Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ինքնիշխանության դրսևորու՞մ․ ինչու Լեհաստան չի մեկնում Նիկոլ Փաշինյանը

article-image

Լեհական Կրինիցա-Զդրույ քաղաքում այս տարվա սեպտեմբերի 3-5-ը անցկացվելու է 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը։

Կրինիցայում տեղի ունեցող տնտեսական ֆորումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն միջազգային համաժողովն է, որ կազմակերպվոմ է Սեպտեմբերի սկզբին՝ Կրինիցա-Զդրույ բերելով ավելի քան 4500 արտասահմանյան հյուրերի՝ Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի ավելի քան 60 պետություններից քաղաքական, տնտեսական և հասարակական հայտնի մարդկանց, ինչպես նաև՝ մոտ 600 լրագրողների։ Ֆորումի առաքելությունն է ստեղծել բարենպաստ միջավայր Եվրամիության անդամ պետությունների և նրանց հարևանների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման համար։

Օգոստոսի 26-ին Ֆորումի պաշտոնական էջում հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին։

Սակայն «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, որ «մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»։

Զարմանալի է, որ գրեթե ոչ մի միջազգային համաժողով բաց չթողնող վարչապետ Փաշինյանը չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի կարևորագույն համաժողովներից համարվող Տնտեսական ֆորումին։

Կառավարության նիստին հետևած լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասել է, որ չի կարծում, որ դա ինչ-որ հետևանք կարող է ունենալ, որովհետև տնտեսական ֆորումները հրավիրվում են այն նպատակով, որ կոնկրետ երկրի պաշտոնյաներ, իրենց օրակարգային առաջնահերթություններից ելնելով, հարցեր քննարկեն և համաձայնեցնեն: Տիգրան Խաչատրյանի համոզմամբ՝ «մեկ ֆորումին չեն մասնակցում, բայց մասնակցում են այլ միջոցառումների, որոնք ավելի արդյունավետ կարող են լինել»:

Նույն օրը արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտարարեց, որ սա ինքիշխանության արտահայտություն էր: «Մենք չենք մերժել, վարչապետն ունի այցերի իր ծրագիրն ու իր ներքին քաղաքականության գերակայությունները: Մեզ պետք է ուղղակի համադրել և գտնել՝ ինչպես վարվել բազմաթիվ տարբեր հարցերով, որոնք առնչվում են այցերին, արտաքին քաղաքականությունն ու ներքին գերակայություններին»,- նշել է Մնացականյանը:

Հետաքրքիր է, որ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ միջազգային տնտեսական ֆորումին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցությունը ոչ մի կարևոր ձեռքբերում չէր ունենա Հայաստանի համար, այն դեպքում, երբ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, որի կարևորությունը այդքան քարոզում էին իշխանականները, որևէ արդյունավետ գործարքի չհանգեցրեց, ուստի այդքան էլ տրամաբանական չէ Տիգրան խաչատրյանի առաջադրած վարկածը:

Ինչ վերաբերում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, թե սա ինքնիշխանության արտահայտություն է, ապա կարելի է նշել, որ նախարարը պետք է պարզաբանի նաև, թե միջազգային տնտեսական ֆորումին Հայաստանի մասնակցությունը ինչ բացասական հետևանքներ կունենար մեր պետության ինքնիշխանության և դրա արտահայտման վրա:

Այնուամենայնիվ, հարց է ծագում, թե արդյո՞ք հնարավոր էր այն, որ Տնտեսական ֆորումի կազմակերպիչները, առանց վարչապետի աշխատակազմի  և ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցման, կարող էին հայտարարել Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին, և իրականում ինչն է եղել Նիկոլ Փաշինյանի՝ Ֆորումին մասնակցությունից հրաժարումը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը