Օխլոկրատիա` ժողովրդավարության այլասերում. «Հետհեղափոխական» Հայաստանի իրականությունը. Մաս 2

article-image

Շարունակելով ներկայացնել օխլոկրատական դրսևորումները «հեղափոխական» Հայաստանում՝ պետք է արձանագրել, որ քաղաքացիների ոչ պատշաճ իրազեկվածությունը իրենց իրավունքների ու պարտականությունների մասին հանգեցնում է իշխանությունների կողմից քաղաքացիների մանիպուլացմանը, որի արդյունքում իշխանությունները, ազդելով քաղաքացիների ենթագիտակցության ու վարքագծի վրա, կարողանում են լայն զանգվածներ մոբիլիզացնել որևէ գաղափարի շուրջ, որն ուղղված է կտրուկ փոփոխությունների իրականացմանը, և որը, նախ և առաջ, ելնում է իշխանության շահերից։ Եվ հաշվի առնելով այն, որ քաղաքացիների մոտ առկա է իրազեկվածության բացակայություն՝ իշխանությունների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը և օրենքների խախտումը նման պարագայում անպատիժ է մնում։

Օխլոկրատիկ առաջնորդին բնորոշ հատկանիշներն ու ազդեցությունը զանգվածների մոբիլիազացման վրա

Օխլոկրատական պայմաններում իրավիճակի տերը ամբոխն է, որին, որպես կանոն, առաջնորդում է դեմագոգը, ում կողմից էլ հաստատվում են վարքագծի օրենքներն ու նորմերը։

Այսպես, «հեղափոխության» ընթացքում պայքարի միջոց էր ընտրվել խաղաղ անհնազանդությունը (տարատեսակ ակցիաների իրականացումը՝ փողոցների արգելափակումը, բաց ձեռքերով պայքարը, ոստիկանների հանդեպ բարեկամական վերաբերմունքը, գործադուլների ու դասադուլների իրականացումը, երթերի ու հանրահավաքների կազմակերպումը և այլն), սակայն առկա էին նաև խաղաղ անհնազանդության տրամաբանությունից դուրս գործողություններ, ինչպիսիք են՝ տևական ժամանակով քաղաքացիների ազատ տեղաշարժի խոչընդոտումը, պետական հիմնարկներ ներխուժումը (Հանրային ռադիոյի շենք, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շենք, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք), դպրոցականներին հորդորումը մասնակցելու ցույցերին և այլն։

Ֆրանսիացի սոցիոլոգ Գուստավ լը Բոնը նշում է, որ դեմագոգին բնորոշ է երևակայության և քաղաքական կոմպետենտության պակասը (մարտավարական մտածելակերպ)։

Այսպես, նախքան «հեղափոխությունը» բողոքի ցույցերի հիմնական նպատակը պայքարն էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարության դեմ, սակայն չկար հստակ գործողությունների ծրագիր, թե ձախողվելու դեպքում ինչ պետք է անեն ցուցարարները։  Ավելին, Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո պարզ դարձավ, որ պետք է պայքարել ոչ միայն մեկ անձի, այլև ամբողջ համակարգի դեմ։ Մեկ այլ կարևոր բացթողում էր քաղաքական թիմի բացակայությունը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի և շարժման այլ անձանց ձերբակալումից հետո պարզ չէր, թե ով է ղեկավարելու հավաքը, ինչը կարող էր հասարակության միջև էսկալացիայի առիթ հանդիսանար։

Իշխանության ձեռք բերումը դեմագոգի երազանքն է։ Հույն պատմիչ Քսենոփոնն առաջիններից էր, որը նշում է, թե ինչպես կարելի է օգտագործել ամբոխը քաղաքական նպատակներով, այսինքն՝ իշխանություն ձեռք բերելու համար։ Ամբոխը, լինելով հասարակության առավել հետամնաց և արժեքազուրկ մասը, պարզունակ գաղափարներ ունի հասարակական գործընթացների վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս դեմագոգին ավելի հեշտ մանիպուլացնել, համոզել և իշխել ամբոխին։

Այսպես, «հեղափոխությունը», որի հռչակված նպատակներից էին Հայաստանում սուպերվարչապետությունը վերացնելը,  (բալանսավորված իշխանության ստեղծում) և սահմանադրական փոփոխություններ իրականացնելը (ռեյտինգային քվեարկության վերացում), քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության մակարդակի մեծացումը (աշխատատեղերի ստեղծում, աղքատության կտրուկ նվազեցում) և այլն, իրականում հնարավորություն ընձեռեց Նիկոլ Փաշինյանին ձեռք բերելու իշխանություն և դառնալու «սուպերվարչապետ», անկախ Փաշինյանի այն հայտարարություններից, որ սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ, և համապատասխան մեխանիզմներ պետք է մշակվեն, որ ամեն ինչ կախված չլինի միայն վարչապետի կամքից։

Նախկինում, ըստ Փաշինյանի, Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը պետք է փոխեին իրենց կարգավիճակը և դառնային նախարարություններ, որի օրենսդրական և սահմանադրական դժվարությունները հաղթահարելի էին։ Սակայն արդյունքում վերը նշված փոփոխությունները այդպես էլ մնացին զուտ հայտարարությունների մակարդակում և չիրագործվեցին։

Բացի այդ, ամբոխին իշխելն ավելի հեշտ է, քանի որ այն հիմնվում է անցյալի հուշերի վրա և չունի հեռանկարային նպատակներ կամ ապագայի ծրագրեր, ինչպես նաև այն արկածախնդիր է, այսինքն չի ստանձնում պատասխանատվություն իր կողմից ընդունած որոշումների համար։ Նրա բոլոր գործողություններն ինքնաբուխ արձագանքն են ներկայի հանդեպ, որոնց հիմքում ընկած է հուզականությունը։

Այսպես, «հեղափոխության» ընթացքում Ն․ Փաշինյանի կոչով շարժման մասնակիցները, որոնք ատելությամբ էին լցվել ՀՀԿ-ի նկատմամբ, առանց որևէ հեռանկար ունենալու և հետագա պատասխանատվություն ստանձնելու գրավեցին նախ Հանրային ռադիոյի շենքը, ապա ներխուժեցին ուսումնական հաստատություններ (Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի, ԵՊՀ)։ Պատահական չէ, որ օխլոկրատիայի պայմաններում՝ հեղափոխությունների, ապստամբությունների, քաղաքացիական պատերազմների, հասարակական ցնցումների ժամանակ ի հայտ են գալիս իշխանությանը հավակնոտ և տարբեր նպատակներ հետապնդող մի շարք մարդիկ կամ ուժեր, որոնք, հետագայում դառնում են հեղափոխական ուժին կցորդ («Սասնա ծռեր» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և այլն)։  

Իր նպատակին հասնելու համար դեմագոգը դիմում է պրոպոգանդայի ու պոպուլիզմի օգնությանը, կիրառում PR-գործիքներ, մոբիլիզացման հնարներ՝ ազդելով ամբոխի հուզականության վրա։ Ամբոխի աջակցությունը ստանալու համար անհրաժեշտություն է առաջանում նաև ստեղծել ամբոխի կողմից ընդունված երևակայելի թշնամու կերպար, որի վրա ամբոխը սկսում է բարդել իր բոլոր անհաջողությունները։

Այսպես, Սերժ Սարգսյանին (հետագայում ՀՀԿ-ին) որպես ավտորիտար վարչակարգի և պետության թերզարգացման հիմնական թիրախ հռչակելով՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ քաղաքացիների լայն զանգված մոբիլիզացնել և Սերժ Սարգսյանին դարձնել քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության ցածր մակարդակի հիմնական խոչընդոտը։

Բացի այդ, ապստամբությունների, ցույցերի և այլ գործողությունների ժամանակ հարկավոր է պարբերաբար շեշտադրել ամբոխի հաղթանակը, քանի որ ամբոխը սկսում է հավատալ, որ իրական իշխանությունն իր ձեռքերում է։

Այսպես, մոբիլիզացման մեկ այլ հնար էր ժողովրդի հետ առաջնորդի նմանակումը, որի նպատակով Նիկոլ Փաշինյանը շարժման ընթացքում ներկայանում էր ոչ թե որպես պատգամավոր, այլև որպես հասարակ քաղաքացի՝ յուրաքանչյուր հաջողված քայլ դիտարկելով որպես ժողովրդի հաղթանակ։ Լայն զանգվածի մոբիլիզացումը պայմանավորված էր նաև Ն․ Փաշինյանի խարիզմատիկ լիդեր լինելով։ Ավելին, հանրային ընկալումներում Ն․ Փաշինյանը երբեմն ասոցացվում էր Մոնթե Մելքոնյանի հետ (զինվորական հագուստ, վիրակապած ձեռք, խռպոտ ձայն և այլն):

Բացի այդ, մոբիլիզացման գործընթացն ավելի է հեշտացվում ԶԼՄ-ների հանդեպ վերահսկողություն սահմանելու դեպքում, որի հետևանքով տեղեկատվությունը հատուկ մշակվում է ամբոխի սպասելիքներին համապատասխանելու նպատակով։ Հեղափոխության օրերին շրջանառվում էր, որ Հանրապետության հրապարակում հավաքվել է շուրջ 250, 500, 600 հազար և ավելի «հեղափոխական», մինչդեռ Հանրապետության հրապարակի տարածքը 40 հազ քառակուսի մետր է և այդ տարածքում, ըստ հաշվարկների, կարող է տեղավորվել առավելագույնը 160.000 անձ:

Լայն աջակցություն ստանալու համար քաղաքական ուժը հանդես է գալիս ամբոխի անունից և որդեգրած քաղաքականության ծրագրում ներառում է հավասարության և արդարության սկզբունքները։ Պատահական չէ, որ հետագայում կառավարության ծրագրի հիմնական կետերից էր ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի ունենալը, որն իր մեջ ներառում էր օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը և այլն։ Սա պայմանավորված է նրանով, որ ամբոխը հակում ունի դեպի հավասարությունը և ազատությունը, որը հանգեցնում է նրան, որ ամբոխը պահանջում է բոլորից լինել «ինչպես բոլորը», այսինքն՝ ինչպես ինքը։ Սակայն իշխանություն ձեռք բերելուց հետո այդ սկզբունքներն աղճատվում են։

Սա սահմանադրական «հեղափոխությունների» հերթական փուլն է, և այն բնական կարգն է, որում սահմանադրությունները փոփոխվում են, վերափոխվում են և նորից վերադառնում իրենց սկզբնական փուլին: Արդյունքում, տեղի չեն ունենում սահմանադրական ոլորտում արմատական փոփոխություններ և շարունակում են գործել նախկին վարչակարգից մնացած տարրերը։

Օխլոկրատական դրսևորումները «հեղափոխական» Հայաստանում․ խնդիրներն ու կարգավորումները

Օխլոկրատիան առաջանում է հասարակության տրանսֆորմացիայի և ճգնաժամային պայմաններում որպես կանոն՝ հեղափոխությունից հետո, երբ ամբոխը պետական խնդիրների լուծման համար թելադրում է պայմաններ և որոշումներ, պետական պաշտոններում նշանակում է ապստամբ ուժերի ներկայացուցիչներին, իրականացնում է ճնշամիջոցներ և ինքնադատաստան ըստ արդարության պարզունակ պատկերացումների, այլ կերպ ասած՝ ինքնակամ օժտում է իրեն իշխանությամբ՝ առանց հետևելու օրենքի տառին և հաշվի առնելու բոլորի կամքը։

Նիկոլ Փաշինյանը, այցելելով Նորագավիթի ավտոմաքսատուն և տեսնելով մաքսատան սենյակներից մեկում գետնին ընկած դրոշը, որոշում է գործից ազատել սենյակում գտնվող աշխատակցին։ Մեկ այլ դեպք էր «Սասնա ծռերից» Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը դժգոհություն էր առաջացրել ոստիկանական համակարգում, որ վարչապետը բարձր մակարդակով ընդունել է Երևանում ահաբեկչություն կատարած խմբի ղեկավարությանը, խումբ, որը երեք ոստիկանի մահվան պատճառ է դարձել:

Սա հետագայում իշխանությունների և հասարակության միջև վիճաբանության տեղիք է տալիս։ Պատահական չէ, որ Պոլիբիոսն առանձնացնում է օխլոկրատիային բնորոշ երեք բաղադրիչ՝ ամբոխի իշխանություն, բռնության դրսևորում, անօրինականություն։ Օխլոկրատիային բնորոշ հատկանիշներ կարելի է տեսնել Հռոմեական կայսրության շրջանում, երբ բանակը, որը թեև չէր արտահայտում հասարակության համատեղ կամքը, իր հայեցողությամբ էր իշխանություն շնորհում և զրկում դրանից մի խումբ մարդկանց կամ անհատին։ Օխլոկրատիկ միտումների դրսևորումը պետությունում վկայում է իշխանության փաստացի փլուզման և քաղաքական համակարգի ծանր վիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով իր ձեռքի տակ եղած, Սերժ Սարգսյանի օրոք գրված գաղտնի փաստաթուղթը, հայտարարել էր, որ ըստ էության՝ հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, և, ըստ էության, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է։

Դա պայմանավորված է նրանով, որ ամբոխի առաջնորդը իշխանություն ձեռք բերելուց հետո հակված է թուլացնելու խորհրդարանական վերահսկողությունը, այն է լինելով մեծամասնություն՝ իր կողմից առաջարկված նախագծերը ընդունվում են գրեթե միաձայն։

Բացի այդ, իշխող քաղաքական ուժն օգտագործում է տնտեսական ճգնաժամը որպես արդարացում պետական կառավարման վերաձևակերպման համար, իսկ նրա կողմից արված փոփոխություններն օգուտ են միայն նրա անդամներին։ Նման փոփոխությունների շարժառիթը պայմանավորված է պետական կառավարումը անձնակենտրոն դարձնելու նպատակով։  Խորհրդարանական վերահսկողությունը թուլացնելուց բացի իշխող քաղաքական ուժը նպատակ է հետապնդում թուլացնելու նաև դատական իշխանությունը։ Այս նպատակին հասնելու համար անկախ դատավորներից և իրավապահ մասնագետներից պահանջում են պաշտոնաթողություն, և նրանց փոխարինելու են գալիս այն իրավապաշտպանները, ովքեր աջակցում են իշխող քաղաքական ուժին։ Նմանատիպ օրինակ են անցումային արդարադատության մասին քննարկումները, համաձայն որոնց՝ պետք է վեթթինգ կիրառվեր դատավորների նկատմամբ։ Նման օրինակ է նաև Վահե Գրիգորյանին՝ որպես իշխող ուժի թեկնածու, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկու անգամ առաջադրելը նախագահի կողմից, որից հետո Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները։ Նույն իրավիճակը կարելի է տեսնել օրենսդիր մարմնում, երբ ապօրինի կերպով ազատում են ԱԺ աշխատակիցներին, ապա անվավեր ճանաչում աշխատանքից ազատելու մասին կարգադրությունները։

Արդյունքում լայն սկսում են լայն տարածում գտնել անօրինականությունը, գործողությունների անկանխատեսելիությունն ու կամայականությունը, որոնք, ըստ գերմանացի իրավաբան Յոհան Հեյնեցիուսի, վկայում են իշխանության ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր, դատական, միջև տարբերակման փլուզման մասին։

Այսպիսով, օխլոկրատիան հանդիսանում է վտանգավոր սոցիալական երևույթ, որի պայմաններում առկա իշխանական անպատասխանատվությունն անհնարին է դարձնում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Բացի այդ, իշխող քաղաքական ուժի կողմից անհարգալից, նվաստացնող և վիրավորական վերաբերմունքի դրսևորումը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ վտանգի տակ է դնում ժողովրդավարության արժեքները՝ հանդուրժողականությունն ու բազմակարծությունը։

Մի կողմից Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարության մասին, մյուս կողմից՝ տարածում անհանդուրժողականություն և միակարծություն։ Այս հանգամանքով Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր «ասֆալտին փռել և պատերով տալ» բռնությամբ հարց լուծել փորձողներին։ Նմանատիպ հայտարարություն էր արել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով նշել էր, որ «թպրտացողներին պատրաստ են փռել ասֆալտին օրենքի սահմաններում»։ Ինչ վերաբերում է բազմակարծությանը, ապա Հայաստանում լրատվամիջոցների կողմից տարածված ցանկացած հակաիշխանական գրառում դիտարկվում է, ինչպես Փաշինյանն է նշել, «սնվող սերժառոբական հայրենաթալան ավարի» շրջանակներում:

Արդյունքում, օխլոկրատիայի անկայուն և փոփոխական բնույթը հանգեցնում է հասարակական վիճակի վատթարացմանը, որի արդյունքում ամբոխը, չտեսնելով որևէ փոփոխություն իր սոցիալական կարգավիճակում, սկսում է հասկանալ, որ սխալվել է իր առաջնորդի ընտրությունում և սկսում ընդվզումներ նրա հանդեպ։ Այնուամենայնիվ, օխլոկրատիայի վառ դրսևորումներ հազվադեպ են լինում։ Սովորաբար հանդիպում են օխլոկրատիայի ձևափոխված տարբերակները քաղաքական իշխանության այլ ձևերի հետ համատեղությամբ։ Միևնույն ժամանակ, օխլոկրատիկ կառավարում կարելի է կազմակերպել նաև արհեստական ճանապարհով՝ ելնելով մի շարք ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նպատակներից։

Օխլոկրատիայի վերացման համար անհրաժեշտ է, որ պետությունում գործի բազմակուսակցական համակարգ, այսինքն՝ բազմակարծություն ու հավասարություն։ Մեկ այլ կարևոր տարրերից է առողջ ընդդիմության առկայությունը, որը ոչ միայն վերահսկում է իշխող ուժի գործունեությունը, այլև ներկայանում է որպես այլընտրանք հասարակության համար։ Անձնակենտրոնությունից խուսափելու լավագույն տարբերակը քաղաքական իշխանության բաշխումն է տարբեր անհատների և մարմինների միջև, որոնք ներկայացնում են տարբեր շահեր՝ համապատասխանող հասարակությունում առկա խավերի բազմազանությանը։ Յուրաքանչյուրը հետամուտ է պաշտպանելու իր շահը և շահագրգռված է կանխել բացառիկ և, հետևաբար, բռնատիրական ուժի կենտրոնացումը մեկ մարդու ձեռքերում։ Միևնույն ժամանակ տարբեր անհատների ու մարմինների միջև առկա են նաև ընդհանուր շահեր, որոնք հնարավորություն են տալիս համագործակցելու, որը արդյունավետ է դարձնում կառավարման գործընթացը։ Եթե կառավարման գործընթացի ընթացքում միմյանց դիմադրելու հետաքրքրություն չլինի, ապա այդ դեպքում ազատություն չի լինի: Եթե չլինի համագործակցության շահագրգռվածություն կառավարման ընթացքում, ապա այդ դեպքում կառավարություն լինել չի կարող։ Այսպիսով, համագործակցությունը տեղիք է տալիս երկկողմանի կախվածությանն ու փոխադարձ ստուգումներին։ Փոխադարձ վերահսկողությունն էլ միակ գործիքն է, որը կանխում է ժողովրդավարության այլասերումը։

Ամփոփելով կարող ենք ասել, որ պետությունում օխլոկրատական դրսևորումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները, գիտակցելով իրենց իրավունքներն ու պարտականությունները, ունենան պետության (ժողովրդավարական ուղով) զարգացման թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական պատկերացումներ։ Հակառակ դեպքում իշխանության ձգտող որևէ անհատ կամ խմբավորում, առաջարկելով պետության զարգացմանն ուղղված կտրուկ և ինքնաբուխ փոփոխություններ, կարող է մանիպուլյացիաների և ապատեղեկատվության տարածման միջոցով նպաստել իշխանության գերկենտրոնացվածությանը իր ձեռքերում, ինչը պաշտոնական դիրքն ու լիազորությունները չարաշահելու հնարավորություն կընձեռի, և միևնույն ժամանակ պատասխանատվություն չկրել քաղաքացիների առջև։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

 

Աղբյուրները՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը