Իշխանական շրջանակները Շիշկինին ապաստան տալը ներկայացնում են որպես պատասխան ՌԴ-ի քաղաքականությանը

article-image

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, վաղ առավոտից մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ապաստան են տրամադրել ռուս քաղաքական գործիչ Վիտալիյ Շիշկինին։ Վերջինս այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ շնորհակալ է Հայաստանին իրեն որպես Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքական գործչի փախստականի կարգավիճակ տրամադրելու համար։

Թե իրականում ինչ հիմքով է ապաստան տրամադրվել Վիտալիյ Շիշկինին, ՀՀ միգրացիոն ծառայությունից նշել են, որ չեն կարող հաստատել կամ մերժել կամ հավելյալ տեղեկություններ տալ՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը առաջիններից էր, որը անդրադարձել է Վիտալիյ Շիշկինին ապաստան տրամադրելու նորությանը։ Լրատվականը նաև ծավալուն ուսումնասիրություն էր կատարել Շիշկինի գործունեության վերաբերյալ և ներառել դա հոդվածում։

«Հայկական ժամանակը» Շիշկինին ապաստան տրամադրելը «հետաքրքիր երանգներ պարունակող» երևույթ էր որակել՝ «հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը բոլորովին վերջերս մերժել էր Հայաստանին արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որն անցնում է քրեական գործով որպես մեղադրյալ»։

Հայաստանի իշխանությունների կողմից Շիշկինին ապաստան տրամադրելը որպես Ռուսաստանի՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու որոշմանն ուղղված «պատասխան քայլ» համարվող թեզը ակտիվորեն տարածվեց նաև հակառուսական գործունեությամբ զբաղվող իշխանամերձ շրջանակների և իշխանությունների քարոզչությունն իրականացնող հարթակների կողմից՝ «համեմված» հակառուսական երանգներով։

Օրինակ՝ Ստյոպա Սաֆարյանը, որը հանրային ընկալումներում ունի իշխանությունների կողմից դաշտ նետվող քարոզչական թեզերը հիմնավորողի համբավ և հակառուսական դիրքորոշում, գրել է, որ «Հայաստանը շատ զիլ մեսիջ է ուղարկում մեր դաշնակցին, որ սովորի մեզ հետ նորմալ հարաբերվել»։

Հակառուսական գործունեությամբ աչքի ընկնող Տիգրան Խզմալյանը ևս Շիշկինի մասին տեղեկությունն «օգտագործեց» հերթական հակառուսական գրառումն անելու համար՝ շնորհավորելով Շիշկինին և նշելով, որ «կատարյալ ժողովրդավարության և ազատության հասնելու համար մեզ մնաց մի քանի մանրուք՝ փակել ռսական ռազմաբազան, հեռացնել երկրից ռուս չեկիստներին, սկսել իրանական գազ գնել և անդամակցել ԵՄ ու ՆԱՏՕ։ Առաջին քայլն արված է»։

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության նախկին մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ գրել է, որ իշխանությունը «մուռ է հանել Բանան Օֆշոռիչի պահով»՝ նկատի ունենալով Միհրան Պողոսյանին։

Իշխանական քարոզչամեքենա հանդիսացող «ՀակաՖեյք» ֆեյսբուքյան էջն էլ՝ կիսելով «Հայկական ժամանակի» հոդվածը, նյութը մեկնաբանել է «#միհրան_պողոսյան», «#քվիդ» hashtag-երով։

Հետաքրքրական է, որ որոշ ժամանակ անց «Հայկական ժամանակը» հեռացրել է հոդվածը և դրա ռուսերեն թարգմանությունը armtimes.com լրատվական կայքից, սակայն դրանք դեռ պահպանվում են լրատվականի ֆեյսբուքյան էջում (հայ., ռուս.)։

Շիշկինին ապաստան տրամադրելը գուցե այսքան ուշադրության արժանի չլիներ, եթե վերջինիս կենսագրության մեջ չլինեին բազմաթիվ հակասական դրվագներ։

Շիշկինը ղեկավարում է «Աջերը՝ եվրոպական զարգացման համար» չգրանցված կուսակցությունը և ծայրահեղ աջական գաղափարախոսության կրող է։ “Былое” հրատարակչության ղեկավարն է, Քաղբանտարկյալների երեխաների՝ միջազգային բարեգործական օգնության հիմնադրամի նախագահն է, «Ոչ ապօրինություններին, խոշտանգումներին և ստրկությանը» միջազգային հասարարական հանձնաժողովի նախաձեռնողը և ստեղծողն է, ինչպես նաև գրող է։

Նա «Մայդանի հեղափոխության» ժամանակ մասնակցել է Յանուկովիչի դեմ կազմակերպված ցույցերին։ Ցույցեր է արել նաև Էրդողանի և Նազարբաևի դեմ։ 2011 թվականին էլ մասնակցել է Սերժ Սարգսյանի դեմ ուղղված ցույցերին։ Թվարկվածը Շիշկինի կազմակերպած կամ նրա մասնակցությամբ ցույցերի մի մասն է։

2013 թվականին Շիշկինը Արզամասում կազմակերպել է հակահայկական հավաք (պատճառը ռուս տղայի սպանությունն է եղել) և ենթարկվել է 7 օրվա վարչական ձերբակալման։

Շիշկինը մշտապես իրականացրել է հակապուտինյան գործունեություն։

Ռուսաստանում Շիշկինը երկու անգամ դատապարտվել է։ Առաջին անգամ նրա նկատմամբ կիրառվել է պայմանական ազատազրկում։ Իսկ երկրորդ անգամ դատապարտվել է ազատազրկման 2015 թվականին 4 տարի ժամկետով՝ ատելություն և թշնամանք հրահրելու և բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքներով (ՌԴ Քր. օր. 282-րդ հոդվածի 1-ին մաս և 212-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Շիշկինը ազատ է արձակվել այս տարվա փետրվարին, որից հետո անմիջապես եկել է Հայաստան։

Շիշկինը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նշել է. «Ես գիտեմ, որ Հայաստանի համար Ռուսաստանի հարցը շատ ցավոտ է: Հարաբերությունների հետ կապված պետք է ինչ֊որ բան անել, շատ բաներ պետք է փոխել, քանի որ Ռուսաստանը դիկտատորական երկիր է, իսկ Հայաստանը արդեն մեկ տարի է ժողովրդավարական հասարակություն է կառուցում»:

Շիշկինը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ իր գրառման մեկնաբանություններում էլ նշել է. «Հայաստանում հեղափոխություն է եղել։ Հայաստանը և Ռուսաստանը միասին են լինելու նաև ապագայում, սակայն՝ առանց Պուտինի»։

Թե ինչով է պայմանավորված նման հակասական գործունեություն իրականացրած անձին Հայաստանում ապաստան տրամադրելու ներկայիս իշխանությունների որոշումը, կարծես «հուշում են» «իշխանական քարոզիչները»։

Սրան գումարվում է նաև Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի օր առաջ Nouvelle d'Armenie-ին տված հարցազրույցում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հնչեցրած այն արտահայտությունը, թե «մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից», և կարծես թե տեղի ունեցող գործընթացները տրամաբանական ուղղություն են ստանում։

Բայց թե արդյոք հայկական իշխանությունները գիտակցում են Ռուսաստանի նկատմամբ իրականացվող քայլերի հաջորդականության հետևանքները, դժվար է ասել։

Ինչ վերաբերվում է որոշ լրատվականներում տարածվող այն տեղեկություններին, թե Շիշկինին Հայաստանի կողմից տրամադրվել է քաղաքական ապաստան, ապա անհրաժեշտ է նշել, որ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքը տեղեկությունը հերքող հոդված է հրապարակել՝ «Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել» վերնագրով, որում նշված է, որ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ասել է, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը