ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 10-ին կհավաքվի իր ամենամյա, 79-րդ նստաշրջանին: Վեհաժողովի ընթացքում առաջին անգամ կկայանա «Ապագայի գագաթնաժողովը», որտեղ կքննարկվեն խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերը, ինչպես նաև կանցկացվի բարձր մակարդակի ավանդական շաբաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների առանցքային իրադարձությունն ավանդաբար բարձր մակարդակի շաբաթն է, որի ընթացքում պետությունների ղեկավարներն ու նախարարներն ամեն տարի հանդիպում են և բարձրաձայնում կարևոր թեմաները: Ամենամյա քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից 28-ը, ինչպես նաև սեպտեմբերի 30-ին։
Այս տարի ամենամյա նստաշրջանի շրջանակներում նաև կանցկացվի «Ապագայի գագաթնաժողովը», որի արդյունքներով պետք է հաստատվեն «Հանուն ապագայի համաձայնագիրը», Գլոբալ թվային պայմանագիրը և «Ապագա սերունդների համար հռչակագիրը»։ Միջոցառումը նախատեսված է նոր միջազգային կոնսենսուս ձևավորելու համար՝ ուղղված այն հարցին, թե ինչպես հասնել ավելի լավ ներկայի և ապահովել ապագան: Այն կանցկացվի սեպտեմբերի 22-ին և 23-ին։
Սեպտեմբերի 10-ին ավարտվող Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա ամփոփիչ նիստ, որից հետո կսկսվի նոր՝ 79-րդ նստաշրջանը։ 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ այն «իսկապես հագեցած էր»։ Նոր նստաշրջանը կղեկավարի Կամերունի նախկին վարչապետ Ֆիլեմոն Յանգը։