«Իրենք ստում են». «Սանիթեքի» տրամադրած փաստերը վկայում են, որ Երևանի քաղաքապետարանը AntiFake.am-ի հարցմանը սուտ պատասխան է տրամադրել

article-image

Սեպտեմբերի 10-ին վաղ առավոտից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով օգոստոս ամսվա  իրենց աշխատավարձը։

Աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները։

Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով. «Սանիթեք ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը Սանիթեքին փող չի փոխանցել»:

Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը Սանիթեքին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները»:

Գրառմանը կից՝ խոսնակը ներկայացրել էր նաև տեղեկանք՝ քաղաքապետարանի կողմից «Սանիթեքին» հուլիսի 15-31-ը և օգոստոսի 1-15-ը արված փոխանցումների մասին։

AntiFake.am-ը զրուցել էր «Սանիթեք» ընկերության մամլո խոսնակ Քնարիկ Առաքելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը փոխանցում է կատարել օգոստոսի 1-15-ը ընկած ժամանակահատվածի համար, իսկ օգոստոսի երկրորդ կեսի համար քաղաքապետարանը որևէ գումար չի փոխանցել։ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օգոստոսի կեսին փոխանցված գումարը ընկերությունը հատկացրել է վառելիք և այլ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։

Առաքելյանը նաև տեղեկացրել էր, որ «Սանիթեքի» կողմից օգոստոսի երկրորդ կեսի աշխատանքների համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել։ Հենց օգոստոսի երկրորդ կեսին փոխանցվող գումարը «Սանիթեքը» պետք է հատկացներ աշխատավարձային ֆոնդին և վճարեր աշխատակիցների աշխատավարձերը։  Սակայն քաղաքապետարանը օգոստոսի երկրորդ կեսի աշխատանքների համար գումար չի փոխանցել։

AntiFake.am-ը զրուցել էր նաև Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով մեր այն հարցմանը, թե ինչու տեղեկանքում հրապարակված չէ օգոստոսի 16-31-ը «Սանիթեք» ընկերությանն արված փոխանցումների մասին տեղեկություն, պատասխանել էր, որ հրապարակել է այն, ինչ ձեռքի տակ է ընկել։

Մեր այն հարցին, թե կարող է Կարապետյանը բանավոր տեղեկացնել, թե որքան գումար է փոխանցվել «Սանիթեքին» օգոստոսի երկրորդ կեսի համար, Կարապետյանը նշել էր, որ հարցին կարող են պատասխանել գրավոր հարցման առկայության դեպքում։

Եվ այսպես, AntiFake.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որքան գումար է հատկացրել Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը օգոստոսի 1-15-ը և 16-31-ը ժամանակահատվածի համար։ Հարցմամբ խնդրել էինք նշել նաև, թե որքան պահում է կատարել քաղաքապետարանը նույն ժամանակահատվածի համար։

16.09.2019 թ. Երևանի քաղաքապետարանը պատասխանել  է.

«2019 թվականի օգոստոսի 1-ից 15-ի ժամանակահատվածում ներկայացված ակտերի հիման վրա «Սանիթեք» ընկերությանը վճարվել է 141,831,729.0 ՀՀ դրամ, իսկ 69,546,192.00 դրամ գումար հաշվարկվել է որպես պահում:

Օգոստոսի 16-ից 31-ի ժամանակահատվածի համար «Սանիթեք» ընկերությունից կատարողական ակտեր չեն ներկայացվել, ինչից ելնելով էլ Երևան համայնքի բյուջեից վճարում չի կատարվել»:

AntiFake.am-ը այս կապակցությամբ կրկին զրուցեց «Սանիթեքի» մամլո խոսնակ Քնարիկ Առաքելյանի հետ, ով մեր հայտնած այն տեղեկությանը, որ քաղաքապետարանը պատասխանել է, որ օգոստոսի 16-31-ի համար «Սանիթեքից» կատարողական ակտեր չեն ներկայացվել, և այդ պատճառով էլ փոխանցում չի կատարվել, արձագանքեց. «Իրենք չեն ընդունել, իրենք ստում են, աշխատակիցը տարել է սահմանված ժամկետում, իրենք չեն ընդունել այդ ակտերը»։

Առաքելյանը մանրամասնեց. «Հանձնման ընդունման ակտերը կազմվում են օգոստոսի 1-15-ը և օգոստոսի 16-31-ը ժամանակահատվածի համար՝ ամիսը երկու անգամ։ Հանձնման ընդունման ակտերը հաշվարկվում են և տարվում են բոլոր 12 վարչական շրջաններ։ Վարչական շրջանների կոմունալ բաժնի պատասխանատուները ստորագրում են հանձնման-ընդունման ակտերը և վերադարձնում են «Սանիթեք» ընկերությանը։ «Սանիթեք» ընկերությունը տանում է դրանք քաղաքապետարան, որը մուտք է արվում, և որի հիման վրա վճարում է կատարվում։ Երբ որ մեր աշխատակիցը տարել է օգոստոսի 16-31-ի համար, բացի Նորք Մարաշից՝ բոլոր վարչական շրջանները վերցրել են ակտերը։ Նորք Մարաշում ընդհանրապես հրաժարվել են վերցնել։ Բայց հետո, երբ մեր աշխատակիցը զանգահարել է 1-2 օր անց՝ պարզելու համար, թե պատրաստ են ակտերը, որպեսզի գա վերցնի, բոլորը հրաժարվել են և ասել են, որ դրանք չեն ստորագրելու։ Եվ քանի որ իրենք դա չեն ստորագրել և չեն վերադարձնում, ակտերի երկրորդ օրինակը («դուբլիկատը») պատրաստվում է և ուղարկվում է բոլոր վարչական շրջաններին փոստի միջոցով։ Փոստի միջոցով ուղարկելուց հետո որևէ մեկը չի ասել, որ պատրաստ է, եկեք վերցրեք։ Այսինքն՝ իրենք հրաժարվում են ստորագրել այդ հանձնման-ընդունման ակտերը։ Դրա համար քաղաքապետարանն էլ մեզ վճարում չի անում։ Այսինքն՝ բոլոր վարչական շրջանները ստացել են և՛ առձեռն, և՛ փոստի միջոցով»։

«Փաստացի քաղաքապետարանը հրաժարվում է մեզ վճարել օգոստոսի 16-31-ի համար և սեպտեմբերի 1-15-ի համար։ Մենք ընդունում ենք, որ սեպտեմբերի 1-15-ը մենք չենք աշխատել, բայց օգոստոսին մենք աշխատել ենք մինչև օգոստոսի 29-ը։ Ճիշտ չէ չվճարելը, քանի որ ընկերությունը աշխատել է, լավ-վատ, բայց մեքենաները դուրս են եկել, և աշխատակիցներն այդ աշխատանքը արել են։ Մենք չենք ասում, որ կատարել ենք իդեալական աշխատանք, և մեզ չեն վճարում։ Մենք մեր թերացումները ընդունում ենք, ընկալում ենք, հասկանում ենք, բայց ակնկալում ենք, որ պահումներով օգոստոսի 16-31-ին արված աշխատանքի համար պետք է վարձատրեն»,-հավելեց Առաքելյանը։

Ի հավաստումն նրա, որ «Սանիթեքն» ընկերության կողմից բոլոր վարչական շրջաններին ուղարկվել են հանձնման-ընդունման ակտերը` օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար և դրանք ուղարկվել են այն բանից հետո, երբ առձեռն տրամադրված հանձնման-ընդունման ակտերը վերջիններս հրաժարվել են ստորագրել, «Սանիթեքը» մեզ տրամադրեց ասվածը հավաստող փոստային ստացականները։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանը տրամադրել են սուտ պատասխան, և որ իրականում «Սանիթեք» ընկերությունը Երևանի վարչական շրջաններին տրամադրել է ընկերության օգոստոս ամսվա երկրորդ կեսին կատարած աշխատանքների կատարողական ակտերը, սակայն վարչական շրջանները դրանք չեն ստորագրել և չեն ընդունել։

Թե ինչ նպատակ է հետապնդում տեղեկություն ստանալու հարցմանը քաղաքապետարանի կողմից պաշտոնական պատասխանում սուտ տեղեկություն գրելը, և թե ինչպես է դա նպաստելու «Սանիթեք» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի չվճարման թնջուկի լուծմանը, գուցե պատասխանեն քաղաքապետարանից։

Սակայն փաստ է, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը վճարել է միայն օգոստոս ամսվա առաջին կեսին կատարված աշխատանքների համար, իսկ երկրորդ կեսի աշխատանքների կատարողական ակտերը հրաժարվել է ընդունել, որոնց հիման վրա կատարված փոխանցման միջոցով էլ «Սանիթեքի» խոսնակ Առաքելյանի պնդմամբ՝ «Սանիթեք» ընկերությունը պետք է վճարեր աշխատակիցների աշխատավարձերը։

Նշենք, որ այսօր «Սանիթեք» ընկերության աշխատակիցները կրկին բողոքի ցույց են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն