Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Փաշինյանի ու նրա թիմի իշխանության օրոք Հայաստանը ոչ մի «ժողովրդավարության բաստիոն» էլ չէ, արդեն շատ վաղուց պարզորոշ հայտնի է բոլորին: Առաջին հերթին, իհարկե, դա տեսնում ու հասկանում են փաշինյանական իշխանության, այսպես ասենք՝ «արևմտյան գործընկերները», որքան էլ որ երկերեսանիաբար լռում են կամ ծպտուն իսկ չեն հանում իրենց ֆինանսավորմամբ «բարեփոխված», իրականում իշխանության վարած քաղաքականության դեմ հանդես եկող խաղաղ ցուցարարներին ծվատող ոստիկանական վայրագությունների և, ընդհանրապես, այս իշխանությունների՝ ժողովրդավարության հետ աղերս չունեցող գործողությունների վերաբերյալ:

Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս վկայում են, որ Հայաստանը կամ այն, ինչ մնացել է Հայաստանից, վերածվել է խայտառակ հակաժողովրդավարական ու հակաժողովրդական անձնիշխանության ու անձնիշխանական քմահաճույքների տակ գտնվող տարածքի, որտեղ ուղղակի ծիծաղելի է խոսել օրենքի և օրինականության մասին ևս: Օրենքները կամ օրենքի պահանջները կիրառվում են ընտրողաբար, ինչն արդեն անօրեն լինելու արտահայտություն է: Այլ կերպ կարելի է ասել, որ բացի ակնհայտ բռնապետական (եթե կուզեք՝ խուլիգանապետության) շեղումներից, ներկայում Հայաստանում ցցուն արտահայտված են նաև իրավաքաղաքական խտրականությունն ու «բեսպրեդելը»: Դիտարկենք դա հայտնի օրինակներով:

Տեսեք, երբ ապրիլի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել հանրային փոխադրամիջոցում ԱԺ քպական պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև, դրան կայծակնային արագությամբ արձագանքեց ԱԺ նախագահը՝ տալով նաև իրավական բնույթի գնահատականներ, ինչը կարելի է մեկնաբանել նաև որպես իշխանության ուղիղ ենթակայության տակ հայտնված իրավապահ համակարգին հասցեագրված ուղղորդում: Մեծ հաշվով, արձագանքելը նորմալ է, քանի որ միջադեպը ուղղակիորեն վերաբերում էր ԱԺ պատգամավորի ու, որոշակի առումով, կապված էր նրա պատգամավորական գործունեության հետ: Սակայն այդ նույն ԱԺ նախագահը կամ այլ քպական պատգամավորներ նույնպիսի հրապարակային վրդովմունք ու վերաբերմունք չարտահայտեցին, երբ նշված միջադեպից կարճ ժամանակ անց ապօրինաբար «բերման ենթարկվեց» ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Բայց դա՝ դեռ իր հերթին:

Որևէ մեկը հիշո՞ւմ է, լսե՞լ է, որ այդ նույն քպականները որևէ բան ասած լինեն այն խայտառակագույն հանցագործության վերաբերյալ, երբ ոստիկանական համազգեստ ու «կարմիր բերետներ» կրող մոտ երկու տասնյակ անձինք ակնհայտ խուլիգանական դրսևորումներով հարձակվեցին ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Աշոտ Սիմոնյանի վրա: Եթե որևէ մեկը լսել է, որ, օրինակ՝ ԱԺ նախագահը պաշտոնապես դատապարտել է պետական իշխանության ներկայացուցչի վրա այդ հարձակումն ու ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկելու բացահայտ դրսևորումը, թող ձայն հանի: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ բացահայտ իրավաքաղաքական խտրականություն: Ավելին, ինչ-որ «վարույթ» նախաձեռնված է: Քանի՞ մեղադրյալ կա այդ «գործով», քանի՞սն է ձերբակալված, քանի՞ «բերետավոր» է ազատված համակարգից, ի՞նչ մեղադրանք է ներկայացված նրանց հրամանատարին, ի՞նչ մեղադրանք՝ այդ հրամանատարի վերադասին:

Աղբյուր՝ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն