այլ արբանյակների ջանքերը, որոնցում «կարմիր թելով» անցնում էր գեներալ Սամվել Կարապետյանի՝ Մարտի 1-ի տասը զոհերի մահվան մեջ մեղավորության «փաստը», վկայում է այն մասին, որ այս տեղեկատվական արշավը կազմակերպվել է և իրականացվել իշխանական շրջանակների կողմից։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն