Հանրային հեռուստատեսությունը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ պատրաստել է միակողմանի ռեպորտաժ՝ «բաց թողնելով» հնչող քննադատությունները նախագծի վերաբերյալ

article-image

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը որոշել է վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սուբյեկտային սահմանափակումը (մեղադրյալ և կասկածյալ) և սահմանել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և վերը հիշատակված տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:

Չանդրադառնալով նախագծի բուն բովանդակությանը` պետք է նշենք, որ Հանրային հեռուստատեսությունը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ  պատրաստել և հրապարակել է միակողմանի ռեպորտաժ՝ ներկայացնելով նախագծին կողմ, այսինքն՝ իշխանամետ դիրքորոշումները՝ կրկին ստանձնելով իշխանական քարոզչամեքենայի դերը և խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի դրույթները։

Մասնավորապես, Հ1-ի կողմից ներկայացված ռեպորտաժում խոսք է հատկացվել ՀՀ ԿԲ-ի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ղազարյանին, ով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված  փոփոխությունները համարում է ընդունելի Կենտրոնական բանկի համար և նշում.  «Սա բանկային գաղտնիքի թուլացում չէ, սա ընդամենը հստակեցում է որոշ հանցատեսակների դեպքում լրացուցիչ  հսկողական մեխանիզմներով հիմնավորված դատական որոշմամբ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ»:

Ըստ Հ1-ի՝ նախագիծը «որոշ շրջանակների» մոտ անհանգստություն է առաջացրել, այն մտավախությամբ, որ այն կարող է  Հայաստանից կապիտալի հոսքի հանգեցնել, երբ բանկերի օգտատերերը իրենց ապահովագրելու համար դուրս կբերեն  դրամական միջոցները, ինչին ի հակադրություն ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարը նշում է. «Դա, ըստ էության, ֆինանսական կայունությանը վերաբերվող հարց է, և ես ուզում եմ հավաստիացնել, որ ԿԲ-ն շատ հաստատակամ է ֆինանսական կայունության հարցում և դրա համար ունի ոչ միայն անհրաժեշտ գործիքակազմ, կամք, այլև  Սահմանադրական պարտականություն ունի ֆինանսական կայունության համար»:

Օրենքի նախագծի «լավը լինելու» հանգամանքը հատուկ առանձնացվել և հրապարակվել է ռեպորտաժին կից գրավոր հատվածում. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունները ընդունելի են նաև ԿԲ-ի համար: Կառույցում համարում են, որ բանկային գաղտնիքի սկզբունքն այս պարագայում չի խախտվում, փոխարենը ընդլայնվում է իրավապահ մարմինների գործիքակազմը՝ ֆինանսական հանցագործությունները բացահայտելիս:

Մինչդեռ մի շարք տնտեսագետներ, փաստաբաններ ահազանգել են կառավարության կողմից հերթական խնդրահարույց նախագծի մշակման մասին։ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված  փոփոխությունների վերաբերյալ Կառավարության և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի տեսակետը չկիսելով՝ ոլորտի բազմաթիվ մասնագետներ անդրադարձել են թեմային՝ հայտնելով իրենց մտահոգությունը:

Օրինակ՝ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության նախկին ղեկավար Վարուժան Ավետիքյանի գնահատմամբ՝ տվյալ նախագիծը մի շարք պատճառներով  խնդրահարույց է:

«Առաջին. քննիչին այն տալիս է մարդկանց ու կազմակերպությունների հաշիվները լայնորեն «քչփորելու» իրավունք` առանց որևե էական երաշխիքի ու պաշտպանության: Ավելին, այդ «փորփրումներն» անելիս, քննիչը փաստացի հնարավորություն է ստանում նաև հասանելիություն ունենալ հնարավոր հանցագործության հետ կապ չունեցող տեղեկատվության:

Երկրորդ, մեղադրյալ կամ կասկածյալ չհանդիսացող անձանց բանկային տեղեկատվությանը հասանելիություն դատարանից խնդրելու համար հիմքերն այնքան հեղհեղուկ, վերացական ու սուբյեկտիվ են, որ դրանց տակ ամեն ինչ էլ կարելի է «սահեցնել»: Օգտագործված բառերն են «ծանրակշիռ», «վերաբերելի», «արժանահավատ», «բավարար» «էական», «ողջամտորեն»:

Երրորդ, քաղաքացին կամ կազմակերպությունը փաստացի զրկվում է պաշտպանության իրավունքից, քանզի դատարանի որոշումը նրան հայտնի կդառնա միայն նախաքննության վերջում: Այսինք, եթե քննիչը խուզարկում է մարդու բնակարանը, ապա մարդն իրավունք ունի իմանալ այդ խուզարկության մասին ու ստանալ պրոֆեսիոնալ պաշտպանություն: Իսկ եթե քննիչը «խուզարկում» է անձի բանկային հաշիվը, ապա մարդը փաստացի զրկվում է պաշտպանվելուց:

Չորրորդ, նախագիծն ուժի մեջ է մտնելու հրապարակումից 10 օր հետո: Սա առնվազն անթույլատրելի է: Ավանդատուն, հատկապես օտարերկրյա ավանդատուները, ովքեր մեր բանկերում ավանդ են դրել, իմացել են, որ ավելի քան 20 տարի մեր երկրում բանկային գաղտնիքի ռեժիմն ինչպիսին է: Հիմա շատ արագ այն փոխվում է, առանց ավանդատուներին ժամանակ տալու գնահատել ռեժիմի փոփոխությունը: ԲԳ-ի ռեժիմի որևե փոփոխություն պետք է կատարվի առնվազն վեց ամիս անց` մարդկանց ժամանակ տալով կողմնորոշվել: Նույնիսկ այն երկրներին, որոնց գերտերությունները օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ստիպել են ռեժիմն ավելի ազատական դարձնել, բանակցել են անցումային երկար ժամանակաշրջան ունենալու համար: Հիմա մենք մեր ձեռքով այն շատ արագ փոխում ենք», - գրել է Ավետիքյանը։

Ստորև ներկայացնում ենք ոլորտի մասնագետների այլ անդրադարձներ ևս:

ՀՀ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, փաստաբան, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը գրել է ավանդները հանելուց մինչեւ չեղած ներդրումների տեսական հեռանկարի կորստի մասին և ֆիքսել ԿԲ նախագահի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։ «Ամենատարակուսելին այս ամբողջ պատմության մեջ կենտրոնական բանկի նախագահի թույլ և կրավորական կեցվածքն է, որը դեռ պատասխանած չլինելով այն հարցին, թե ինչպես են վարչապետի ձեռքում հայտնվում տարբեր բանկային տվյալները, այս քննարկման ընթացքում ունեցավ ընդամենը էպիզոդիկ դերակատարում՝ ամբողջությամբ պաշտպանելով Կառավարության դիրքորոշումը։ Տպավորություն էր, որ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահը չէ, ու նրա գլխավորած մարմինը չէ, որ պատասխանատու է երկրի ֆինանսական կայունության համար։

Երաշխիքների մասով մի բան եմ ուզում նշել (…) հատկապես Կենտրոնական բանկում աշխատող պարկեշտ ու գործին նվիրյալ ընկերներիս` բացի այն, որ միակողմանի եք ներկայացրել ու ապահովել միայն ֆորմալ, առերևույթ հավասարակշռվածություն, դուք իրոք համարու՞մ եք, որ սա նպատակին է ծառայելու ու չի չարաշահվելու», - գրել է Հովհաննիսյանը։

Թեմային է անդրադարձել փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ տվյալ նախագիծը լուրջ հետևանքներ է ունենալու քաղաքացիների և բանկերի համար: «Ոչ միայն մարդկանց իրավունքներն են խախտվելու, երբ անհիմն կերպով պետությանը հասու դառնա իրենց բանկային գաղտնիքը, այլև սա ստիպելու է մարդկանց բանկերից հնարավորինս հեռու գործել», - նշում է փաստաբանը։ Նրա գնահատմամբ՝ տվյալ նախագիծը Հայաստանում բանկային գաղտնիքը փաստացի վերացնելու մասին է։

ՀՅԴ Գերագույն Մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ «բանկային գաղտնիքի օրենքի» թուլացումը դուռ է բացելու դրամական միջոցների արտահոսքի համար: 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ կա տպավորություն, որ այս օրենքն ընդունելուց հետո ամեն մարդ անարգել կարող է հնարավորություն ունենալ գաղտնազերծել տվյալները, այսինքն՝ բանկային գաղտնիք կարող է չլինել:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, ինչպես նաև  ԿԲ մեկ այլ նախկին աշխատակցի, ներկայումս փաստաբան Վարազդատ Հարությունյանի գնահատմամբ ևս՝ նախագիծը խնդրահարույց է:

Իսկ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ նման օրենքներ անգամ Ստալինի ժամանակ չեն եղել:

Բագրատյանը նշում է. «Սրանից հետո ներդրումների մասին մոռացեք: Եվ եթե այս տարի ես սպասում էի, որ 250 մլն կփախչի երկրից, որովհետև նախորդ տարի 250 մլն էր փախել երկրից, այս տարի ևս մի քանի հարյուր միլիոն կփախչի։ (…) Ոչ միայն բանկերից. իրենց ակտիվներն ընդհանրապես ամենուրեք դուրս կբերեն մարդիկ»:

Ուստի, վերը թվարկված դիրքորոշումները մատնացույց են անում այն հանգամանքը, որ նախագծի վերաբերյալ առկա են նաև քննադատական և նախագծի թերությունները մատնանշող մասնագիտական կարծիքներ, և որոնց չանդրադառնալը Հանրային հեռուստատեսության կողմից նշանակում է խնդրո առարկայի միակողմանի լուսաբանում և կողմնակալություն:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները) 1-ին մասը սահմանում է.

«Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը»:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.

«Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը պարտավոր են մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա. Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. Հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը…»։

Այսպիսով՝ Հանրային հեռուստատեսությունը շարունակում է իր «լավագույն ավանդույթները»՝ հանրությանը մատուցելով կողմնակալ, ոչ օբյեկտիվ և միակողմանի տեղեկատվություն, ներկայացնելով միայն իշխանահաճո դիրքորոշումները և անտեսելով դրանցից տարբերվող տեսակետները՝ կատարելով իշխանության քարոզչամեքենայի ֆունկցիա, ինչը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի խախտում է։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն