«Արցախյան անհնազանդ հերոսները համագործակցում են արտաքին ուժերի հետ». 1in.am: Իշխանական քարոզչամեքենայի «զոհը» այս անգամ գեներալ Վիտալի Բալասանյանն է

article-image

Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Արցախում ընթացող ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդական աշխատանքի համար  ՀՀ կառավարությունը որոշել էր կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Արցախյան գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Գումարը այս կառույցներին է հատկացվել  դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:

33 մլն 680 հազար դրամը բաշխվել է հետևյալ կերպ՝ 16 մլն 200 հազար դրամ տրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամը` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ 
Իհարկե, կառավարության որոշումը միանշանակ չի ընդունվել հասարակության շրջանում, քանի որ այս երկու կառույցները սերտորեն կապված են Բաց հասարակության (Սորոսի) հիմնադրամի հետ, և տարիներ շարունակ վերջիններս մեծ դրամաշնորհներ են ստացել հենց այդ հիմնադրամից:

Տվյալ թեմային անդրադարձել են մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ՝ կառավարության այս քայլը որակելով որպես բացասական երևույթ։ Ամենասուր քննադատություններից մեկը հնչեց Արցախի ազգային հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից:

Բալասանյանը, Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրությունների համար Արցախ մեկնած ՀԿ-ների մասին, ասել էր, որ դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը, և ՀՀ կառավարության այս որոշմամբ խիստ կասկածի տակ է դրվում Արցախում առ այսօր կայացած բոլոր ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ, և սահմանադրական հանրաքվե:   

Բալասանյանը կոչ էր արել Փաշինյանին հետ կանչել այդ «անհայտ ծագումնաբանությամբ» կազմակերպությունների ներկայացուցիչներին, և նրանց տրամադրված գումարները փոխանցել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

ՏԻՄ ընտրություններից բացի Բալասանյանը խոսել էր ՀՀ-ում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» մասին և ասել. «Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են»: 

Բալասանյանի խոսքերը այնքան «ցավոտ» են եղել ՀՀ իշխանությունների համար, որ իշխանական քարոզչամիջոցները գործի են դրվել Բալասանյանին «սևացնելու գործում»:

Առաջինը թեմային անդրադարձել է հանրային ընկալումներով իշխանական քարոզչամեքենա հանդիսացող «1in.am» լրատվականը, որում Բալասանյանի հարցազրուցի հաջորդ օրը տեղադրվել է «Հերոսն ու հակահերոսը՝ մեկում. Ով և ինչու է կործանում Արցախի հերոսին Ստեփանակերտը պետք է դատապարտի»  վերլուծական հոդվածը:

Հոդվածում հեղինակը մատնանշում է, որ Բալասանյանը կրկնվել է իր ագրեսիվ հռետորաբանությամբ և անգամ կասկածի տակ դրել, որ հարցազրույցի բովանդակության հեղինակը գեներալն է. «Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ Բալասանյանի հարցազրույցները գրվել են որոշակի մարդու կամ կենտրոնի կողմից ու տարածվել են նրա անունից՝ օգտագործելով գեներալի հեղինակությունն ու խարիզման», - նշված է հոդվածում: Հոդվածագիրը, անդրադառնալով Բալասանյանի կողմից հնչեցված մտքերին, «փորձել է» ինչ-որ կերպ հակադրվել և հոդվածն ամփոփել հետևյալ մտքով. «Նման մտածողությամբ մարդը չի կարող հավակնել Արցախի նախագահի աթոռին։ Դա կլինի Արցախի ամոթը։ Մենք հրաշալի գիտենք, թե ով է Վիտոյի խորհրդատուն, որը կարողացավ ամիսների ընթացքում լեգենդար հրամանտարին դարձնել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանցավոր զույգի խոնարհ «սպասավորը»»:

Ավելի ուշ կայքում տեղ էր գտել «Հերոսը հատեց սահմանագիծը» վերնագրով հոդվածը, որում նշված է, որ կանխատեսելի էր այն, որ գեներալը պատերազմ է հայտարարելու Երևանի իշխանություններին: Ըստ հոդվածագրի՝ գեներալը «կաշկանդված» իր կոչումով, ամեն ինչ արեց իրեն պաշտոնազրկելու համար:

Բացի այդ, հոդվածագիրը Բալասանյանին  համարում է  Քոչարյանի սիրուց կուրացած և «բոնապարտիստական հովերով տարված անհնազանդ գեներալ», ով՝ հանդիսանալով որպես Քոչարյանի ծանր հրետանի, պատրաստ է հողին հավասարեցնել Նիկոլ Փաշինյանի վարչակարգն ու հետհեղափոխական իրականությունը:

Եվ որ ամենազավեշտալին է, հոդվածագիրը նշում է հետևյալը. «Արցախի գեներալները, ինչպես նաև Վիտալի Բալասանյանը, փաստացի հնարավորություն են շնորհում այլ պետությունների միջամտել Հայաստանի ու Արցախի ներքին գործերին։ Դեմ գնալով ու ապստամբելով Երևանի դեմ՝ Ստեփանակերտն իր դռներն է բացում Մոսկվայի և այլ աշխարհաքաղաքական խաղացողների համար։ Սա ազգային անվտանգության խնդիր է, մեծագույն սպառնալիք, որը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել (…): Չի բացառվում, որ անհնազանդ հերոսներն արդեն իսկ համագործակցում են արտաքին ուժերի հետ, չէ՞ որ հանուն Փաշինյանի տապալման ոչնչի առջև չի կարելի կանգ առնել, նույնիսկ Կրեմլի գիրկը թռնելու»՝ կասկածի տակ դնելով, ոչ միայն Բալասանյանի, այլև Արցախյան մյուս գեներալների հայրենանպաստ գործունեությունը»: Ակնհայտ է, որ հեղինակը ամբողջ հոդվածի ընթացքում կարմիր թելով իրականացնում է նաև հակառուսական քարոզչություն։

Հաջորդիվ թեմային անդրադարձել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Փաստերի ստուգման հարթակը, «Սասնա Ծռեր» կուսակցությունը, ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և իշխանական որոշ «փորձագետներ»:

Մասնավորապես, ԻՔՄ-ին պատկանող fip.am կայքում հրապարակվել է «Կեղծ հայտարարություններ Վիտալի Բալասանյանի կողմից»  հոդվածը, որում տեղ են գտել մի շարք «արդարացումներ» այն մասին, որ ԻՔՄ-ն չի հանդիսանում իշխանության բռնազավթման գործիք, այնինչ, ԻՔՄ-ն մեծ դերակատարում է ունեցել ՀՀ-ում 2018 թվականին տեղի ունեացած իշխանափոխության մեջ, ինչին անդրադարձ կկատարենք առաջիկայում։ Բացի այդ, հոդվածում նշվել է, որ դատարանների շրջափակման կոչը Սահմանադրական կարգի տապալում չէ, այնինչ այդ գործողությունն ուղիղ միջամտություն է դատական համակարգի գործունեությանը և Սահմանադրական կարգի տապալում: Նման բովանդակությամբ հոդվածները սովորական են «Փաստերի ստուգման հարթակի» համար, քանի որ  հարթակն արդեն հասցրել է հանրային ընկալումներում ձեռք բերել «իշխանություններին սպասարկողի» համբավ:

Այնուհետև «Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ Վիտալի Բալասանյանին անվանելով «5-րդ շարասյան խոսափողի վերածված դավաճան»՝ նրան համարելով «հայության և ՀՀ-ի (Արցախը ներառյալ) դեմ հայտարարված հիբրիդային պատերազմում ամենասուր և սադրիչ հայտարարություններով իրավիճակն ապակայունացնող ավանգարդի դավաճանական դերը ստանձնած մեկը»։

Իսկ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ Բալասանյանի մեղադրանքը վարչապետ Փաշինյանին իշխանությունը բռնազավթելու մեջ, ըստ էության, նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:

Թեմայի վերաբերյալ խոսել են նաև հանրային ընկալումներում իշխանությունների քարոզչությամբ աչքի ընկնող անձինք, օրինակ՝ Ստյոպա Սաֆարյանը, Ռուբեն Մեհրաբյանը, ՊՎԾ նախկին պետի մամլո խոսնակ Զարուհի Մեժլումյանը:

Վերը նշված լրատվականների և իշխանական այլ քարոզչամեքենաների՝ Վիտալի Բալասանյանի վերաբերյալ անդրադարձերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ շարունակվում է որոշ ժամանակ առաջ մեկնարկած արշավն ընդդեմ Արցախի ազգային հերոսների, և այդ քարոզչական արշավի հերթական թիրախը Վիտալի Բալասանյանն էր։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն