Նախկին «հեղինակություններին» փոխարինելու են եկել քրեական անցյալ ունեցողները։ Ի՞նչ է կատարվում Ավան վարչական շրջանի աշխատակազմում

article-image

2018թ. հայաստանյան իրադարձությունները փոփոխությունների հանգեցրեցին կառավարման տարբեր, այդ թվում` միջին օղակում։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում էլ փոխվեցին վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց աշխատակազմերը:

Փոփոխությունները, սակայն, շատ դեպքերում բարեփոխումների փոխարեն դարձան «տեղափոխություններ». «հներին» փոխարինելու եկան  «նորերը», սակայն` «հներին» բնորոշ վարք ու բարքով։

Մեզ ուշագրավ տեղեկություններ են փոխանցել Ավան վարչական շրջանում տեղի ունեցած «տեղափոխությունների» մասին. նոր ղեկավար, նոր տեղակալներ, սակայն հին կարգեր։

Ավան վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը իր պաշտոնում նշանակվել է 2018թ. դեկտեմբերին: Դանիելյանի կենսագրության մեջ հատկանշական է, որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանությունում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս ազատվում է հին կադրերից և նրանց փոխարեն իր ծանոթներին է նշանակում, բացի այդ, թաղապետարանում վերահսկողություն սահմանելու նպատակով վերջինս իր ընդունարանում տեսահսկող սարքեր է տեղադրել, որոնք նաև ձայնագրում են, որոնց միջոցով Դանիելյանը հնարավորութուն է ստանում «լսել» աշխատակիցների խոսակցությունները, որոնց բովանդակությունից կախված` կարող են տարբեր «խոսակցություններ ծագել»:

Բայց սա դեռ ամենը չէ: Մեր զրուցակիցը նշում է, որ նախկին օպերլիազորը իրեն տեղակալներ է նշանակել քրեական անցյալ ունեցող անձանց: Խոսքը Ներսես Միքայելի Պողոսյանի և Դավիթ Սասունի Պողոսյանի մասին է:

Ներսես Պողոսյանը, ով վարչական շրջանի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2019թ. փետրվարին, ազատության մեջ է հայտնվել 2018թ. «հեղափոխությունից» հետո. այսպես նշված է վերջինիս կենսագրականում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս բարձրագույն կրթություն չունի, «ա-ն բ-ից չի տարբերում» և հաճախ աչքի է ընկնում ոչ ադեկվատ պահվածքով: Ներսես Պողոսյանը նաև ճնշումներ է գործադրում համայնքի մանկապարտեզների տնօրենների վրա և հորդորում  աշխատանքից ազատվել,  այցելում է մանկապարտեզներ ստուգումներ իրականացնելու և չարաշահումներ գտնելու համար։

Նշենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 31-ին՝ «Ժիրայր Սեֆիլյանի գործով»։ Պողոսյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և ազատ էր արձակվել 2018 թ-ի հունիսի 13-ին։ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությամբ 2017թ. երաշխավորությամբ են հանդես եկել ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Մեզ դիմած քաղաքացին նաև տեղեկացրեց, որ Ներսես Պողոսյանը, ով նախկինում կապված է եղել Սեֆիլյանի հետ, հիմա նրա հետ կապ չի պահում և ակտիվորեն զբաղված է նոր իշխանություններին օգնելու գործով, ավելին,  որտեղ ցույց է լինում, գնում է, որպեսզի օգնի ցույցը ցրել: Նրա ակտիվությունը տեսանելի էր նաև Օպերայի հարակից սրճարանների ապամոտնաժման ժամանակ։

Ասվածի ապացույցը Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի հրապարակած տեսանյութն է, որտեղ Պողոսյանը  տրակտորիստին պաշտպանում է ժողովրդից:

Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջինս լայնորեն աջակցում է ներկայիս իշխանություններին:

Ավան վարչական շրջանի թաղապետի մյուս տեղակալը՝ Դավիթ Պողոսյանը, նախկինում ևս դատապարտված է եղել: Պողոսյանի կենսագրության մեջ, սակայն, նշված չէ նրա դատապարտված լինելու հանգամանքը:

Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով, գողություն է կատարել` ապօրինի մուտք գործելով  Հ. Ղազարյանին պատկանող տուն և հափշտակել արծաթյա սպասք, թեյնիկներ, հնաոճ սրբապատկեր, գեղանկար՝ Հ.Ղազարյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։

Ինչպես տեղեկանում ենք datalex.am համակարգից, Դավիթ Սասունի Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման չորս տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պողոսյանի ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Պողոսյանը, մարդկանց «գլխին սարքելով», աշխատանքից հեռացնում է նրանց. «Ով չի համաձայնվում համագործակցել իր հետ, գործ տալ ներքին խոհանոցի մասին, աշխատանքից, զրպարտելով ազատում է։ Իսկ սանիկին էլ Ավանում նշանակել է տվել որպես աշխատակազմի քարտուղար»։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ավան վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը Կարեն Բաթոյանն է, որը նշանակվել է 2019թ. մայիսի 14-ին։

Ստեղծված իրավիճակից պարզ է դառնում, որ Ավան վարչական շրջանում թաղապետարանի հին «հեղինակություններին» փոխարինելու են եկել նոր «հեղինակություններ», որոնք, վարչական շրջանի ղեկավարի հովանու ներքո զբաղեցնելով կարևոր պաշտոններ, մասնակցում են հանրային կարևոր նշանակության որոշումների կայացմանը։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն