Ռիսկը մեծ է, որ կարող են լինել այլ քաղաքացիական զոհեր, քանի որ մեր տվյալներով այդ բնակավայրերից անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. ԱՀ ՄԻՊ

article-image

Առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր։ Վիրավորներից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մեր նախնական վերլուծությամբ 10500-ի մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500 ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա։ Այս թվերը դեռ ճշգրտման կարիք ունեն։

Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են լինել այլ քաղաքացիական զոհեր, հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբեր են մուտք գործել, քանի որ մեր տվյալներով այդ բնակավայրերից անհայտ կորած քաղաքացիական անձինք կան։

Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպող թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև պարբերաբար՝ Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր, և որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում։

Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ, և ակնհայտորեն թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ։

Երեկ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։ Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով։

Մարտունի և Մարտակերտ քաղաքներում պարբերաբար թիրախավորումներ լինում են, կրկին արձանագրվում են գլխավորապես նյութական վնասներ, քանի որ մարդիկ արդեն զգուշավոր են, հասկանում են, որ ռիսկը մեծ է, և, գլխավորապես, ապաստարաններում են լինում։ Դրա համար մարդկային զոհերի և վիրավորների քանակը նվազում է։

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ։ Այդ լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր։ Այդ տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը խստագույնս անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները։

Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները, երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում, և նաև հայ զինծառայողների դիակների մասով բացառվեն հետագա իրավախախտումները և ոտնձգությունները»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Աղբյուր՝ Արցախի տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն