Կակիստոկրատիա՝ ոչ կոմպետենտության գերակայություն․ «Հետհեղափոխական» Հայաստանի իրականությունը. Մաս 2

article-image

Ինչպես նշել ենք «Կակիստոկրատիա՝ ոչ կոմպետենտության գերակայություն․ «Հետհեղափոխական» Հայաստանի իրականությունը» հոդվածի 1-ին մասումAntiFake.am-ի նոր՝ «Քաղաքագիտական փաստերի ստուգման» բաժնում այսուհետ կարող եք կարդալ և ստուգել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող իրականությունը համապատասխանում դրան բնորոշող քաղաքագիտական եզրույթներին:

«Հետհեղափոխական» Հայաստանը ներկայիս իշխանությունների կողմից ներկայացվում է որպես «ժողովրդավարության բաստիոն»։ Այս բաժնում կներկայացնենք, թե ինչ քաղաքական վարչակարգ է գործում Հայաստանում. արդյո՞ք առկա է ժողովրդավարություն, թե՞ առկա են դրա «այլասերված» տարբերակները, արդյո՞ք Հայաստանում եղել է այնպիսի քաղաքական վարչակարգը, ինչպիսին տարիներ շարունակ մատուցվել է հասարակությանը, եթե ոչ, ապա ի՞նչ վարչակարգ է եղել իրականում։ Ի՞նչ վարչակարգից է Հայաստանի Հանրապետությունը անցում կատարել մերօրյա իրողություններին, որոնք են այս ամենի քաղաքագիտական հասկացությունները, որքանով են դրանք ճիշտ ներկայացվում կամ խեղաթյուրվում։


Քաղաքագիտական փաստերի ստուգման առաջին հրապարակումը վերաբերվում է կակիստոկրատիային, որը, մեր պնդմամբ, ներկայումս բնորոշում է Հայաստանում տիրող քաղաքական իրողությունները։

Ինչպես պարզ դարձավ հոդվածի 1-ին մասից, «հետհեղափոխական» Հայաստանի իշխանություններին բնորոշ է անսկզբունքայնությունը, որի արդյունքում իշխանութունների կողմից տրված խոստումներն ու երաշխիքները, ուղղված Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում բարեկարգմանը, չեն համապատասխանում գործնականում իշխանությունների կողմից արվող քայլերին։ Ավելին, նման անսկզբունքայնությունը էլ ավելի է նպաստում այդ ոլորտների խոցելիության բարձրացմանը։

Պատահական չէ, որ որպես կանոն, կակիստոկրատիան տարածում է գտնում թույլ և անկազմակերպ քաղաքական համակարգերում, որոնք ետ են մղում տաղանդավոր և կոմպետենտ քաղաքացիներին՝ կառավարությունում ընգրկելով իրենց պաշտոններում անհամապատասխան և ստորացված քաղաքացիներին։ Նման պարագայում կառավարությանը բնորոշ է լինում հանցավորությունը և ոչ կոմպետենտությունը։ Այսպես, հեղափոխության ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցած Դավիթ Սանասարյանին, որը հետագայում նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ, որոշ ժամանակ անց մեղադրանք առաջադրվեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Բացի այդ, կան մի շարք ոլորտներ, որոնցում իշխանական ներակայացուցիչները կոմպետենտ չեն։ Նման ոլորտներից է, օրինակ, Արցախյան հակամարտությունը։ Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ասել էր, որ «հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշել էր, որ «ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար, և էնքան վատ մեր հակառակորդների համար»։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարել էր, որ խաղաղությունը մի նախապայման է, որի այլընտրանքը պատերազմն է։ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ նշել էր, որ «կարող է Փաշինյանը Ալիևի հետ խոսում է Ադրբեջանում տեղի ունեցող հանրահավաքների մասին: Կարող է Փաշինյանը Ալիևին բացատրում է թե ինչպես անի, որ Ադրբեջանում հեղափոխություն չլինի»։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ «Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական մամուլում շատ ավելի բարձր դիրքերում է լուսաբանման տեսանկյունից, քան Ալիևը»։

Այսպիսով, կակիստոկրատիայի պայմաններում կառավարությունում առկա անգրագիտությունը պետք է դիտարկել որպես քաղաքական խնդիր։ Տվյալ դեպքում անգրագիտությունը բնորոշ է ոչ միայն կառավարության կազմում պաշտոն զբաղեցնող անձանց, այլև քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին։ Անգրագիտություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ թե գաղափարների բացակայություն, այլև բազմաթիվ գաղափարների առկայություն, որոնք, սակայն, անհեթեթ են։ Այսպես, օրինակ, զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում էր ստեղծել կոկորդիլոսաբուծարան, որտեղ ներկրվող մեկ կոկորդիլոսի ձուն արժե 400 դոլար: Ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ուսումնասիրել էր կոկորդիլոսի օրգան-համակարգը ու նշել, որ կոկորդիլոսն իր ամբողջ կազմվածքով, օրգանիզմով, օրգան-համակարգով մոտ է թռչուններին, կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են։ Զբոսաշրջության զարգացման մեկ այլ նախագիծ էր (որը գործում էր, դեռ նախկին իշխանությունների կողմից) Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի մոդելը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է կիրառելի դառնա Հայաստանի գյուղերի համար։  Սակայն խնդիրն այն է, որ նման ծրագրի համար գյուղացիները պետք է վարկ վերցնեն (ըստ ծրագրի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի տունը հյուրատուն դարձնելու համար անհրաժեշտ է 300 հազարից 1 միլիոն 200 հազար դրամ), որի մարումը այդքան էլ իրատեսական չէ՝ հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «շատ հարմար վարկեր են առաջարկվում, ամիսը 6000 վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա, ինչի՞ միանգամից 300 հազար տաս, եթե կա այդ տարբերակը: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք առել»։ Սրան ի հավելումն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ «Էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին»: Ստացվում է, որ անգամ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը, ովքեր բարձր պաշտոն են զբաղեցնում, դժավարությամբ են փակում վարկերը, իսկ ինչ անի հասարակ գյուղացին։

Հաճախ կակիստոկրատիան հանդես է գալիս որպես նույնաբանության ձև (տավտոլոգիա)։ Նման օրինակներից է Փաշինյանի այն հայտարարությունը, որ «եթե բոլորը դժգոհ են, հարկավոր է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»։ Կակիստոկրատիան  նմանություններ է ձեռք բերում նաև լոգոկրատիայի հետ, որն առաջացել է հունարեն լոգո՝ «բառ» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից․ այն է՝ կառավարություն բառերի միջոցով։ Այն կարող է օգտագործվել թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։ Լոգոկրատիային բնորոշ է ոչ թե գաղափարի բովանդակությունը, այլև այն արտահայտելու ձևը, ինչը կակիստոկրատիայի պայմաններում ոչ կոմպետենտ քաղաքացիներին իշխանություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում։ Այսպես, ներկայիս իշխանությունները հասարակության աջակցությունը ստանալու համար պարբերաբար հիշեցնում են տեղի ունեցած «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը», որը քաղաքագիտական առումով պարզապես իշխանափոխություն էր, դրան հաջորդող «տնտեսական», ապա և «մտքի հեղափոխությունների» մասին։ Սակայն վերը նշված «հեղափոխությունները» չեն համապատասխանում դրանց բովանդակային իրականությանը։

Ոչ կոմպետենտության առումով՝ կակիստոկրատիան նմանություն է ձեռք բերում նաև նեոկրատիայի հետ, որն առաջացել է հունարեն նեո՝ «նոր» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից և ենթադրում է նոր, սկսնակ և անփորձ քաղաքացիների կողմից պետության կառավարում։ Այսպես, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատահաբար դեմ էր քվեարկել ռուսական պատվիրակության ԵԽԽՎ-ում ձայնի վերականգնման իրավունքին, որը ներկայացվեց որպես տեխնիկական պատճառ։ Անփորձությունը, սակայն, ոչ միայն քողարկվում է տեխնիկական պատճառների ստվերի տակ, այլև լինում է նաև բացահայտ։ Այսպես, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ասել էր․ «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ ձեր հանդեպ իմ վստահությունը այնքան խորը արմատներ ունի ու այնքան հեռու է գնում՝ կախված ձեր գործունեությունից, որ եթե անգամ դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝, ես վստահելու էի ձեզ ու կողմ էի քվեարկելու»։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Քրիստինե Պողոսյանի, չունի այդ խորը վստահությունը, որ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու՝ նշելով, որ «ընդհանուր առմամբ՝ ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, գոհ չեմ և համոզված եղեք՝ երբեք գոհ չեմ լինի»։

Այնուամենայնիվ, կակիստոկրատիան վերաբերվում է ոչ միայն ամենավատ և անգրագետ քաղաքացիների կառավարմանը, այլ նաև թե ինչպես են նրանք այլասերում պետության քաղաքական համակարգը։ Կակիստոկրատիային բնորոշ է ժողովրդավարական և շուկայական տնտեսության կարգախոսների ներքո իշխանության ապօրինի զավթման և անօրինականության իշխանության հաստատման արդյունքում պետական կառույցների և օլիգարխիկ տարրերի միավորում։  Այսպես, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել էր, որ իր ընկալմամբ՝ «ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր»: Փաստացիորեն, սակայն, Հայաստանում գործում են ոչ անկախ դատական համակարգ, ոչ ազատ ԶԼՄ-ներ, և սպիտակների ու սևերի միջև բաժանված հասարակություն։ Ինչ վերաբերում է շուկայական տնտեսության կարգախոսներին, ապա հեղափոխությունից առաջ և հետո հայտարարվել էր ներդրումային ծրագրերի մասին (Թեղուտի հանքավայր, Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ, Կոտայքի մարզում ադամանդի մշակման մեծ գործարան, Արթիկում կարի գործարանի բացում և վերելակների գործարանի արտադրություն, Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն, Գավառում 589 մլն դոլարի ներդրումների ծրագրեր), որոնք այդպես էլ իրականություն չդարձան։

Արդյունքում, կակիստոկրատական ռեժիմը հանգեցնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերի անկմանը՝ խթանելով հանրային անկարգությունները։ Նման օրինակներից է սեռական փոքրամասնությունների մի խմբի հարձակումը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի ոստիկանների վրա։ Մեկ այլ դեպք էր Իջևանում տեղի ունեցած ծառահատումը, որի արդյունքում բախում էր եղել անտառափայտի վաճառքով զբաղվողների և ոստիկանների միջև։

Բացի այդ, կակիստոկրատիային բնորոշ է կաշառակերությունը և հասարակական վստահության հանդեպ դավաճանությունը։ Վերջինիս մասին խոսելիս հարկավոր է նշել, որ կակիստոկրատական պայմաններում նրանք, ում վստահում է հասարակությունը, նույնպես հակված են քաղաքական դավաճանությանը։ Կակիստոկրատական պայմաններում դավաճանությունը համարվում է իշխանության չարաշահում, այն է՝ պաշտոնի չարաշահում հանուն շահույթի, նախասիրության կամ հեղինակության մեծացման։ Այլ կերպ ասած՝ այն մասնավոր շահույթի մեծացումն է պետական պաշտոնի հաշվին: Իսկ եթե պետությունում առկա է ենթարկվող և զիջող հասարակություն, ապա կաշառակերությունը և հասարակական անվստահությունը սկսում են կրել հանրային բնույթ։ Աստիճանաբար կաշառակերությունը և հասարակական վստահության հանդեպ դավաճանությունը նպաստում են հասարակական ցինիզմի և կառավարության հանդեպ անվստահության մեծացմանն ու ուժեղացմանը։ Այսպես, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանում այլևս կոռուպցիա չկա»։ Սակայն, որոշ ժամանակ անց վարչապետը հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի՝ «էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»։ Այս հայտարարությանը հաջորդել էր նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի  արձանագրումը, որ Հայաստանում կոռուպցիա կա։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ ինչպես լավ իլյուզիոնիստները, այնպես էլ կակիստոկրատները գիտեն, թե ինչպես կարելի է շեղել քաղաքացիների ուշադրությունն իրենց անկարողություններից։ Նրանք անում են դա քաղաքացիներին՝ ներկայացնելով իրենց գաղափարախոսությունը կամ քաղաքականությունը (որոնց շուրջ իրենք էլ ունեն թերի պատկերացում) և փորձելով վերացնել իրենց քաղաքական մրցակիցներին։ Այսպես, հեղափոխությունից հետո ներկայացվել էր կառավարության ծրագիր, որն ուղղված էր լինելու երկրի իրավիճակը լիարժեք փոխելուն և բարեկեցիկ դարձնելուն, որի իրագործման շուրջ, սակայն, իշխանությունները նույնպես թերի պատկերացումներ ունեին։ Պատահական չէ, որ կառավարության ծրագրի իրագործման շուրջ բանաձևեր մշակելու փոխարեն Փաշինյանը մշակել էր երկրի իրավիճակի լիարժեք փոփոխման մեկ այլ բանաձև, ըստ որի՝ «մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, և երրորդը ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»։ Փաստացիորեն, աղբն այսօր ամենուրեք է, բուտկաները ու ավտոմեքենաների կարկասները՝ նույն տեղում։

Այսպիսով, «հետհեղափոխական» Հայաստանի իշխանություններին բնորոշ ոչ կոմպետենտությունը նպաստում է ոչ պատշաճ քաղաքական որոշումների կայացմանը, ինչը հանգեցնում է սոցիալ-տնտեսական, քաղաքական համակարգերի թուլացմանը և մեծացնում հանրային անկարգությունները, հանցավորությունն ու հիասթափությունը իշխանությունների հանդեպ։ Թեև ներկայիս իշխանությունները փորձում են ներկայացնել իրենց որպես ժողովրդավարական, այն է ժողովրդի թեկնածու, այնուամենայնիվ, նրանք գործում են ոչ թե ժողովրդի շահից ելնելով, այլ առաջնորդվում են սեփական շահով՝ ներկայացնելով այն որպես ազգային։ Մինչդեռ ժողովրդավարությունը իրենից ներկայացնում է ժողովրդի իշխանություն, այն է՝ իշխանությունը հիմնվում է ժողովրդի շահերի վրա որոշումներ կայացնելու գործընթացում, իսկ ձախողման պարագայում՝ կրում պատասխանատվություն։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

 

Գրականության ցանկ՝

  1. Abadjian V․, Kakistocracy or the true story of what happened in the post-Soviet area, Journal of Eurasian Studies, 2010, pp. 153–163.
  2. Amorado R., Kakistocracy: Rule of the Unprincipled, Unethical and Unqualified, Asian Horizons, № 1, 2012, pp. 21-40.
  3. Kakistocracy: a word we need to revive, https://www.opendemocracy.net/north-africa-west-asia/amro-ali/kakistocracy-word-we-need-to-revive
  4. Kleptocracy and kakistocracy, https://elpais.com/elpais/2018/06/11/the_global_observer/1528717970_008019.html
  5. What ‘kakistocracy’ means, and who were the most kakistocratic in history, https://bigthink.com/scotty-hendricks/what-kakistocracy-means-and-who-were-the-most-kakistocratic-in-history

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը