Վլադիմիր Կարապետյանը համարում է, որ ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի կարողանում հավաքել: Իսկ որքա՞ն մարդ էր հավաքում ընդդիմությունը՝ Կարապետյանի ընդդիմադիր եղած ժամանակահատվածում

article-image

Սեպտեմբերի 5-ին լրագրողներից մեկը հարց ուղղեց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ կապված «թեժ աշնան», հնարավոր փոփոխությունների, ընդդիմության՝ իշխանությունը իր ձեռքը վերցնելու հետ, ինչին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Առհասարակ, եթե նայեք դուրս, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել: Իրականում, այդքան էլ չունի աջակից»:

Սա առաջին դեպքը չէ, երբ ներկայիս իշխանության ներկայացուցիչները քամահրանքով են խոսում ընդդիմության մասին: Ընդդիմություն ասվածը ոչ միայն վերաբերվում է խորհրդարանական փոքրամասնություն ներկայացնող ուժերին, այլև հասարակական-քաղաքական այն ուժերին, որոնք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Նախքան այդ ակցիաներին անդրադարձ կատարելը՝ կարևոր է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայակական Ժամանակ» լրատվականում տեղ գտած հոդվածը, որում ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ ՍԴ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների թվաքանակի վերաբերյալ մանիպուլացնող թվեր էին ներկայացված: Հոդվածում մասնավորապես նշված էր. «ՍԴ-ի մոտ մի քանի տասնյակ մարդ կա հավաքված, 30-ից առավելագույնը՝ 50»: ՀԺ-ում հրապարակված տվյալները թեև չեն համապատասխանում իրականությանը (AntiFake.am-ն անդրադարձել է այդ հոդվածում տեղ գտած մանիպուլյացիաներին), սակայն ավելին են, քան 20-ը։ Այսինքն վարչապետի խոսնակի պնդումը հերքվում է անգամ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվականում։ Բացի ՍԴ-ի դիմաց կատարված բողոքի ակցիաներից, ՎԵՏՕ հասարակական-քաղաքական կազմակերպության մյուս ցույցերը ևս մարդաշատ են եղել:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից կազմակերպվող հավաքները ևս բավականին մարդաշատ են։ Օրինակ՝ Ազատության հրապարակում հրավիրված հավաքը ամենաբազմամարդ և անգամ հազարների հասնող հավաք էր։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ևս կազմակերպվում են բազմամարդ ցույցեր: Օրինակ՝ բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց, ՍԴ-ի դիմաց և այլն:

Վերը թվարկված դեպքերը, իհարկե, չեն արտացոլում ՀՀ-ում իշխանափոխությունից հետո կատարված բողոքի ակցիաների ողջ պատկերը, սակայն լիովին բավարար հիմք են դառնում հերքելու ոչ միայն վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, այլև իշխանական քարոզչամեքենայի կողմից շահարկվող այն թեզը, թե ընդդիմության հավաքները սակավաթիվ են:

AntiFake.am-ը ուսումնասիրել է նաև, թե Կարապետյանի՝ ընդդիմադիր եղած ժամանակահատվածում որքան մարդ է կարողացել կոնսոլիդացնել նրա քաղաքական թիմը փողոցում։

10 տարի Վարդան Օսկանյանի հետ ճանապարհ անցնելուց հետո Վլադիմիր Կարապետյանը 2008 թ.-ին անդամակցել է ՀԱԿ-ին և հանդես եկել ընդդիմադիրների շարքերից։

2008 թ.-ի նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ի կողմից կազմակերպվել են մի շարք բողոքի ակցիաներ, որոնք աչքի չեն ընկել իրենց բազմամարդությամբ:  (Օրինակներ՝  1, 2, 3, 4)

Գուցե Կարապետյանի անդամակցած ընդդիմադիր քաղաքական ուժի (ՀԱԿ-ի) և անձամբ Կարապետյանի՝ ամբողջ կյանքի ընթացքում որևէ քաղաքական հաջողություն չգրանցելու հիշողություններն են ստիպում «ձախողում կանխատեսող» գնահատականներ հնչեցնել ներկայումս փողոցում բողոքի ակցիաներ և հավաքներ իրականացնող ուժերի վերաբերյալ և բավականին մարդաշատ հավաքները ներկայացնել որպես 20-ից ոչ ավելի մարդկանցով ուղեկցվող հավաքներ, սակայն իրականությունն այն է, որ Կարապետյանի ընդդիմադիր եղած ժամանակահատվածում նրա քաղաքական ուժն ավելի քիչ մարդ էր կոնսոլիդացնում փողոցում, քան ներկայումս որպես քաղաքական, հասարակական ուժեր հանդես եկող կառույցները։ Ուստի՝ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը լրագրողներին ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա։

Չենք կարող չնշել նաև, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրի կարգավիճակում իր քայլարշավը սկսել  է ընդամենը մի քանի անձանց հետ, և վարչապետի խոսնակի կողմից մանիպուլյացիաներ անելուց բացի նաև ազնիվ չէ «սակավաթվությունը» որպես ձախողման նախապայման ներկայացնելը։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն