«Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն սուրբ յուղով կամ Մյուռոնով օծվում են եկեղեցին, մատուռը, Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, խաչքարերը, ինչպես նաև աստվածապաշտության մեջ կիրառվող այլ առարկաներ՝ խաչեր, պատկերներ։ Հայոց Եկեղեցում Մյուռոնը կիրառվում է հետևյալ խորհուրդների և ծեսերի ժամանակ։
Դրոշմի խորհուրդ
Մկրտությունից հետո կատարվում է Դրոշմի խորհուրդը, որի ժամանակ մկրտվողի մարմնի ինը մասերը դրոշմում են Մյուռոնով։
Ձեռնադրության խորհուրդ. Քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծում
Հայոց Եկեղեցում քահանայությունից ցածր աստիճանները շնորհվում են տվչությամբ կամ ձեռնադրությամբ։ Մյուռոնով օծում են քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական ձեռնադրության ժամանակ։
Օծում են քահանայի ձեռքերը և ճակատը, եպիսկոպոսի աջ բթամատը և ճակատը։ Իսկ կաթողիկոս օծելու ժամանակ Մյուռոնը հեղում են նորընտիր հայրապետի գլխին. «Եւ առեալ երիցագոյն Արհիեպիսկոպոսին ի սրբոյ սեղանոյն զոսկեզօծ աղաւնի Սրբալոյս Միւռոնի ի ձեռս իւր՝ եւ բարձրացուցեալ՝ հեղու զՄիւռոնն ի գագաթն Նուիրելոյն»։
Եկեղեցու օծման ծես
Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի 16 քարերը (12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով), Խորանը, Մկրտության Ս. Ավազանը, դուռը, զանգը, գմբեթի խաչը։ Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Սբ. Պատարագ, քանզի այն այլևս սրբագործված է և մաքուր։
Ջրօրհնեքի ծես
Հունվարի 6–ին՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության Սուրբ Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Մյուռոնը հեղվում է ջրով լի կաթսայի մեջ»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։