Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

article-image

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ:

Արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը։

Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Ողջունելով հոկտեմբերի 17-ին ձեռքբերված հումանիտար զինադադարը՝ նախարար Շամպայնն ընդգծել է վերջինիս պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Կանադայի ԱԳ նախարարը, իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը: 

Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր է գնահատել Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական և գործուն ջանքերի միջոցով:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն