Կակիստոկրատիա՝ ոչ կոմպետենտության գերակայություն․ «Հետհեղափոխական» Հայաստանի իրականությունը. Մաս 1

article-image

AntiFake.am-ի նոր՝ «Քաղաքագիտական փաստերի ստուգման» բաժնում այսուհետ կարող եք կարդալ և ստուգել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող իրականությունը համապատասխանում դրան բնորոշող քաղաքագիտական եզրույթներին:

«Հետհեղափոխական» Հայաստանը ներկայիս իշխանությունների կողմից ներկայացվում է որպես «ժողովրդավարության բաստիոն»։ Այս բաժնում կներկայացնենք, թե ինչ քաղաքական վարչակարգ է գործում Հայաստանում. արդյո՞ք առկա է ժողովրդավարություն, թե՞ առկա են դրա «այլասերված» տարբերակները, արդյո՞ք Հայաստանում եղել է այնպիսի քաղաքական վարչակարգը, ինչպիսին տարիներ շարունակ մատուցվել է հասարակությանը, եթե ոչ, ապա ի՞նչ վարչակարգ է եղել իրականում։ Ի՞նչ վարչակարգից է Հայաստանի Հանրապետությունը անցում կատարել մերօրյա իրողություններին, որոնք են այս ամենի քաղաքագիտական հասկացությունները, որքանով են դրանք ճիշտ ներկայացվում կամ խեղաթյուրվում։


Քաղաքագիտական փաստերի ստուգման առաջին հրապարակումը վերաբերվում է կակիստոկրատիային, որը, մեր պնդմամբ, ներկայումս բնորոշում է Հայաստանում տիրող քաղաքական իրողությունները։

Կակիստոկրատիան առաջացել է հունարեն կակոս՝ «վատ» կամ կակիստոս «ամենավատ» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից։ Այն հասարակության առավել անգրագետ, ցածր որակավորում ունեցող և անսկզբունքային քաղաքացիների կողմից պետության կառավարումն է։ Չանդրադառնալով ներկայիս կառավարության գրագիտության և ցածր որակավորման մակարդակին՝ պետք է փաստել, սակայն, որ ներկայիս իշխանությանը բնորոշ է անսկզբունքայնությունը, այն է՝ նախքան «հեղափոխությունը» տրված որոշ խոստումներ չեն համապատասխանում «հեղափոխությունից» հետո եղած իրականությանը։ Սրանում համոզվելու համար կանդրադառնանք կառավարության ծրագրի մեջ տեղ գտած որոշ սկզբունքներին և դրանց իրական գործածմանը՝

1. Տնտեսության զարգացման համար ծրագրում նշված էր արհեստական տնտեսական մենաշնորհների բացառման, տնտեսական մրցակցության պաշտպանության, աշխատատեղերի ստեղծման, աղքատության հաղթահարման և այլնի մասին։ Սակայն գործնականում շաքարավազի մենաշնորհը ոչ միայն չի վերացել, այլև շարունակում է տնտեսական մրցակցության ապահովման համար անհավասար պայմաններ ստեղծել։ Չնվազեցին նաև էլեկտրաէներգիայի գները, որոնք, ըստ վարչապետ Ն․ Փաշինյանի, պետք է առնվազն 20 տոկոսով իջնեին։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը, ապա Ն․ Փաշինյանը մասնակցել էր Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը, որը սկզբնական փուլում պետք է ունենար 70-80 աշխատատեղ, սակայն հետո պարզ դարձավ, որ այն անգամ գրանցված չէ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ինչը կասկածի տակ է դնում այդ գործարանի իրական լինելը։ Միևնույն ժամանակ ներկայացվում էր 51 հազար աշխատատեղի մասին, որոնք սակայն ոչ թե ստեղծվել էին, այլև պարզապես  դուրս էին բերվել ստվերից։ Աղքատության հաղթահարման նպատակով Փաշինյանը նոր թեզ էր ներկայացրել, ըստ որի՝ աղքատությունը մարդկանց ուղեղում է: Այստեղից կարելի է ենթադրել, որ աղքատության հաղթահարումը դրված է յուրաքանչյուր աղքատ քաղաքացու ուսերին, ով պարզապես պետք է դուրս հանի այդ վիճակը իր ուղեղից, և կառավարությունը այստեղ որևէ անելիք չունի։

2. Ծրագրի մեկ այլ կարևոր կետերից էր բռնությունից զերծ հանրության հաստատումը,  բռնության դեպքերի նվազեցումն և բացառումը։ Այս հանգամանքով Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր «ասֆալտին փռել և պատերով տալ» բռնությամբ հարց լուծել փորձողներին։ Նմանատիպ հայտարարություն էր արել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով նշել էր, որ «թպրտացողներին պատրաստ են փռել ասֆալտին օրենքի սահմաններում»։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ներկայիս կառավարությունը բռնության դեմ պայքարում է օրենքի սահմաններում բռնության միջոցով, որն առնվազն անհեթեթություն է և կանխման փոխարեն նպաստելու է դրա տարածմանը։

3. Ծրագրում նշված էր, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում։ Սակայն, ի պատասխան Ն․ Փաշինյանի այն հայտարարության, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում։ Կառավարության այս կետը առանձնահատուկ է այնքանով, որ Արցախը ոչ միայն չդարձավ բանակցային սեղանի կողմ, այլև Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ևս հակամարտության կողմ է և ինքը պատրաստ է ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի։

4. Մեկ այլ կարևոր կետ էր այն, որ կառավարությունը ջանքեր է գործադրելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի ակտիվ ու նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը։ Սակայն, գործնականում Փաշինյանը որոշում ընդունեց ազատել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին իրեն վերապահված պաշտոնից մեկ տարի շուտ` մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ, որին հաջորդեց  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման մասին տեղեկությունների տրամադրումը և Ղազախստանի նախագահ Նազարբաևի` ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Նման զարգացումը ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների կողմից սխալ մշակած մարտավարությունը, որը ոչ միայն չնպաստեց Հայաստանի առավել արդյունավետ անդամակցությանը ՀԱՊԿ-ին, այլև ցույց տվեց Հայաստանի իշխանությունների հանդեպ ՀԱՊԿ-ի որոշ անդամների  անվստահությունն ու անլրջությունը և թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում:

5. Ծրագրում նշված էր, որ Հայաստանի զարգացմանը և արժանապատիպ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի և անհատների գոյությամբ, օրենքի և այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ ու անպատժելիությամբ։ Արդարության զգացման և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ դատական համակարգն է։ Այդ նպատակով Ն. Փաշինյանը նշել էր, որ ինքը զերծ է մնալու դատավորների «շեֆի» տարօրինակ դերակատարումը ստանձնելուց: Ավելին, հայտարարել է , որ հրաժարվել է նման գործելակերպից, որովհետև դա դեպի դիկտատուրա տանող ուղիղ և ժողովրդական հեղափոխությամբ վարչապետի կարգավիճակի հասած մարդու համար անպատվաբեր ճանապարհ է: Ն. Փաշինյանը նաև պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ելույթում ասել էր. «Ձեզ թվում է՝ մենք դատավորներին զանգելու և հաթաթա տալու ձևերը չգիտե՞նք, թե՞ ձեզ թվում է՝ մենք ձևերը չգիտենք, թե ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել: Բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից»: Սակայն, իրականությունը ցույց է տալիս ճիշտ հակառակ պատկերը։ Ն․ Փաշինյանը իր օրինակով փաստում է ներկայումս արդարության բացակայության մասին։ Այսպես, Ն. Փաշինյանը մի կողմից ասում է, որ իրենք հրաժարվել են  դատավորներին այս կամ այն որոշումը պարտադրելուց, մյուս կողմից կոչ է անում արգելափակել դատարանների շենքերի մուտքերը։ Դատարանների շենքերի մուտքերը փակողների մեջ կային անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ն. Փաշինյանի՝ «ինչի այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞» հայտարարությունը ևս վերոգրյալի վառ ապացույցներից է։ Բացի այդ, Ն․ Փաշինյանը թեև հայտարարել էր, որ քաղբանտարկյալներին ազատ է արձակելու, միևնույն ժամանակ փաստ է, որ ազատ են արձակվել Շանթ Հարությունյանը, Անդրեաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռեր» խմբավորման հիմնական դերակատարները, իսկ նրանց փոխարինելու են եկել Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը։

6. Ծրագրի մեկ այլ կետերից էր Երևանում և մարզերում տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը և զարգացումը, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեությանը նպաստելու համար բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացումն ապահովելը։ Սակայն, խթանելու փոխարեն Հայաստանի կառավարությունը որոշեց լուծարել նախկին իշխանությունների կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամը, որի գործընթացը կազմակերպելու նպատակով որոշվեց Պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 47,28 մլն դրամ: Մինչ այժմ կառավարությունը չի ստեղծել նոր հիմնադրամը, ինչը ավելի է խթանում հայկական տեխնոլոգիական կենտրոններից ուղեղների արտահոսքը այլ երկրներ։

7. Կառավարության ծրագրում գյուղատնտեսության ոլորտում ձևակերպված է ռազմավարական նպատակ, ըստ որի Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի։ Սակայն Հայաստանի որոշ մարզերում այս խնդիրը դեռ լուծված չէ, որի պատճառով այգիներն ու դաշտերը կա՛մ ոռոգում են կեղտաջրով, կա՛մ առաջանում է բերքի ոչնչացման սպառնալիք։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ «հետհեղափոխական» Հայաստանի իշխանությունները չեն ուղղորդվում իրենց իսկ կողմից գրված կառավարության ծրագրում տեղ գտած սկզբունքներով, ավելին հնարավորինս փորձում են հակառակ գործել այդ սկզբունքներին՝ առանց պատասխանատվության ենթարկվելու: Սա նախ և առաջ փաստում է ներկայիս իշխանությունների անսկզբունքայնության մասին, որի արդյունքում տուժում է ժողովուրդը: Նման անսկզբունքայնությունը պայմանավորված է ներկայիս իշխանությունների ոչ կոմպետենտությամբ և անփորձությամբ, որի մասին կանդրադառնանք հոդվածի 2-րդ մասում։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

 

Գրականության ցանկ՝

  1. Abadjian V․, Kakistocracy or the true story of what happened in the post-Soviet area, Journal of Eurasian Studies, 2010, pp. 153–163.
  2. Amorado R., Kakistocracy: Rule of the Unprincipled, Unethical and Unqualified, Asian Horizons, № 1, 2012, pp. 21-40.
  3. Kakistocracy: a word we need to revive, https://www.opendemocracy.net/north-africa-west-asia/amro-ali/kakistocracy-word-we-need-to-revive
  4. Kleptocracy and kakistocracy, https://elpais.com/elpais/2018/06/11/the_global_observer/1528717970_008019.html
  5. What ‘kakistocracy’ means, and who were the most kakistocratic in history, https://bigthink.com/scotty-hendricks/what-kakistocracy-means-and-who-were-the-most-kakistocratic-in-history

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն