«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը

article-image

2018 թվականին փողոցով իշխանության եկածները խոստանում էին նպաստել երկրի ժողովրդավարացման գործընթացին: Սակայն, ինչպես պատմականորեն լինում է պոպուլիզմով իշխանություն զավթածների պարագայում, խոստումները արագորեն ի չիք դարձան: Հայաստանում ոչ միայն ժողովրդավարացման գործընթացը առաջընթաց չապրեց, այլ նաև տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Առաջընթացի փոխարեն` ակնհայտ հետընթաց: Այսօր «նիկոլական» Հայաստանում մարդկանց դատում են կամ ֆեյսուքյան գրառումների, կամ էլ հաղորդումների ժամանակ հնչեցված խոսքի համար: Ներկաների կողմից ֆետիշացված բորենու կերպար ստացած, բազմաթիվ «գործած և չգործած մեղքերի» մեջ մեղադրվող նախկինների Հայաստանում իշխանության մտքով չէր անցնի մարդուն կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցված սուր քննադատության համար: Ժամանակին կար SOS հաղորդումը, որն ընդգծված հակաիշխանական ուղղվածություն ուներ և իր քննադատության համատեքստում լեքսիկոնի և բառերի ընտրության մեջ սահմաններ չէր դնում:

Այնուամենայնիվ, «բոբո» նախկինների ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի կալանավորել հաղորդման հեղինակներին: Այսօր, սակայն, «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվող պետությունում «ժողովրդավարության փարոս» նիկոլական իշխանությունը կալանավորում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ընդամենն այն բանի համար, որ նրանք սուր էպիտետներով քննադատել են դավաճան իշխանությանը: Սովորաբար «մեծ վոժդ»-երին քննադատելու համար մարդկանց կալանավորում են այնպիսի երկրներում, ինչպիսին Փաշինյանի կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի Ադրբեջանն է, որտեղ նույնպես անգամ համացանցային խոսքը քրեական հետապնդման առիթ է հանդիսանում: Փաստացի, Փաշինյանը ոչ միայն ֆիզիկապես հողեր տալով է հանձնում մեր երկիրը Ադրբեջանին, այլ նաև նա այնպիսի կառավարման գործիքակազմ է որդեգրել, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու համատեքստում, որի արդյունքում մեր երկիրը ընդհուպ մոտեցել է Ադրբեջանին:

«Իմնեմնեիմի»-ի գործի համատեքստում հատկանշական է, որ փոդքասթը վարողների քննադատությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության օրոք ժամանակին գործածության մեջ եղած տխրահռչակ «ծանր վիրավորանքի հոդվածի» շրջանակներում, որը 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվեց: Այս գործի շրջանակներում նրանց սուր քննադատությունը որակավորվել է որպես խուլիգանություն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացվել է` անհրաժեշտության դեպքում քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես մահակ օգտագործելու համար:

Ինչ է ստացվում. փաշինյանական ռեժիմն օր-օրի սասանվող իշխանության հիմքերի ամրապնդման և հանրության արդարացի զայրույթի զսպման համատեքստում մոգոնել էր «ծանր վիրավորանքի» հոդվածը: Հետագայում, արևմտյան միջազգային կառույցների ճնշումների  ներքո, այն ապաքրեականացվեց, իսկ այժմ վերակենդանացվել է քրեական օրենսգրքի «խուլիգանության» հոդվածի շրջանակներում: «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունն ու երկու ամսով կալանավորումը իշխանությանն ուղղված քննադատական խոսքի համար լավագույն ապացույցն է այն բանի, որ իշխանությունները ոչ միայն որոշել են ակնհայտ ռեպրեսիվ գործիքակազմով ճնշել ազատ խոսքը, այլ նաև «մանկական շուստրիությամբ» փորձ են անում մոլորեցնել միջազգային հանրությանը` ապաքրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացնելով քրեական օրենսգրքի այլ հոդվածի շրջանակներում:

 

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան, «AntiFake Զրույց» հաղորդման վարող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն