«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Ստորև ներկայացնում ենք Արմեն Աշոտյան-քաղաքացիներ հարցուպատասխանը.
– Ալիևը շարունակ պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Փաշինյանն ասաց, որ կհամաձայնի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
Արմեն Աշոտյան.«Ալիևի ցանկությունը բացատրելի է․ Արցախն օկուպացնելուց և հայաթափելուց հետո նա ցանկանում է վերացնել նաև Արցախի հարցով զբաղվող մանդատ ունեցող միակ միջազգայնորեն ճանաչված կառույցը։ Ի հակասում սեփական ամպագոռգոռ հայտարարությունների՝ նա լավ գիտակցում է, որ Արցախի խնդիրը փակված չէ, և ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունը դրա միջազգային արձանագրումն է։
Նիկոլի մանր առևտրային շուստրիությունը նույնպես ընթեռնելի է։ Արցախն Ալիևին դե ֆակտո հանձնելուց հետո նա ամբողջությամբ պատրաստ է օգնել նրան՝ ջնջելու Արցախի հարցը միջազգային օրակարգից, սակայն փորձում է առուծախ անել «утром-деньги, днем-стулья» սկզբունքով։ Որքան էլ տեսանելի է «Արցախը՝ Հայաստանի դիմաց» նրա որդեգրած քաղաքականության ողջ կործանարար և ավերիչ բնույթը, Նիկոլը համառորեն պատրաստ է էլ ավելի խորը փոսի մեջ գցել Հայաստանը և ողջ հայությանը։
Իրականում չի կարելի թույլ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ ՄԽ-ն, թեկուզ սառեցված և ինակտիվ վիճակում, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է։ Որքան էլ համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան.- Ա.Ա.) այս պահին, մեղմ ասած, հաշտ չեն, պարզ է, որ մի օր վերսկսելու են թե՛ շփումները, թե՛ միջազգային գերակա ուղղություններով համատեղ աշխատանքը։ Պատահական չէ, որ անկախ ուկրաինական պատերազմից, ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Փարիզն այս պահին հանդես չեն եկել ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ։
Եվ վերջում՝ մեկ այլ շատ կարևոր հանգամանքի մասին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն մտնում ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատի մեջ։ Այդ մանդատը հաստատվել է 1994 թ․ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում և վերաբերելի է բացառապես Արցախի հարցին։ Նիկոլը չունի ոչ մի իրավունք՝ համաձայնելու ՄԽ-ի լուծարմանը և շաղկապելու «խաղաղության պայմանագրի» հետ։
Արցախի հարցի տերն արցախահայությունն է. ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը նրա անունից որոշումներ կայացնելու իրավունք չունեն»: