«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ի բոլոր մարզային միջոցառումներին ներկա Տիգրան Պարսիլյանը ՀՀ Ազգային Ժողով է եկել 2023 թվականի նոյեմբերին` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո` նրան փոխարինելու։
Պարսիլյանը քաղաքական դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:
Պարսիլյանի առաջին պաշտոնը 2018 թվականին եղել է Արարատի մարզպետի խորհրդականի, այնուհետեւ՝ մարզպետի տեղակալի պաշտոնը:
Տիգրան Պարսիլյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն` պատգամավորը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Կինը՝ Նվարդ Սարգսյանը, ևս որևէ անշարժ գույք չի հայտարարագրել․ անհասկանալի է, թե որտեղ է ապրում պատգամավորի ընտանիքը:
Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 2001 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2020 թվականին՝ պետական աշխատանքի անցնելուց հետո։
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 600 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 200 հազար դրամ։
2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 6 մլն 758 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։
Նկատենք, որ ՔՊ պատգամավորը, մինչեւ պաշտոններ ստանձնելը, սեփական ոչինչ չի ունեցել․ հիմա մեքենա ունի, բնակարանի մասին էլ՝ թերևս կլսենք շուտով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։