ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը երեկ` հոկտեմբերի 21-ին, ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ստոլտենբերգը նշել է, որ Հայաստանը արժեքավոր գործընկեր է կազմակերպության համար:
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտության մեջ ներգրավված չէ, իսկ Հայաստանը և Ադրբեջանը ավելի քան 25 տարի համարվում են ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներ: ՆԱՏՕ-ն խորապես անհանգստացած է հրադադարի խախտումներով, որը մարդկային ցավալի կորուստների պատճառ են դառնում:
«ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար շատ կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեն և խաղաղ լուծում գտնվի»,- ասել է Ստոլտենբերգը: Նա կոչ է արել երկու կողմերին էլ զսպվածություն ցուցաբերել, պահպանել հրադադարը և թուլացնել լարվածությունը: Գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է, և պետք է վերջ տալ դրան:
Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար` ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի կարևորությունը:
Աղբյուր՝ AntiFake.am