Արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին և ԵԽ կառույցին, սակայն այս մասին նախարարության կողմից պաշտոնական հրապարակում առկա չէ

article-image

Արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության և իրավական համագործակցության վարչությանը դատավորների բարեվարքության և կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բարեփոխումների հետ կապված համատեղ կարծիք ստանալու համար, սակայն այս մասին նախարարության կողմից պաշտոնական հրապարակում առկա չէ։

Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի արդարադատության նախարարը, այս տարվա հուլիսի 15-ին արված հայտարարությունից հետո, 2019 թվականի սեպտեմբերի 9-ին խնդրել է Վենետիկի հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության և իրավական համագործակցության վարչությանը տրամադրել համատեղ կարծիք Դատական օրենսգրքի և հարակից օրենքների՝ դատավորների բարեվարքության և կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բարեփոխումների հետ կապված»:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից Վենետիկի հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդի կառույցին համատեղ կարծիք տրամադրելու վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն հրապարակված չէ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։

Մանրամասներ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նախարար Բադասյանի հետ, սակայն վերջինիս օգնականը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարը և մամուլի քարտուղարը արձակուրդում են, նրանց փոխարինողներ չկան, այս հարցով տեղեկություն տրամադրելու համար նախարարությունում այլ կոմպետենտ աշխատողներ չկան, և տեղեկություններ ստանալու համար կարող ենք զանգահարել ամսի 23-ից հետո։

Նշենք, որ Արդարադատության նախարարը բազմիցս հայտարարել է Դատական օրենսգրքի բարեփոխումների և դատավորների բարեվարքության հարցի՝ անձամբ իր և ամբողջ նախարարության համար առաջնային լինելու մասին, սակայն ինչպես պարզ է դառնում Արդարադատության նախարարության պաշտոնական կայքի ուսումնասիրությունից և նախարարի օգնականի արձագանքից, այս հարցով, բացի նախարարից և մամլո խոսնակից, նախախարությունում այլ կոմպետենտ պաշտոնյաներ չկան, և լրատվական գործունեություն իրականացնողները նախարարի՝ սեպտեմբերի 9-ին Եվրոպայի խորհրդին ուղարկված դիմումի մասին պաշտոնական տեղեկություն կարող են ստանալ միայն կես ամիս անց։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության վերաբերյալ, որը հույժ կարևոր նկատառումներ էր պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։

Մասնավորապես, արձանագրության մեջ նշված էր, որ Հայաստանի իշխանությունների հրավերով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։

Համաձայն արձանագրության՝ Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն էին ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն արձանագրության հրապարակման պահին դեռևս պաշտոնական դիմում չէր ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէր։ Իր նիստում [Վենետիկի Հանձնաժողովի] Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։

[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորել էր ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիք մշակել, որը պետք է ուղարկվեր հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։

Արձանագրության տարածումից հետո հայտարարություն էր տարածել նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը՝ « Ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումների» վերնագրով։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման օբյեկտիվ կառուցակարգ մշակելու միջոցով իրականացման դիրքորոշմանը:  «Ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման»։

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը