Նիկոլ Փաշինյանի խոստումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

article-image

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուրջ 30 տարի եղել և շարունակում է մնալ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների կիզակետում: Տարիներ շարունակ տարածաշրջանով շահագրգիռ պետությունները հարմար առիթը բաց չեն թողել խնդիրը շահարկման խաղաքարտ դարձնելու համար, սակայն պակաս չեն նաև ներկայումս խնդրի շուրջ ստեղծված ներքաղաքական զարգացումները:

Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իշխանության փոփոխությունը հարևան պետությունում հիմնախնդիրը հօգուտ իրենց լուծելու հույսեր է արթնացրել: Մասնավորապես դրա առաջին ապացույցը եղավ Ալիևի և Փաշինյանի՝ Դուշանբեում կայացած հայտնի վերելակային հանդիպումը, որից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակոցները զգալիորեն նվազեցին (ի դեպ, նշենք, որ մինչ այդ երկու պետությունների արտաքին գործերի նախարարները հասցրել էին  երկու պաշտոնական հանդիպում ունենալ): Դրան հաջորդել է Միլանում արտգործնախարարների՝ թվով երրորդ պաշտոնական հանդիպումը, որը, ըստ էության, բովանդակային առումով չէր տարբերվում մյուս երկու հանդիպումներից: Այս իրադարձություններին հաջորդում է Սանկտ Պետերբուրգում Ալիև-Փաշինյան երկրորդ, ոչ ֆորմալ կուլիսային հանդիպումը, որի մասին, ի դեպ, առաջին տեղեկությունը ստանում ենք Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևից, որը, ըստ էության, նույնպես այդքան էլ չէր տարբերվում նախորդ ոչ ֆորմալ հանդիպումից: Թերևս հատկանշական էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այս տարվա առաջին հանդիպումը Փարիզում, որը բուռն արձագանքների արժանացավ թե՛ միջազգային մի շարք կառույցների և պետություններ, և թե՛ հայկական հանրության կողմից: Մասնավորապես, ուշագրավ էին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի տարածած հայտարարությունը, որտեղ նշվում էր բանակցություններում դրական ազդակներ տեսնելու մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաջողության կապակցությամբ: Թրամփի ուղերձում մասնավորապես նշվում է. «Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին»:

Նույն օրը հետևեց Սերգեյ Լավրովի «սառը ցնցուղ» հայտարարությունը, որտեղ Ռուսաստանի արտգործնախարարը ասաց, որ Մոսկվան աջակցում է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Բաքվի՝ լուծումների որոնման պատրաստակամությանը: Հիշեցնենք, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարարները տարածել են նույն համաձայնեցված հայտարարությունները, որտեղ նշվել է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, անվտանգության և տարածաշրջանի կայուն զարգացման հարցերին:

Այս ամենը համադրենք Նիկոլ Փաշինյանի կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ներքին սպառման համար արված հայտարարությունների հետ: 2018թ. հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց. «Մենք որևէ լուծման պարագայում պետք է լինենք հրապարակային: … Ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծողը որևէ կառավարություն է կամ ես, կամ որևէ վարչապետ: Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և կոնկրետ՝ Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը և տվյալ դեպքում նաև սփյուռքը, որովհետև սա համահայկական հարց է»: Ինչպես նաև հետագայում նշել է. «Ես բազմիցս ասել եմ, որ բանակցային գործընթացում ներկայացնում եմ ՀՀ-ն: Մի պարզ պատճառով չեմ կարող ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, նրանք ունեն իրենց կառավարությունը: Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել: Դա բոլորին է հասկանալի», հետո հավելել. «Այնուհանդերձ՝ բոլորը, ընդհանուր առմամբ, գիտեն՝ ինչ ենք խոսել: Բանակցություններն ընթացել են այն շրջանակում, որը համապատասխանում է իմ հրապարակային հայտարարություններին: Դեռևս նոր բան չկա»:

Վերջին հատվածը, ըստ ամենայնի, վերաբերում էր Դավոսում ժամուկես տևած Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, որից հետո վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ստացվում է, որ.

  1. բանակցային գործընթացը լինելու է թափանցիկ,

  2. Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, այսինքն՝ առանց Արցախի Փաշինյանը չի բանակցելու ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ,

  3. Ալիևի հետ բանակցությունները ընթանում են վարչապետի՝ մեզ հայտնի հրապարակային հայտարարությունների շրջանակում, սակայն, էթիկայի կանոններից ելնելով՝ չի ցանկանում հրապարակել:

Հարց է ծագում. եթե, ըստ վարչապետի, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները լինելու են թափանցիկ, իսկ լուծման քննարկման հարցը առանց Արցախի չի բանակցվելու, ապա ի՞նչ է ստացվում. արտգործնախարարների չորս  և պետությունների ղեկավարների մակարդակով երեք ոչ ֆորմալ հանդիպումները ուղղված են եղել միմիայն Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՞ն:

Այդ դեպքում ինչու՞ են ժողովուրդներին խաղաղության պատրաստում, կամ մի՞թե ժողովուրդներին խաղաղության պատրաստելը ԼՂ հիմնախնդրի լուծման փուլ չէ, իսկ եթե փուլ է, հետևաբար բանակցային գործընթաց է, եթե բանակցային գործընթաց է, ինչու՞ թափանցիկ չէ, և որ ամենակարևորն է. ինչո՞ւ Արցախի իշխանությունները չեն մասնակցում այդ գործընթացին, կամ, առհասարակ, ինչու՞ տեղեկացված չեն: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Արցախի ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը հայտարարել էր, որ Արցախի համար անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում՝ մի կողմից հայաստանյան իշխանությունների հերքումները, որ Արցախի ժողովրդի թիկունքում դավադրություններ չեն լինի, մյուս կողմից՝ Ադրբեջանի լավատեսական հայտարարությունները: Փաստացի Նիկոլ Փաշինյանի բոլոր հրապարակային արտահայտությունները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ զուտ ներքին սպառման առաքելություն են կատարում, և այսօր ներկայիս իշխանությունները նույն փակ,  կուլիսային բանակցություններն են վարում, ինչի մեջ մեղադրում էին նախկիններին: Եթե սրան էլ գումարենք իշխանական թևի որոշ ներկայացուցիչների անգրագիտությունը ԼՂ հիմախնդրի հարցում, ապա մնում է սպասել միայն հրաշքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն