Արարատ Միրզոյանի մանիպուլյացիաները «հետհեղափոխական Հայաստանի» վերաբերյալ և քաղաքագիտական հասկացությունների խեղաթյուրումները ԱԺ ամբիոնից

article-image

Օգոստոսի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Խորհրդարանի դերը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ» թեմայով քննարկում ԱԺ խորհրդի բոլոր անդամների և խորհրդարանական պատվիրակությունների և բարեկամական խմբերի ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում ԱԺ ամբիոնից ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որոնց ելույթներում առկա են մի շարք ապատեղեկատվություններ և քաղաքագիտական եզրութաբանության խեղաթյուրումներ։ Այս հոդվածով կանդրադառնանք Արարատ Միրզոյանի ելույթին։

Բացման խոսքում Աժ նախագահ Ա. Միրզոյանը կարևորեց «Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունը»: Նախկինում ներկայացվող «ժողովրդական հեղափոխությունը» այժմ իշխանականների համար դարձել է «ժողովրդավարական»` առանց ՀՀ-ում տեղի ունեցած որևէ էական ժողովրդավարական բարեփոխումների: Քաղաքագիտական տեսանկյունից ավտորիտար վարչակարգ ունեցող պետությունը (ըստ «հեղափոխականների»՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն ուղղված էր վերացնելու ավտորիտար վարչակարգը Հայաստանում») չի կարող միանգամից անցում կատարել բուն ժողովրդավարական վարչակարգին: Այն, նախ և առաջ, ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելով, անցում է  կատարում կեղծ կամ հիբրիդային ժողովրդավարությանը, ապա պատշաճ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման արդյունքում, համապատասխանելով ազատական ժողովրդավարական չափորոշիչներին, անցում կատարում բուն ժողովրդավարությանը: Սա, բնականաբար, երկարատև գործընթաց է և չի կարող պայմանավորված լինել միայն «հեղափոխության» իրականացմամբ:

Արարատ Միրզոյանը նշեց նաև, որ «հեղափոխության» ընթացքում «պետության քաղաքացիները ոտքի կանգնեցին կյանքի կոչելու մեր հավաքական իղձերը՝ ապրելու ինքնիշխան, ժողովրդավար, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկրում»: Քաղաքագիտական եզրութաբանության մեջ ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Ակնհայտ է, որ Հայաստանը իր պետության տարածքում չունի այդ գերակայությունը ապահովելու, օրինակ, սահմանային անվտանգությունը, որի համար Շիրակի մարզի վարչական կենտրոն է հանդիսանում Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմակայանը։ Հետևաբար ինքնիշխան երկրում ապրելու իղձը այդպես էլ կյանքի չի կոչվել ո՛չ «հեղափոխության» ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։

Այս համատեքստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությունը, որ «մենք մեր ասելիքը պիտի ունենանք նաև տարածաշրջանային, համաշխարհային և համամարդկային հարցերի շուրջ», դառնում է դժվար իրագործելի` հաշվի առնելով վերը ներկայացված այն իրողությունը, որ ՀՀ չունի գերակայություն անգամ իր տարածքում և հետևաբար թե՛ տարածաշրջանային և թե՛ համաշխարհային հարցերի շուրջ Հայաստանի ասելիքը չի կարող ունենալ այն ծանրակշռությունը, ինչն ունեն ինքնիշխան պետություններինը։

Շարունակելով` Արարատ Միրզոյանը նշեց,  որ նախորդ տարի տեղի են ունեցել նաև երկու այլ իրադարձություն, որոնք անկյունաքարային էին հայկական ժողովրդավարության համար՝ «առաջինը ՀՀ անցումն էր խորհրդարանական կառավարման համակարգին, երկրորդը՝ 2018թ․ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները»։ Պետք է նշել, որ քաղաքագիտական տեսանկյունից ժողովրդավարության համար անկյունաքարային նշանակություն ունեն ոչ թե կառավարման համակարգի ընտրությունը (նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական), այլև պետությունում առկա ժողովրդավարական ինստիտուտները։ Այսպես, ժողովրդավարական պետություն հանդիսացող Չիլիում գործում է նախագահական  կառավարման համակարգը, Ֆրանսիայում՝ կիսանախագահական, Գերմանիայում՝ խորհրդարանական։ Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա պետք է նշել, որ ազատ և անկախ ընտրությունների անցկացումը դեռ բավարար պայման չէ ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Ժողովրդավարական պետությունում պետք է գործեն հետևյալ ոլորտները՝ քաղաքացիական հասարակություն, քաղաքական հասարակություն, օրենքի գերակայություն, պետական կառավարման համակարգ, ինստիտուցիոնալացված տնտեսական հասարակություն։ Մինչդեռ Հայաստանում այս ոլորտները թերի են գործում։

Թեև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ «մենք` որպես օրենսդիրներ, անում ենք առավելագույնը երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար», այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այս խմբակցությունն էր հանդես եկել հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանման նախաձեռնությամբ, որի արդյունքում հակաիշխանական ցանկացած գրառում անող լրատվամիջոց համարվում է «սնվող սերժառոբական հայրենաթալան ավարից»։

Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը, ապա մոտ ապագայում այն չի կարող արդյունավետ գործել` հաշվի առնելով խորհրդարանում բացակայող առողջ քաղաքական դիսկուրսը և անգամ մեկ կուսակցության ներսում առկա տարակարծությունները որևէ հարցի շուրջ։ Եվ քանի որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ապա ինչպես «հեղափոխությունը» չհանգեցրեց պետությունում ժողովրդավարական որևէ էական բարեփոխումների, այդպես էլ արտաքին քաղաքական ոլորտում խորհրդարանական դիվանագիտությունը չի հանգեցնի էական հաջողությունների գրանցման։

Ամփոփելով` կարող ենք նշել, որ ԱԺ ամբիոնից հնչող այն հայտարարությունները, որ «հետհեղափոխական Հայաստանը դարձել է ժողովրդավարական, ինքնիշխան, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկիր», պարզապես մանիպուլյացիաներ են և չեն համապատասխանում քաղաքագիտական եզրութաբանության մեջ տեղ գտած սահմանումներին։ Նման մանիպուլյացիաները նախ և առաջ ուղղված են քողարկելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ձախողումները խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու և ազատ ընտրություններ ունենալու լույսի ներքո։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ կառավարման համակարգն ու ազատ ընտրությունները դեռևս երաշխիք չեն ժողովրդավարական Հայաստան ունենալու համար, ինչի մասին վկայում են նաև Հայաստանում  բացակայող  օրենքի գերակայությունն ու բազմակարծությունը։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը