Ինչու է Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը հեռացվել ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից

article-image

Սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։

Դրան անմիջապես հաջորդեց Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, որը տեղադրվեց ԱԱԾ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:

Հայտարարության հրապարակումից երկու օր անց՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից և ԱԱԾ ֆեյսբուքյան էջից։

Փաստացի, պաշտոնական կայքից հեռացվել է մի պետական պաշտոնյայի հայտարարություն, որը շուրջ 1,5 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։ Սա անհարգալից վերաբերմունք է պետականության նկատմամբ, որը կարող է վատ նախադեպ դառնալ և կիրառվել հետագա բոլոր հեռացող պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար, ում պաշտոնավարման դադարից հետո կարող են հեռացվել վերջինիս բոլոր ելույթներն ու հայտարարությունները primeminister.am պաշտոնական կայքից։

Սա հիմք է հանդիսանում, որ AntiFake.am-ը կրկին հրապարակի Վանեցյանի հայտարարության ամբողջական տեքստը և հասարակության ուշադրությունը հրավիրի որպես պետականության նկատմամբ վերաբերմունք դրսևորվող երեկ տեղի ունեցած բացասական երևույթի վրա։

Հետաքրքրական է, որ Վանեցյանի հայտարարության հրապարակումից հետո իշխանական շրջանակները, մասնավորապես վարչապետի աշխատակազմը (աշխատակազմի ղեկավար, մամլո խոսնակ) չէին թաքցնում իրենց զայրույթը հայտարարության որոշ դրվագների կապակցությամբ, ինչն էլ, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի համար հիմք է ծառայել հրահանգելու հեռացնել հայտարարությունը։

AntiFake.am-ը հարցում է ուղարկել ԱԱԾ-ին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմին՝ պարզելու համար, թե ինչ պատճառով է հեռացվել ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից։ Հարցումների պատասխաններն ստանալուն պես կհրապարակենք դրանք։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը